Մեր կողքին ապրող մարդիկ. Ալեքսանդրան

2022 թվականի մարտին լրագրող, «Զիմին» բարեգործական հիմնադրամի աշխատակից Ալեքսանդրա Լիվերգանտը եկավ Հայաստան: Նա ծնվել-մեծացել է Մոսկվայում, որի մասշտաբները՝ քաղաքային մեծության և մարդկային շփումների սակավության տեսանկյունից անհամեմատելի են Երևանի հետ: 

Առաջին մի քանի օրերին Վանաձորում՝ ընկերների տանը մնալուց հետո Ալեքսանդրան 10 օրով բնակարան վարձակալեց Երևանում՝ մտքում հաստատ իմանալով, որ հենց այդքան էլ մնալու է: Բայց հետո մտափոխվեց և որոշեց հաստատվել Հայաստանում, մի երկիր, որտեղ երբևէ չէր եղել անգամ որպես զբոսաշրջիկ: 

– Տանտիրուհին, որի բնակարանը 10 օրով վարձել էի, ինձ տարավ նոր վարձակալած բնակարան: Ճանապարհին հարցրի, թե որտեղ կարող եմ գումար փոխանակել, ինձ ուղեկցեց բանկ, աշխատակիցների հետ հայերեն խոսեց, բացատրեց ամեն բան: Սա անգնահատելի օգնություն է, որովհետև երբ դու նոր ես որևէ երկրում, ասես մոլորված ճուտիկ լինես, և նման քայլերը երբեք չեն մոռացվում: 

Հայաստանը երկիր է, որտեղ հյուրընկալության տարբեր չափաբաժիններ կարելի է ստանալ: Ու երբ Ալեքսանդրան հայտնվեց իրանահայ ծագումով նկարչուհու տանը, որը վարձակալել էր երկար ժամանակով, սառնարանում հայտնաբերեց հատուկ իր համար պատրաստված ապուր, որն ավելի լավ հաղորդակցման միջոց էր, քան ցանկացած լեզու: Տանտիրուհին ռուսերեն չգիտեր, Ալեքսանդրան՝ հայերեն, և դա է պատճառը, որ նրանք «սահմանափակվում» էին գրկախառնություններով: 

– Երբ նա բացեց սառնարանն ու ասաց, որ ինձ համար ոսպով ապուր է պատրաստել, ես հազիվ զսպեցի լացս, որովհետև երբ մարդը, որը միայն այսպես կոչված՝ առևտրային հարաբերությունների մեջ է քեզ հետ, այդպիսի մարդկային քայլ է անում, չես կարող չգնահատել: Ես այդ օրը խանութ չգնացի ու վայելեցի իմ ապուրը: Սա ընդամենը մանրուք է մարդկային մեծության մասին: 

Լրագրողը նկատել է, որ մարդկանց միջև հեռավորությունը, որ կա այլ տեղերում, Հայաստանում կրճատվում է, անհետանում են խոչընդոտները, որոնք կարող են առաջանալ մեծ քաղաքներում, որտեղ մարդիկ չափազանց զբաղված են ու չափազանց շտապող: 

– Գիտե՞ս, անգամ ռուսների մեջ եմ նկատել այդ հեռավորության անհետացումը, երբ նրանք Հայաստան են տեղափոխվում: Ես սիրում եմ, երբ մարդիկ փորձում են դառնալ այս քաղաքի, այս կյանքի մի մասը, ոչ թե կղզիանում են՝ խմբվելով որևէ սրճարանում: Այդպես չես կարող ինտեգրվել այստեղի ռիթմին, ըմբռնել այս երկրի բնավորությունը, ապրելակերպը: 

Ալեքսանդրան շատ է փորձում շփվել տեղացիների հետ, հարցեր է տալիս, փորձում հստակեցնել՝ ի՞նչն է ընդունված, ինչը՝ ոչ, որովհետև սա լավագույն կերպն է հասկանալու հասարակությանը: Մեր երկրում ընդունված չէ, որ կանայք հայհոյեն, ինչը Լիվերգանտի համար բացահայտում էր: 

– Ես հաճախ եմ հայհոյանքով խոսում, ու որպեսզի թյուրըմբռնում չլինի, ասեմ, որ դրանով բնավ չեմ հպարտանում, պարզապես իմ խոսելաձևը շատ վաղուց այդպիսին է: Այստեղ ես սկսել եմ հետևել իմ խոսքին, քանի որ հասկանում եմ՝ եթե այդպես է ընդունված, ուրեմն ես պիտի հարգալից լինեմ դրա հանդեպ: 

Լրագրողն ասում է, որ ինչպես մենք՝ տեղաբնակներս ենք ազդեցություն թողնում եկվորների վրա, այնպես էլ նրանք են ազդեցություն գործում թե՛ բնակիչների, թե՛ մշակույթի ու ապրելակերպի վրա: Հետագան ցույց կտա, թե այս փոխազդեցությունն ինչ նոր երևույթներ է ի հայտ բերելու: Նրան նաև հետաքրքրում է, թե ինչպես ենք մենք՝ հայերս, ընդունում հայերին, որոնք ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով եկել են Հայաստան, ու նրանց կացությունն ավելի բարդ է՝ մի տեսակ անդադար ստիպված են ապացուցել, որ հայ են: 

– Պարզագույն մի բան՝ արտաքինդ հայկական է, բայց պահելաձևը, գուցե մտածելակերպը՝ ոչ: Ու նրանք՝ Ռուսաստանի հայերը, երկու քարի արանքում են: Ես չգիտեմ, թե նրանցից քանիսն են, օրինակ՝ տիրապետում հայերենին ու մի տեսակ օտար են հարազատների մեջ: 

Սա մարտահրավեր է, որի մասին պիտի մտածել, քանի որ փոքրիկ Հայաստանում տարբեր տեղերից եկել են մարդիկ, որոնք փորձում են հասկանալ տեղի նիստուկացը, մշակույթը, հաղորդակցման ձևերը, բայց տեղացիներն էլ իսկապես մեծ անելիք ունեն ընդունման, հասկանալու, բացահայտելու տեսանկյունից: 

Երևանը քայլելու քաղաք է, սակայն կա մի վայր, որը նա անդադար փորձում է շրջանցել՝ Հյուսիսային պողոտան, որը, ըստ նրա, որևէ կապ չունի այս քաղաքի հետ, չնայած նկատել է, որ այն սիրված է հասարակության տարբեր շերտերի կողմից: Փոխարենը երբեմն գնում է Վերնիսաժ, սիրում է գնումներ անել հատկապես տատիկներից, որոնք տարբեր իրեր են վաճառում, որոնք կարելի է օգտագործել: 

– Ես շատ սիրում եմ գտնել այնտեղ յուրահատուկ ու չկրկնվող իրեր: Վերջերս կոնյակի բաժակներ եմ գնել, որ տատիկներից մեկը խնամքով փաթաթեց թերթի մեջ ու հանձնեց ինձ: Ես նաև սիրում եմ Սիրահարների այգին, Կամերային թատրոնի տարածքը: 

Նա չի սիրում «ռելոկանտ» բառը, որ ականջին շատ մեղմ է հնչում: Ինքը գաղթական է, որը, այո՛, գիտակցված որոշում է կայացրել լքել իր երկիրը: Համարում է, որ իր բախտը բերել է, որ հայտնվել է հենց հայերի շրջանում, հենց Հայաստանում, որտեղ լիարժեք կյանքով է ապրում ու իր արտագաղթը համարում՝ երջանիկ: 

– Այստեղ միայն մեքենա չեմ վարում. երթևեկությունը դեռ չբացահայտված մի բան է ինձ համար, հետո՝ քաղաքն այնքան հարմար է քայլելու համար, հատկապես տաք ձմռանը, որն ուղղակի վայելում եմ: Բաներ կան, որ ես չեմ հավանում, չեմ ընկալում, բայց ես այն մարդը չեմ, որ պիտի խոսի դրա մասին: Ես պատրաստ եմ իմ ուժերի սահմանում որևէ լավ բան անել Հայաստանի համար, իսկապես պատրաստ եմ, բայց ինձ իրավունք տալ խոսել՝ ինչն ուղղել, ինչը փոխել, առնվազն անարդար է, քանի որ ես դեռ քիչ ժամանակ է, որ ապրում եմ այս երկրում: 

Երեկոյան շան հետ չափչփել քաղաքում, ցերեկը հեռավար աշխատանքն անել որևէ սրճարանում, երբեմն քաղաքից դուրս գնալ, անպայման հանդիպել ընկերներին, զրուցել, տեղացիների հետ շփվել ու մի քանի հայերեն բառեր սովորել. Ալեքսանդրա Լիվերգանտի մեկ օրն այսպես է անցնում մեր երկրում: Իսկ իրականում այն շատ ավելի բուռն է՝ կախված այն բանից, թե ինչքան գործ ունի անելու, քանի հանդիպում կա նշանակված (այժմ նաև համագործակցում է հայկական մեդիաների հետ), և թե էլ ինչ նոր վայրեր են ցուցակում, որ պիտի բացահայտել, որ ոչ թե արտագաղթը, այլ երկրում ապրելն ու դրա մի մասը կազմելը լինի երջանիկ: 

Կուշանե Չոբանյան

MediaLab.am