«Փորձելու ենք ոչ իշխանական ուժերի համախմբմամբ մինչեւ ընտրություններն Արցախում իշխանափոխություն անել». Սեֆիլյան (Տեսանյութ)

«Փորձելու ենք ոչ իշխանական ուժերի համախմբմամբ մինչեւ ընտրություններն Արցախում իշխանափոխություն անել». Սեֆիլյան (Տեսանյութ)
«Փորձելու ենք ոչ իշխանական ուժերի համախմբմամբ մինչեւ ընտրություններն Արցախում իշխանափոխություն անել». Սեֆիլյան (Տեսանյութ)

«Քանի որ Արցախում ռեժիմի փոփոխություն տեղի չի ունեցել, ի տարբերություն երևանյան շրջանակների, և ինչպես այն ժամանակ ասում էինք, թե Սերժ Սարգսյանի ռեժիմի օրոք ընտրություններով հնարավոր չէ ձերբազատվել ռեժիմից, ուստի նույն էլ այժմ ասում ենք Արցախի վերաբերյալ: Մենք փորձելու ենք փոփոխություններ իրականացնել այնտեղ մինչև ընտրությունները ոչ իշխանական ուժերի համախմբման միջոցով: Այդ համախմբումը պետք է լինի միացման գաղափարի շուրջ: Համախմբումից էլ կծնվի առաջնորդող խումբը և համակարգողը, որ կարող է լինել նաև նախագահի թեկնածու»,- այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց «Սասնա Ծռեր» կուսակցության պատվավոր ներկայացուցիչ Ժիրայր Սէֆիլյանը:

Այս մասին տեղեկացնում է «Սասնա Ծռեր» կուսակցությունը։

Ըստ աղբյուրի, Սէֆիլյանի խոսքով՝ այդ քայլերն իրականացնելուց հետո հնարավոր է ժողովրդին հրավիրել Ստեփանակերտի հրապարակներ և ժողովրդի ճնշմամբ մինչև 2020 թվականի ընտրությունները, պահանջել իշխանափոխություն։

«Սակայն, եթե ինչ-ինչ պատճառներով չհասցրեցինք, 2020 թվականի ընտրությունների առիթը պետք է օգտագործենք նույն մոբիլիզացիան իրականացնելու համար: Առիթը օգտագործելով ասեմ, որ նախագահի թեկնածուի հետ կապված էլ չենք պնդում, որ նա պետք է պարտադիր լինի մեր կուսակցությունից։ Երևում են մարդիկ, որոնք, երբ ակտիվանան, կկարողանան համախմբել ոչ իշխանական բոլոր ուժերին»,- ընդգծեց Սէֆիլյանը:

Նա հայտնեց, որ երևացող ուժերից որևէ մեկին չեն աջակցելու՝ այդ թվում և Սամվել Բաբայանին։

«Այն կարծիքին ենք, որ պետք է լինի նոր մարդ: Ինչպես մեր մեծերն են ասում՝ «հին գինին չի տեղավորվի նոր տակառում: Պետք է նոր որակի մարդ լինի և կապ չունենա հին կլանի հետ: Լինի ազնիվ, նվիրյալ և նախորդներից տարբերվող, դրական հատկանիշներով օժտված»,-մանրամասնեց Սեֆիլյանը՝ հավելելով. «Սամվել Բաբայանի ակտիվացումն Արցախում մենք ողջունել ենք, ասել ենք, որ որևէ շրջանակ իրավունք չունի խոչընդոտելու նրա քաղաքական գործողությունները, բայց հորդորել ենք, որ նա ճիշտ կաներ, որ աջակցեր մեր պատկերացրած նոր որակի անձնավորությանն իշխանության բերելու հարցում։ Չեմ բացառում, որ առաջիկայում մեր համագործակցությունն այդ համատեքստում ստացվի»։
Մանրամասները՝ տեսանյութում։