«Տագնապ եմ բարձրացնում, որ բանակից հեռացված, ազատած լավագույն 50-100 հրամանատարներին շատ շտապ պետք է հետ կանչել բանակ». Նորայր Նորիկյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ, իրավաբան Նորայր Նորիկյանը

Պարո՛ն Նորիկյան, ինչպե՞ս եք գնահատում փաստը, որ պատերազմի օրերին, հրադադարի ժամանակ իշխանականները հայտարարում են, որ մեր բանակը, բացի զենքից, այլ խնդիր չունի: Այսօր էլ իշխանական պատգամավորներից մեկն ասել է, որ «44-օրյա պատերազմից մինչ օրս Ռուսաստանը մեզ ոչ մի սպառազինություն չի վաճառել»։

– Շատ լավ կլինի, որ այդ զգայուն ու պետական, ռազմական գաղտնիք պարունակող ինֆորմացիայի վերաբերյալ հայտարարություններն արվեն իրավասու անձանց կողմից, բայց ինձ համար առավել մտահոգիչ է այն, թե ինչո՛ւ հայկական բանակը զենքի խնդիր ունի, պատճառը ո՞րն է, բա ձեր խնդիրը ո՞րն է, ինչո՞վ էիք զբաղված։ Պետության, իշխանության թիվ մեկ խնդիրը արդյոք իր զինված ուժերի մարտունակությունն ապահովելը չէ՞, ի՞նչ է նշանակում՝ զենքի խնդիր ունենք։ Սա շատ լուրջ ահազանգ է։

– 44-օրյա պատերազմից հետո ԶԼՄ ներկայացուցիչների բազմաթիվ հարցումներին ի պատասխան իշխանությունն ասում էր, որ բանակի վերազինման, վերականգնման հետ կապված հարցերին չեն պատասխանում, քանի որ ռազմական գաղտնիք է, բայց վստահեցնում էին, թե բանակը վերականգնում են։ Ստո՞ւմ էին, եթե հիմա հայտարարում են, թե զենքի խնդիր կա բանակում։

– Բանակն այնպիսի կառույց է, որի շրջանակում տեղի ունեցող գործընթացները, ըստ էության, շոշափում են գրեթե յուրաքանչյուր հայ ընտանիքի, հետևաբար, եթե մեր բանակում վերջին երկու տարում տեղի ունենային գլոբալ բարեփոխումներ, որոնք որակապես կփոխեին մեր բանակի տեսքը, շունչը, մթնոլորտը, սպառազինությունը, ես ձեզ հավաստիացնում եմ, որ չինովնիկների հայտարարություններին պետք չէր սպասել, մեզանից յուրաքանչյուրը կտեսներ, կգնահատեր այդ փոփոխությունները։

Ամենապատասխանատու կերպով հայտարարում եմ, որ բանակում որևէ ռազմավարական բնույթի, բեկումնային փոփոխություն տեղի չի ունեցել, ինչ-որ ընթացիկ քայլեր արվել են, բայց դրանք բավարար չեն։

– Ինչո՞ւ չի արվել, միտում կա՞, թե՞ հնարավորություններ չեն եղել։

– Միշտ ասել եմ, որ գործող իշխանությունը չունի ռազմավարական մտածողություն, չգիտի՝ իր անելիքները որոնք են, չգիտի՝ ինչպիսի պետություն է ուզում կառուցել ու ինչ մոդելի բանակ է ուզում։ Շատ է թմբկահարվում՝ բանակն ինչքան փող ուզել է, տվել ենք, խնդիրը փող տալը չէ, խնդիրը դրանից հետո արդյունքն արձանագրելն է։ Մեզ արդյունքն է հետաքրքիր, ինչը չկա կամ չի երևում։

Հատկապես 20 թվականի պատերազմից հետո որևէ չինովնիկ չպետք է քներ, նրա օրնիբուն աշխատանքի խնդիրը պետք է լիներ բանակի վերափոխումը։

– Պարո՛ն Նորիկյան, այդ պարագայում, երբ իշխանության կողմից հայտարարվում է ադրբեջանական նոր՝ ավելի լայնածավալ պատերազմի գնալու մտադրության մասին, Հայաստանն ինչպե՞ս է դիմակայելու այդ պատերազմին։

– Չգիտեմ, թե այդպիսի տեղեկությունների հավաստիությունը ինչ մակարդակի է, բայց ես մի բան գիտեմ՝ Հայրենիքը պետք է պաշտպանել արտաքին ռազմական ագրեսիայից, ուրիշ տարբերակ չկա: Աշխարհի որևէ պետություն դեռևս, եթե իհարկե չի ուզում կապիտուլյացիայի ենթարկվել ու իր երկիրը հանձնել թշնամուն, պետք է պաշտպանվի։

Տագնապ եմ բարձրացնում, որ բանակից հեռացված, ազատած լավագույն 50-100 հրամանատարներին շատ շտապ պետք է հետ կանչել բանակ, շատ կարճ ժամանակահատվածում այդ հրամանատարները պետք է բեկում մտցնեն մթնոլորտի, տրամադրվածության, զորքի բարոյահոգեբանական վիճակի առումով։

Մեզ պետք է շատ կայուն ու պինդ բանակ։ Հասարակության մեջ պետք է իշխի 100%-անոց համերաշխություն։ Պետք է դիմել հայ ժողովրդի բոլոր մեծահարուստներին, մեզ 10 միլիարդ ԱՄՆ դոլար է պետք մեր բանակի վերազինման համար, վստահ եմ, որ հայ ժողովրդի ընդհանուր ներուժը տիրապետում է այդքան կապիտալի, սենտիմենտալ հայտարարություններով Հայրենիք չեն փրկի։ Հայաստանը որևէ նահանջի իրավունք չունի, որովհետև ցանկացած նահանջ, ցանկացած տարածքի հանձնում Ադրբեջանին լինելու է մեր պետականության կորուստը։

– Իսկ նորմա՞լ է, որ չեն հրապարակվում երկօրյա պատերազմի հետևանքով զոհվածների անուն, ազգանունները, միայն թվերն են հրապարակում։

– Անկեղծ ասած, քիչ առաջ եմ ծանոթացել Անվտանգության խորհրդի տարածած հայտարարությանը, ուղղակի շոկ եմ ապրում, որ այսքան զոհված, անհետ կորածներ ու գերեվարվածներ ունենք։ Սա լրջագույն աղետ է, լրջագույն ահազանգ յուրաքանչյուրիս։ Մենք չգիտենք՝ ինչքան տարածքային կորուստ ենք ունեցել։

Հայաստանը պետք է շատ հստակ խնդիր դնի, որ Ադրբեջանը պետք է դուրս գա Հայաստանի տարածքից։ Գործող իշխանություններից պահանջում եմ քննության առնել Ադրբեջանի կողմից պատերազմի սանձազերծումը, այն դարձնել միջազգային հետաքննության առարկա, խնդիր դնել Ադրբեջանի ղեկավարությանը միջազգային նորմերով պատերազմի հանցագործ ճանաչելը։ Ադրբեջանին պետք է սանձել բոլոր միջոցներով, հակառակ դեպքում կործանարար են լինելու հետևանքները, եթե չդիմադրենք՝ նրանք գրավելու են ողջ Հայաստանը։

– Զոհերի անունները, տարածքային կորուստների մասին տեղեկությունները չեն հրապարակում, որովհետև վախենում են հանրության արձագանքի՞ց, հնարավոր դժգոհության ալիքի՞ց։

– Նաև, չեմ բացառում։ Ակնկալում եմ, որ իրենք պարզաբանում կներկայացնեն, թե ինչն է պատճառը, որ չեն հրապարակվում անունները, իսկապես, ինչո՞ւ չեն հրապարակվում զոհերի ու անհետ կորածների անունները, գերիների մասով որոշ չափով հասկանալի է։ Անունները չհրապարակելը պարզաբանման ենթակա հարց է։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am