ԼՂ-ում էսկալացիան թուլացնելու համար անհրաժեշտ է, որպեսզի որևէ այլ երկիր հեռու մնա հակամարտությունից. Պոմպեո

Հեղինակ MediaLab

Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Պոմպեոն ընդգծում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում էսկալացիայի թուլացման համար անհրաժեշտ է, որպեսզի որևէ այլ երկիր հեռու մնա հակամարտությունից, չմատակարարվի զենք, չլինի աջակցություն կողմերից որևէ մեկին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Պոմպեոն այս մասին ասել է լրագրողների հետ ճեպազրույցում:

«Բարդ իրավիճակ է, ինչպես գետնի վրա, այնպես էլ դիվանագիտական դաշտում: Մեր դիրքորոշումը, ինչպես և յուրաքանչյուր եվրոպական երկրի դիրքորոշում, մնում է այն, որ այս հակամարտության դադարեցման և էսկալացիայի թուլացման համար որևէ այլ երկիր պետք է հեռու մնա այս հակամարտությունից, չմատակարարվի զենք, չլինի աջակցություն որևէ կողմին և որևէ ազդեցություն»,- ասել է նա:

ԱՄՆ պետքարտուղարը հավելել է, որ դիվանագիտական լուծումը պետք է ձեռք բերվի: Դա պետք է լինի ոչ միայն ԱՄՆ-ի լավագույն ցանկությունն ու հետաքրքրությունը, այլ յուրաքանչյուրի:

Նա նշել է, որ այդ հարցով ուրբաթ կխոսի Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հետ: