Գորիսի քաղաքապետն ազատ կարձակվի. դատարանը նրա ձերբակալումը ոչ իրավաչափ է ճանաչել

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի ձերբակալությունը ճանաչել է ոչ իրավաչափ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց նրա պաշտպան Արմեն Մելքոնյանը:

« Դատարանը որոշել է, որ նրա ձերբակալումը ոչ իրավաչափ է»,- ասաց Մելքոնյանը՝ հավելելով, որ նա շուտով ազատ կարձակվի:

Դեկտեմբերի 21-ին Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը ձերբակալվել է՝ օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք կազմակերպելու և անցկացնելու փորձ կատարելու կասկածանքով: Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանին ձերբակալելու օրինաչափության հարցով պաշտպանները միջնորդություն էին ներկայացրել: