Եթե համակեցության նոր կանոններ չորդեգրենք, վարակը կարող է տարածվել նոր թափով․ Փաշինյան

Հայաստանում կորոնավիրուսի տարածումը շարունակում է մնալ կառավարելի, այսօր ժողովրդին ուղղված ուղերձում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով, մինչ այս պահը Հայաստանում արժանապատվորեն են դիմակայել համաճարակին ու դրա համար վարչապետը շնորհակալություն հայտնեց բուժաշխատողներին, առողջապահական համակարգի բոլոր աշխատողներին։

«Շնորհակալ ենք ձեզանից և ծափահարում ենք ձեզ», -ասել է Փաշինյանը։

Նա ընդգծել է, որ արտակարգ դրության առաջիկա ժամանակահատվածը պիտի օգտագործենք կորոնավիրուսի հետ համատեղ ապրելուն սովորելու նպատակով։

Իսկ դրա համար, Փաշինյանը խորհուրդ է տվել կորոնավիրուսով չվարակվելու համար պահպանել 3 պարզագույն կանոն.

Պահպանել առնվազն 2 սոցիալական հեռավորություն,

Ձեռքով դեմքին չդիպչել,

Օգտվել մաքուր սպասքից և վարսավիրական գործիքներից։

«Եթե զգոնություն ցուցաբերենք, ապա մայիսի 14-ից մենք կարող ենք փուլ առ փուլ վերադառնալ բնականոն կյանքի։ Եթե համակեցության նոր կանոններ չորդեգրենք, վարակը կարող է տարածվել նոր թափով՝ մեզ բոլորիս հանգեցնելով հումանիտար աղետի», հայտարարել է Փաշինյանը։

Ապրիլի 17-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսի 1201 հաստատված դեպք է գրանցվել, 402-ն առողջացած են, մահվան 19 դեպք է եղել։ Մահացածների միջին տարիքը 73,8 տարեկան է, և բոլոր պացիենտները ունեցել են ուղեկցող ծանր հիվանդություններ։