Al Jazeera․ Դոհայում սկսվել են ԱՄՆ-ի և Իրանի տեխնիկական բանակցությունները

Կատարի մայրաքաղաք Դոհայում սկսվել են Իրանի և ԱՄՆ-ի միջև տեխնիկական մակարդակի բանակցությունները։ Այդ մասին, հղում անելով իր աղբյուրներին, հայտնում է Al Jazeera-ն։

Լրատվամիջոցի տեղեկություններով՝ կողմերի բարձրաստիճան պաշտոնյաների միջև անձնական հանդիպումներ նախատեսված չեն։

Al Jazeera-ի աղբյուրների փոխանցմամբ՝ Դոհայում աշխատում է առնվազն երեք աշխատանքային խումբ, որոնք տեխնիկական քննարկումներ են անցկացնում Իրանի միջուկային ծրագրի, ֆինանսական հարցերի, սառեցված միջոցների վերադարձի և դիվանագիտական գործընթացների շուրջ։

Ավելի վաղ Իրանի գլխավոր բանակցող Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը հայտարարել էր, որ Թեհրանը «ներկա պահին ընդհանրապես չի բանակցում Միացյալ Նահանգների հետ» և չի վերսկսի բանակցությունները, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել փոխըմբռնման հուշագրով ստանձնած բոլոր պարտավորությունները։

Միաժամանակ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը Fox News-ին տված հարցազրույցում հայտարարել էր, որ հենց այսօր Վաշինգտոնի և Թեհրանի միջև նախատեսված են տեխնիկական բանակցություններ։