Թշնամու լեզուն` ակադեմիական մակարդակով. ադրբեջաներեն նոր դասագիրք`Արցախբանկի հովանավորությամբ

Թշնամու լեզուն` ակադեմիական մակարդակով. ադրբեջաներեն նոր դասագիրք`Արցախբանկի հովանավորությամբ
Թշնամու լեզուն` ակադեմիական մակարդակով. ադրբեջաներեն նոր դասագիրք`Արցախբանկի հովանավորությամբ

Հայաստանում առաջին անգամ հրատարակվել է ադրբեջաներենի դասագիրք: Մտահղացումը Երևանի պետական համալսարանի Թուրքագիտության ամբիոնն է: Նախագիծը հովանավորել է Արցախբանկը:
Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի փոխդեկան Ռուբեն Մելքոնյանը ներկայացնել է գիրքը լրագրողներին: Ադրբեջաներենի ուսուցման այս ձեռնարկը երաշխավորված է ԵՊՀ գիտական խորհրդի կողմից և ունի ակադեմիական մակարդակ:

«Լեզվով զբաղվող առաջին լուրջ ակադեմիական մակարդակի աշխատանքն իրականում կատարել է գրքի հեղինակ Լիլիթ Մովսիսյանը, որը Թուրքագիության ամբիոնի մեր դասախոսն է, որը նաև ավելի նեղ գիտական ուսումնասիրում է ադրբեջաներեն լեզուն: Նաև մենք ներառել ենք այսպես ասած լեզվի կրողներին, մասնավորապես Բաքվի փախստականներին: Նրանք լեզվի կրողներ են և իրենց գիտելիքները կիսում են մեր ուսանողների հետ»,-ասում է Ռուբեն Մելքոնյանը:

Թուրքագիտության ֆակուլտետը վաղուց էր մտահոգվում ադրբեջաներենի ուսուցման խնդրով: Դեռևս 2008 թվականից ուսանողները սովորել են ադրբեջաներենը, բայց առանց դասագրքի: Լիլիթ Մովսիսյանը պատմում է, որ առանց դասագրքի լեզու դասավանդելը բավականին բարդ գործ է: Ուսանողները բողոքում էին, որ դասաժամի ընթացքում նրանք հազիվ հասցնում էին գրել օրվա թեման:

Այսօր ադրբեջաներենի ուսուցումը ներառվել է թյուրքագիտության և միջինասիական լեզուների ուսումնասիրությունների շարքում:

Հետաքրքիր է, որ ի տարբերություն Հայաստանի՝ Ադրբեջանում հայագիտության ամբիոնն ավելի վաղ է ստեղծվել: Ռուբեն Մելքոնյանը, սակայն, ասում է, որ Ադրբեջանում շեշտը դրվել է ավելի շատ քաղաքականացված հակաքարոզչության վրա և բացակայում է գիտական կողմը: Կարճ ասած Ադրբեջանում Հայագիտությամբ զբաղվողները, հայատյացությամբ են զբաղվում: Մեր դեպքում ամեն ինչ ակադեմիական մակարդակի վրա է:

«Մենք ուսումնասիրություններ հիմնականում անում ենք երեք ուղություններով` լեզու, գրականություն և պատմություն: Պատմությունն իր մեջ ներառում է հատկապես Ադրբեջանի ազգային փոքրամասնությունների իրավիճակը, նրանց նկատմամբ քաղաքականությունը, ինչպես նաև ներքին քաղաքականությունն Ադրբեջանում: Ուսումնասիրությունները դեռևս սկզբնական փուլում են: Շուտով արդեն հոդվածների տեսքով կլինեն արդյունքներ»,-խոստանում է Ռուբեն Մելքոնյանը:

Գրքի հեղինակը՝ Լիլիթ Մովսիսյանը պնդում է, որ գիրքը կրում է զուտ ուսուցողական բնույթ: Այն իր մեջ քարոզչություն չի պարունակում:

Ի դեպ գիրքը նախատեսված չէ միայն ուսանողների համար: Այն հանրամատչելի է: Բոլորն նրանք, ովքեր կցանկանան ուսումնասիրել թշնամու լեզուն, կարող են այն ձեռք բերել մայրաքաղաքի գրախանութներից:

Լիաննա Խաչատրյան

© Medialab.am