Ծեծ ու խոշտանգում. Ըստ իրավապաշտպանների, Մաքսային միությունը Մարդու իրավունքների առումով լավագույն տեղը չի լինի

Ծեծ ու խոշտանգում. Ըստ իրավապաշտպանների, Մաքսային միությունը Մարդու իրավունքների առումով լավագույն տեղը չի լինի
Ծեծ ու խոշտանգում. Ըստ իրավապաշտպանների, Մաքսային միությունը Մարդու իրավունքների առումով լավագույն տեղը չի լինի

Մաքսային միությանն անդամակցելուց հետո Հայաստանում մարդու իրավունքների առումով, իրավապաշտպանները իրավիճակի վատթարացում են կանխատեսում:

Ըստ «Հելսինկյան քաղաքացիական անսամբլեայի» Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի, մարդու իրավունքների կոպտագույն խախտումների, ոստիկանությունում կիրառվող բռնությունների, խոշտանգումների ու ահաբեկումների, ինչպես նաև ընտրախախտումների եւ այլ խնդիրներ, որոնց օրերս նաեւ անդրադարձ կար  ԱՄՆ պետդեպարտամենտի հրատարակած զեկույցում, հնարավոր չէ լուծել, եթե Հայաստանն անդամագրվի Մաքսային միությանը:

«Վիճակն ավելի է վատթարանալու: Դա առաջին հերթին պայմանավորված է նրանով, որ Մաքսային միության փաստաթղթերում որևէ իրավական սկզբունք, որը վերաբերում է դատական իշխանության անկախությանը, իրավունքի գերակայության սկզբունքին, տնտեսական մրցակցության ազատությանը, ամրագրված չէ: Այն միայն մաքսատուքերի սահմանմանն է վերաբերում, ինչը սահմանափակումներ է  մտցնում ազատության տեսակետից»,- «Մեդիալաբին» ասում է Արթուր Սաքունցը:

Նա նշում է, որ Եվրամիությունը՝ որպես տնտեսական համագործակցության համակարգ, հիմնվում է սկզբունքների, արժեքային համակարգի վրա: Իսկ Մաքսյին միությունում որոշումներ ընդունող մարմինների որոշումները պարտադիր են անդամ երկրների համար և այդ որոշումները կարող են էական հակասության մեջ մտնել մեր Սահմանադրության հետ, որով ամրագրված է մարդու իրավունքների պաշտպանությունը:

«Չկա որևէ երաշխքի, որ Մաքսային միությունը ճանաչելու է մարդու իրավունքների հիմնարար սկզբունքները, ռիսկը մեծ է, որ կարևորվելու է իր որոշումները: Իսկ այդ որոշումների ընդունման հիմնարար սկզբունքները չեն հրապակայնացվում, ի՞նչ երաշխիք ունենք, որ դրանք չեն հակասի հենց մարդու իրավունքների հիմնարար սկզբունքներին»,- հարցնում է իրավապաշտպանը:

Մաքսային միությունը հինադիր անդամ երկրներում՝ Բելառուսում, Ռուսաստանում և Ղազախստանում, նրա խոսքով, մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից ցածր մակարդակ է: Դրանք այն երկրները չեն, որ կարելի է ընդունել չափանիշ: Ավելին, իրավապաշտպանի խոսքով, դրանք այն երկրներն են, որտեղ միջազգայնորեն ճանաչված մարդու համընդհանուր իրավունքները կոպտորեն խախտվում են:

«Այսինքն՝ իրավակիրառ պրակտիկան բոլորովին հույս չի տալիս հավատալու, որ Մաքսային միությունը դա այն տարածքն է, որտեղ հարգանք կա Մարդու իրավունքների համընդհանուր արժեքների նկատմամբ: Իրավական պետության կարևոր սկզբունքներից մեկը կանխատեսելիությունն է, միանշանակությունը: Մաքսային միության փաստաթղթերում այդ սկզբունքներն ամրագրված չեն»,- ասում է Սաքունցը:

Նա բերում է վերջին օրինակներից մեկը՝ Մաքսային միության առանցքայինն պետություն համարվող Ռուսաստանն ագրեսիա է կիրառում Ուկրաինայի նկատմամբ: Իրավապաշտպանի խոսքով՝ այդ պետությունը իր քաղաքականությամբ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտի համար մարտահրավեր է:

Մարդու իրավունքների ոլորտում առկա վատ վիճակը, որն առկա է Հայաստանում և տեղ է գտել նաև ԱՄն պետդեպարտամենտի զեկույցում, Արթուր Սաքունցի խոսքով, Մաքսային միությանն անդամակցելու դեպքում կամրապնդվի:

«Եվ այն հնարավորությունները, որոնք այս պահին ունենք գոնե հանձինս մեր Սահմանադրության, Եվրախորհրդի հետ համագործակցության, դրանք իսպառ զրոյացվում են»,- ասում է նա:

Ընդհանուր առմամբ, Արթուր Սաքունցն ԱՄն պետդեպարտամենտի զեկույցը շատ ադեկվատ է համարում, սակայն նշում է, որ ընտրակեղծիքների վերաբերյալ հատվածը պետք է ավելի խիստ լիներ: Իրավապաշտպանի խոսքով` զեկույցում շատ հստակ նշվում է զինված ուժերում կատարվող հանցագործությունների, ոստիկանությունում խոշտանգումների մասին, ինչն ադեկվատ գնահատական է:

«Բոլոր այն կարծիքները, որ իբր թե ոստիկանության բաժանմունքներում մարդկանց չեն ծեծում, չի համապատասխանում իրականությանը: Շատ լավ էլ ծեծում են, ուղղակի ծեծվողները վախենում են դրա մասին բարձրաձայնել, որովհետև մտահոգված են իրենց անվտանգության ապահովմամբ»,- ասում է Սաքունցը:

Հելսինկյան կոմիտեի նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը նույնպես լավատեսորեն չի տրամադրված:

«Նույնիսկ եթե Մաքսային միությանն անդամակցելու հարց չլիներ, ընդհանրապես Հայաստանում մարդու իրավունքների վիճակի բարելավման համար ոչ թե իշխանությունների կողմից պետք է քաղաքական կամք, այլ պետք են քաղաքական բարեփոխումներ»,- «Մեդիալաբին» ասում է Ավետիք Իշխանյանը:

Նրա խոսքով, քանի դեռ երկրում անկախ դատական համակարգ չկա, մարդու իրավունքների ոլորտում վիճակը չի կարող էապես բարելավվել:

«Մաքսային միության անդամակցության հետ կապված այստեղ կարևոր խնդիր է առաջանում՝ եթե Հայաստանը, Մաքսային միության անդամ չլինելով, ինչ-որ չափով հաշվի էր առնում միջազգային հանրության կարծիքը և շատ հարցերում փորձում էր գոնե առերևույթ ցույց տալ, որ ժողովրդավարության ու մարդու իրավունքների պաշտպանության կողմնակից է, ապա այդ կառույցին անդամակցելուց հետո շատ հավանական է, որ այլևս այդ կարիքը չունենա: Այդ դեպքում բացահայտ մարդու իրավունքների խախտումներ կլինեն»,- ասում է Ավետիք Իշխանյանը:

ԱՄՆ պետդեպարտամենտի վերջին զեկույցում տեղ գտած տեղեկատվությունը, ըստ նրա, գաղտնիք չի պարունակում. այն, որ Հայաստանում մարդու իրավունքների խախտման ու ընտրական գործընթացի հետ կապված խնդիրներ կան, բազմիցս ահազանգել են նաև տեղացի իրավապաշտպանները:

«Մինչև այդ զեկույցի հրապարակումը, մեր 2013 թվականի զեկույցում մենք նույնպես անդրադարձել ենք անցած տարի անցկացված նախագահական և Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ կիրառված կեղծիքներին: Մենք նաև մեկ այլ զեկույցով ներկայացրել ենք, որ ոստիկանական բաժանմունքներում բերման ենթարկվածների նկատմամբ համատարած բռնություններ են կիրառվում, որոնցից որոշ դեպքերի կարելի է նույնիսկ բնութագրել խոշտանգում»,- «Մեդիալաբին» ասում է Իշխանյանը:

© Medialab.am