«Ասացին` յոլա գնա, մինչեւ տեսնենք». նախկին ոստիկան Ալումյանին ոստիկանությունում խոստացել են օգնել

Անժամկետ հացադուլ հայտարարելու 3-րդ օրը նախկին ոստիկան Մխիթար Ալումյանին ոստիկանությունում հավատացրել են, որ կգտնեն բոլոր քննչական նյութերն, որպեսզի նա ինչպես կարգն է դիմի դատարան եւ ստանա արտաժամյա հավելավճարների մյուս մասը:
Հիշեցնենք, որ երկու ամիս առաջ նախագահականի առջեւ ինքնահրկիզման փորձ կատարած Ալումյանը պահանջում է իր 2,5 մլն դրամը 13 տարի ոստիկանական համակարգի՝ պետական պահպանության վարչությունում կատարած արտաժամյա աշխատանքի դիմաց:
Չնայած երկու ամիս առաջ նախագահականում Ալումյանին խոստացել էին  հարցերին լուծում տալ, սակայն կրկին կոտրած տաշտակի մոտ հայտնվելով, 3 օր առաջ բազմազավակ հայրը հացադուլ էր սկսել: Այսօր, ոստիկանության աշխատակիցների հետ խորհրդակցությունից եւ իր հետագա քայլերը հստակեցնելուց հետո, Մխիթար Ալումյանը, ում պատրաստվում էին միանալ կինն ու ընտանիքի մյուս անդամները, դադարեցրել է հացադուլը:

«Անցած տարի հոկտեմբերին աշխատանքից դուրս գալուց հետո վարչության պետը նոյեմբերին փոխվեց, եւ այժմ ոստիկանությունւմ ասում են, որ նախկին պետ Խաչիկ Ասատրյանը ոչընչացրել է, բոլոր մատյանները, այդ իսկ պատճառով իմ անունով ու ստորագրությամբ ոչինչ հաշվառված չկա,-«Մեդիալաբին» ասում է Ալումյանը,-«Բայց ոստիկանությունը ինձ հավաստիացրեց, որ արդեն երեք օր է քննություն են սկսել եւ կհավաքեն բոլոր անհրաժեշտ նյութերը հօգուտ ինձ, որպեսզի դիմեմ դատարան»:

5 անչափահաս երեխաների հայր Ալումյանը նշում է, որ որ հացադուլի ընթացքում նրան ՀՀ ոստիկանապետի անունից 150.000 դրամի օգնություն է առաջարկվել, որից ինքը սկզբում հրաժարվել է, բայց այժմ որոշել է ընդունել գումարն ու առաջնորդվել Ոստիկանության խորհուրդներով:

«Ոստիկանապետը 150.000 օգնություն էր առաջարկել, որից ես հրաժարվել էի,  ասացին՝ յոլա կգնաս, մինչև տեսնենք դատն ինչ ա լինում»,-տեղեկացրել է Ալումյանը:

Հիշեցնենք, որ ոստիկանական համակարգի՝ պետական պահպանության վարչությունում 13 տարի աշխատած Ալումյանը Կոտայքի մարզի Քաղսի գյուղի բնակիչ է: Նա պահանջում է վերջին տարիներին իր արտաժամյա աշխատանքի հավելավճարը, որը կազմում է 4,5 մլն. դրամ: Թեեւ մեծ դժվարությամբ, 6 ամիս առաջ նա ստացել է իր հասանելիքի մի մասը՝ 1,93 մլն. դրամ, այնուամենայնիվ պայքարում է իր իրավունքների եւ օրինական հասանելիքի համար:

Նա ունի 5 անչափահաս երեխա, որոնցից 10-ամյա Կարինեն տեղաշարժվում է հենակներով: Ոտքի ոսկրային տուբերկուլյոզից բուժվելու ժամանակ, մեծ քանակությամբ դեղեր ընդունելու հետեւանքով վատացել է նաեւ աղջկա տեսողությունը, կուրացել է ձախ աչքը, աջ աչքի տեսողությունը վատ է:

Արտաժամյա աշխատանքի դիմաց իր հավելավճարների պահանջով շուրջ մեկ տարի ձգձգվող այս գործընթացները ստիպել են Ալումյանին վերջին ամիսներին դիմել ծայրահեղ քայլերի: Իր երեխաների՝ հատկապես Կարինեի բուժման համար այդ գումարը ստանալու նպատակով վերջին ամսիներին նա մի քանի անգամ հացադուլ է հայտարարել նախագահականի եւ ոստիկանության առջեւ:

Դատարան դիմելու մտքերով, Ալումյանը մտածում է, որ միգուցե իր հարցը օրերից մի օր լուծում ստանա:

© Medialab.am