Պատերազմում զոհվածների հարազատ կանայք գուցե թեթևություն են զգում այդ միջոցառումներին մասնակցելիս, մենք չէ, որ պետք է դատենք նրանց. Հոգեբան

Հոգեբան Խաչատուր Գասպարյանն ասում է՝ կորոնավիրուսային համավարակի հետևանքով ամբողջ աշխարհում նկատվում է տագնապային և դեպրեսիվ խանգարումների շեշտակի աճ: Սակայն Հայաստանի պարագայում համավարակին ավելացել է պատերազմի գործոնը: «Պատերազմը չի կարող շրջանցել որևէ մեկին, ցանկացածին, նույնիսկ նորածին երեխայի կամ հղիության ընթացքում պտղի վրա  պատերազմն ունի իր բացասական ազդեցությունը, ասենք մոր հոգեկան աշխարհի միջոցով», -«Մեդիալաբին» ասում է հոգեբանը:

Հայաստանում 2021-ին համավարակից ու պատերազմից հետո կատարված հետազոտության համաձայն, երկրի բնակչության 60 տոկոսի մոտ նկատվում է միջին և ծանր սթրես, 30 տոկոսի դեպքում սթրեսից առաջացել են տարբեր խնդիրներ՝ հոգեկանից մինչև մարմնական:

Պատերազմից գրեթե մեկ և կես տարի անց էլ, ըստ Գասպարյանի, մարդկանց շրջանում դրա հետ կապված վախերն ու տագնապները չեն վերացել: Այս անգամ դրանք առավելապես պայմանավորված են անվտանգային խնդիրներով, անորոշ ապագայով:

«Պատերազմի հետևանքով առաջացած խնդիրը՝ անվտանգությունը և ապահովությունը, դեռ լուծված չէ, և դա լարող է իր ազդեցությունը ունենալ մարդկանց հոգեկան աշխարհի վրա», -նշում է հոգեբանը:

Նրա խոսքով, երբ մարդկանց անվտանգությունը խնդիր է ու այն ապահովելու՝ մարդկանց պահանջմունքը չի բավարարվում, խաթարված է, ապա արդյունքում մարդը սկսում է ապրել անորոշության մեջ, կորցնում է հանգստությունը: «Այդ հանգամանքը առաջացնում է հոգեբանական յուրահատուկ իրավիճակներ, բարդացնում է առանց այն էլ տարբեր պատճառներով ծանրաբեռնված մարդկանց հոգեկան վիճակը», -նշում է նա:

Պատերազմի սարսափն անմիջապես զգացած անձանց վերաբերյալ խոսելիս, Գասպարյանն ասում է, որ կա երկու ճանապարհ՝ կամ անձը կարող է ունենալ հետտրավմատիկ աճ, ինչը նշանակում է, որ տրավման օգնել է անձին, որպեսզի նա կարողանա վեր կանգնել, վերարժեվորել անցյալը, որդեգրել նոր արժեքներ ու նայել դեպի ապագան, կամ՝ անձը կարող է ունենալ սթրեսային խանգարում:

«Ընդհանրապես, կառավարության, հոգեկան առողջության պահպանման մարմինների առաքելությունն այն է, որ դրանք կարողանան ստեղծել հետտրավմային աճի նախադրյալներ, որ մարդիկ ընտրեն աճի ճանապարհը, ոչ թե տրամվայի»,-նշում է նա:

Կանանց տոներին վարչապետի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի կողմից կազմակերպված միջոցառումներին արցախյան պատերազմներւմ զոհվածերի, անհետ կորածների հարազատների մասնակցությունը բուռն քննարկման առիթ էր դարձել, և հանրության մի ստվար հատված քննադատում էր այդ կանանց դրանց մասնակցելու համար: Հոգեբանն ասում է՝ այդ միջոցառումներին մասնակցությունը այդ կանանց ընտրությունն է, ինչո՞ւ պետք է քննադատել նրանց:

«Դա նրանց որոշումն է, իրենց հարմար է նման որոշումը, եթե ինչ-որ մեկին դա դուր չի գալիս, ինչո՞ւ պետք է դա առնչվի այդ մարդուն: Ես կարծում եմ, որ եթե մարդիկ հավաքվում են, որովհետև դրա կարիքն զգում են: Մենք չպետք է դատենք՝ ուր է գնում, ինչու է գնում: Իրեն հարցրեք, գուցե այդտեղ գնալուց թեթևություն է զգում, գուցե զգացել է, որ մենակ չէ»,- ասում է Խաչատուր Գասպարյանը:

Հոգեբանը զուգահեռ է անցկացնում պատերազմում զոհվածների կանանց ու մայրերի համա ստեղծված հոգեբանական օգնության խմբերի հետ, որոնցում ընդգրկված կանայք շաբաթը մեկ կամ երկու շաբաթը մեկ հավաքվում են և մասնագետի օգնությամբ խոսում, թեթևանում:

«Մենք օրինակ զոհվածների կանանց ու մայրերի խումբ ենք ստեղծել:  Պարբերաբար հանդիպումներ ենք ունենում և այդ հանդիպումներից իրենք շատ կարևոր թեթևություն են զգում, կիսվում են միմյանց հետ: Դա կոչվում է ինքնաօգնության խումբ, որի անդամները մեկը մեկին աջակցում են, այստեղ հիմնական թեման այն է, որ նրանք մենակ չեն, իրենց նման մարդիկ ևս կան: Այդպիսի խմբերը կարող են լինել յուրահատուկ լաբորատորիա, երբ խմբի անդամները յուրաքանչյուրը մյուսից սովորում է՝ ինչպես հաղթահարել այս կամ այն դժվարությունը», -նշում է նա:

Հոգեկան առողջությունը, ըստ մասնագետի, նույնպես անվտանգային խնդիր է և ինչպես սահմաններին են հատուկ ուշադրություն դարձնում, այդպես էլ մարդկանց հոգեկան առողջությանը պետք է այդպես վերաբերվել:

Հայաստանում հոգեկան առողջության հետ կապված խնդիրները լուծելու համար մասնագետը անհրաժեշտ է համարում որոշակի միջոցառումների անցկացում հենց մանկապարտեզներից, բայց որպեսզի դրանք արդյունավետ լինեն, պետք է առաջին հերթին վերացնել երկրի առջև ծառացած անվտանգային խնդիրները, ստեղծել անվտանգության, ապահովության երաշխիքներ: «Այդ երաշխիքները ցավոք սրտի, շատ դեպքերում վերաբերում են քաղաքականության, արտաքին դերակատարներին, մեծ տերությունների շահերին», -ընդգծում է նա:

MediaLab.am