Կուշտ տեղից կոչեր անողները չեն տեսնում երեխաների սովալլուկ հայացքները, հիվանդ հղիներին, խորհուրդ կտամ զուսպ լինել.  Հովհաննիսյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Արցախի Ազգային ժողովի անկախ պատգամավոր Կարեն Հովհաննիսյանը 

 – Պարո՛ն Հովհաննիսյան, Արցախի Հանրապետության նորընտիր նախագահից ի՞նչ ակնկալիքներ ունեն շարքային քաղաքացիներն ու անձամբ դուք: Իրավիճակի ի՞նչ փոփոխության կարող է բերել Շահրամանյանի պաշտոնավարումը:

– Նոր նախագահից որևէ լուրջ ակնկալիքներ այս պահին չկան, քանի որ ամեն ինչ չէ, որ կախված է Արցախի Հանրապետության իշխանություններից, և ես խորհրդարանում նախագահի թեկնածու Սամվել Շահրամանյանին՝ հարցուպատասխանի ընթացքում ասացի, որ նա ողջ-ողջ մտնում է եռացող կաթսայի մեջ, և հարց է, թե ինչպե՛ս է կարողանալու դուրս գալ այդ կաթսայից ու ձեռքի հետ էլ երկիրը հանելու այս վիճակից: 

Մեծ հաշվով, սպասելիքները մեծ չեն, ուղղակի այս փուլում հնարավորություն կա փոքրիշատե կարողանանք կառավարելի դարձնել Արցախի շուրջը ստեղծված անվտանգային ռիսկերը, որպեսզի տեղի չունենա ռազմական էսկալացիա, որի ելքերը ոչ մեկը չի կարող կանխատեսել, հետևաբար կարող է նաև իրականություն դառնալ արցախահայության ցեղասպանությունը: 

Անկախ ամեն ինչից, ժողովուրդը տոկուն է, դեռևս դիմադրում է, բայց հասկանալի է, որ ուժերի հարաբերակցությունը մի փոքր այլ է, ու գումարած դրան էլ՝ անկախ միջազգային մեծ դերակատարների տարբեր կոչերից, մենք տեսնում ենք, որ Ադրբեջանի ներկայիս իշխանությունն անդրդվելի է և շարունակում է առաջ տանել իր ներքաղաքական օրակարգը: 

– Արցախում նոր նախագահ ընտրելու, թեկնածուի առաջադրման հարցում որքա՞ն է ռուսական գործոնը, որովհետև կան վերլուծաբաններ, որոնք պնդում են, որ Արցախի նորընտիր նախագահի պաշտոնավարմամբ Հայաստանը կորցնելու է ազդեցության լծակներն Արցախի վրա, և որ Արցախն այսպիսով ռուսական ազդեցության տակ է լիովին անցնելու: Համակարծի՞ք եք:

– Այդ պնդմանը համակարծիք չեմ, թե ի՛նչ ներքին զարգացումների արդյունքում կամ հետևանքով նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը հրաժարական ներկայացրեց, ես ստույգ տեղեկություն չունեմ, հետևաբար ինչ էլ ասեմ՝ լինելու է մերկապարանոց հայտարարություն: 

Երբ խորհրդարանում հարց եմ ուղղել պարոն Շահրամանյանին, ասել եմ՝ Արցախում գործող որոշ ընդդիմադիր կուսակցություններ իրենց հանրային խոսքում դիմում էին Արայիկ Հարությունյանին, որպեսզի նա ուղղակիորեն դեմ արտահայտվեր Հայաստանի ներկա իշխանության վարած քաղաքականությանը, ինչը նախկին նախագահը երբեք չարեց, դուք անելո՞ւ եք նման բան: Ի պատասխան Շահրամանյանն ասաց, որ Հայաստանի իշխանությունները ձևավորվել են Հայաստանի քաղաքացիների կողմից ուղիղ ընտրությունների արդյունքով, ու ինքը որևէ քայլ չի անելու, որը կվնասի Հայաստան-Արցախ հարաբերություններին, առավելևս՝ Հայաստանի անվտանգությանը: 

– Պարո՛ն Հովհաննիսյան, ըստ ձեզ՝ նորընտիր նախագահի ու ՀՀ գործող իշխանության հարաբերություններն ինչպիսի՞ն կլինեն, եթե նկատի ունենանք, որ մինչ այս պահը ՀՀ իշխանության որևէ ներկայացուցիչ չի շնորհավորել Սամվել Շահրամանյանին՝ նախագահի պաշտոնում ընտրվելու առթիվ: Նման վերաբերմունքն ինչո՞վ եք բացատրում:

– Այդ փաստը ես բացատրում եմ նրանով, որ Արայիկ Հարությունյանը ընտրվել էր նախագահ 2020 թվականի պատերազմից առաջ, երբ ունեինք լրիվ այլ իրավիճակ, իսկ 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո տարածաշրջանում արդեն ունենք լրիվ այլ իրավիճակ, ու միայն այդ տեսանկյունից կարող եմ բացատրել Հայաստանի իշխանությունների կողմից չշնորհավորելու փաստը: 

Շնորհավորելու հանգամանքը կարող է լրացուցիչ շարժառիթ հանդիսանալ՝ Ադրբեջանի կողմից որևէ սադրանքի կամ ռազմական բախման գնալու համար: Ես գոնե սրանով եմ բացատրում՝ տեսնելով այն սրացումը, որը կա և՛ Արցախի, և՛ Հայաստանի շուրջ: Իսկ թե ինչպե՛ս կկառուցվեն Արցախի Հանրապետության ու Հայաստանի իշխանությունների փոխհարաբերությունները, դա երկու կողմի անձնային, մարդկային ու առհասարակ մասնագիտական որակներից է կախված: Ժամանակը ցույց կտա, բայց որ առանց երկխոսության, առանց մեկը մյուսին աջակցելու հնարավոր չէ այս պահին խնդիր կարգավորել՝ միանշանակ է:

– Այսինքն՝ Հայաստանի իշխանությունը զգուշավորությո՞ւն է դրսևորում:

– Իմ դիտարկմամբ՝ այո՛:

– Որ ռուսական կողմից հումանիտար օգնություն պետք է մտներ Ստեփանակերտ Աղդամի ճանապարհով, տարատեսակ քննարկումների ու քննադատությունների արժանացավ, որոնց, վստահաբար, քաջածանոթ եք: Նախ՝ ինչպե՞ս եք գնահատում այդ կարծիքները, ու եթե, այնուամենայնիվ, այդ ճանապարհով օգնությունը հասնի Ստեփանակերտ, ի՞նչ է դա նշանակելու:

– Ով ներկա պահին չի ապրում Արցախում, չի տեսնում երեխաների սովալլուկ հայացքները, A վիտամինոզով հիվանդ հղի կանանց ու, առհասարակ, ժողովրդի սոցիալական վիճակը ու իր կուշտ տեղից կոչեր է անում: Նման մարդկանց խորհուրդ կտամ իրենց խոսքում ավելի զուսպ ու չափավոր լինեն՝ հասկանալով, թե արցախահայությունն ի՛նչ դժվարությունների միջով է անցնում հիմա: Արցախցին ինքը կորոշի իր դիմադրողականության չափը, ինքը կորոշի, թե ո՛րն է ճիշտ մարտավարական տեսանկյունից, ինքը կորոշի, թե ինչպե՛ս պահի, պաշտպանի արցախահայության ֆիզիկական գոյությունը, որովհետև եթե այս հողի վրա մարդ չապրի, բնականաբար, դատարկ հողին նոր տեր կգտնվի: 

Հիմա ոչ թե «ուռա՜ հայրենասիրության», ոչ թե կովբոյական կեցվածքի, ոչ թե հեռվից խրատներ տալու ժամանակն է, այլ գետնի վրա շոշափելի արդյունք ապահովելու: Եթե որևէ մեկը կարող էր մինչև այս պահը բացել Լաչինի միջանցքը, ապա կբացեր, բայց քանի որ դիմացը ձմեռ է, ու արցախահայության վիճակն օր օրի վատթարանում է, մարդիկ ուղղակի ուտում են թեփով շաղախված եգիպտացորենի կիսախոնավ ալյուրից պատրաստված հաց, ու այլ սննդատեսակներ գրեթե չկան, հետևաբար լավ կլինի իրենց հայտարարություններում մի քիչ զգույշ լինեն: 

Արցախն այս պահին գտնվում է լարված թակարդում, որտեղ ամեն մի ջղաձգում շատ ավելի է սեղմում օղակը: Ես կարծում եմ, որ ռիսկերը բավականին շատ են, բայց ավելի տեսանելի է այդ ռիսկերի կառավարումը, քան էսկալացիայի դեպքում որևէ արդյունավետ քայլ անելը: 

– Իսկ էսկալացիայի վտանգը մե՞ծ եք համարում:

– Արդեն ասացի, որ Ադրբեջանի ներկայիս իշխանություններն ուղղակիորեն շարժվում են իրենց օրակարգով, իսկ ինչպիսի՛ն կլինի այն, հայտնի է միայն իրենց: Նրանք որևէ խնդիր չունեն իրենց քաղաքականությունն այս պահին առաջ մղելու, որովհետև միջազգային տարբեր կառույցների կողմից հնչած կոչերն առ ոչինչ են հանդիսացել, հետևաբար անհրաժեշտ է, որ կարողանանք այս շրջափուլն առանց կորուստների հաղթահարել, որպեսզի կարողանանք պահել արցախահայության ֆիզիկական գոյությունը ու մեր խնդիրներին լուծում գտնել:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am