ԼՂ-ից ցանկացողներին Հայաստան տեղափոխելու հարցի շուրջ կառավարությունը մշտական կապի մեջ է ԼՂ գործընկերների հետ

Լեռնային Ղարաբաղում հաստատված հումանիտար խնդիրների, այդ թվում՝ ցանկացողներին Հայաստանի Հանրապետություն տեղափոխելու հարցի շուրջ ՀՀ կառավարության ներկայացուցիչները մշտական կապի մեջ են ԼՂ գործընկերների հետ։ Այդ մասին «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմից։

Ըստ իրադրության և կախված ԼՂ ներկայացուցիչների, Ադրբեջանի, խաղաղապահների միջև ընթացող քննարկումների արդյունքներից՝ Լեռնային Ղարաբաղի հետ համատեղ կկայացվեն անհրաժեշտ որոշումներ։

ՀՀ կառավարությունը ԼՂ հայության տեղահանության խնդիր չի դրել և կարծում է, որ իրենց տներում անվտանգ եւ արժանապատիվ ապրելու ԼՂ հայերի իրավունքները պետք է երաշխավորվեն, բայց մյուս կողմից ԼՂ հայերի կամ նրանց մի մասի մնալն անհնար գնահատվելու դեպքում կկայացվեն անհրաժեշտ որոշումներ։

Նման սցենարի սպասարկման համար անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքներն արվում են, մշակվել են տարբեր սցենարներ։