«Հիմա էլ հարսանյաց սրահ ու հյուրանոցային համալիր կբացեն ՝ «Դադիվանք», «Ամարաս» անունով. էս կապիկությանը պետք է վերջ տալ». Էդգար Բաղդասարյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է կինոռեժիսոր Էդգար Բաղդասարյանը

– Պարո՛ն Բաղդասարյան, տարբեր ոլորտներում կարծես ճգնաժամ է, մշակույթից մինչև տնտեսություն։ Բայց մի կողմից էլ իշխանությունները փորձում են տպավորություն ստեղծել, թե ամեն ինչ կարգին է։ Ի՞նչ է տեղի ունենում։

– Ես հիշեցի ֆրանսիացի փիլիսոփա Ժան Բոդրիարին, ով սիմուլյակրերի և սիմուլյացիայի հեղինակն է։ Մենք այսօր ապրում ենք սիմուլյացիայի մեջ։ Մի մեծ սիմուլյակր է Հայաստանը, իշխանությունը դրա մեջ արդեն երեք տարի է։ 

Բայց բոլոր իշխանություններն են այդպես եղել։ Ես ինչքան ինձ հիշում եմ, միշտ մեր բերանը փակում էին թվերով, ինչ-որ տոկոսներով, աճերով, ինֆոգրաֆիկաներով։

– Ներկա իշխանություններն էլ 100 փաստ են ներկայացնում։

– Այո՛, հիմա 100 փաստ է, վաղը կլինի 150 փաստ։ Այս մառազմը շարունակվում է, և սրա վերջը չի երևում։ Եթե հիշում եք, տարիներ առաջ կատակում էին, թե՝ Հանրային հեռուստատեսությունը միացնում ես, քեզ թվում է՝ Շվեյցարիայում ես ապրում։ 

Այսօր եկել են այս իշխանությունները, նույնը կրկնվում է, և ես հասկանում եմ, որ սա մեր խնդիրն է։ Ինչ-որ ազգային խնդիր ունենք, որից չենք կարողանում դուրս գալ։ Կարծես Շվարցի վիշապի պատմությունը լինի, Լանցելոտը սպանում է, ինքը դառնում է վիշապ։ 

Եթե ինձ տան իշխանություն, երևի նույն վիշապը կդառնամ։ Ես չգիտեմ՝ սա ինչ-որ մղձավանջ է։ Մենք պիտի հասկանանք, որ դա մեզանից է գալիս։

Ինձ համար այս երեք տարվա մեջ ամենամեծ շոկը հասարակության տգիտության չափն է։ Էլ չեմ խոսում կարեկցանքի համընդհանուր բացակայության, շարունակական ասմունքային հայրենասիրության մասին։ 

Իսկ դուք ասում եք՝ մշակույթ։ Ի՞նչ մշակույթ, ո՞ւմ համար և ինչո՞ւ։ Եթե բոլոր ոլորտները դեպրեսիայի մեջ են, կոլապս է, մշակույթն առանձին չի կարող գոյատևել։

Մարդիկ կարծես անորոշության մեջ են, մի մասը շոկի մեջ է, մի մասն էլ անտարբեր է դարձել, նկատո՞ւմ եք։

– 1990-ական թվականներին, երբ մենք վառարանների մոտ նստած կարտոֆիլ էինք տապակում ու ճրագի տակ գիրք էինք կարդում, հույս ու հավատ ունեինք։

Դե, այն ժամանակ պարտություն չէինք կրել։

– Ես չեմ ուզում այս պարտության մասին խոսել, սա պարտությո՞ւն էր, թե՞ պատերազմի իմիտացիա։ Ես կարծում եմ՝ տեղի ունեցածի գնահատականն անպայման պետք է տրվի։ 

Երկիրն այսօր շատ արագ գնում է ավտորիտարիզմի ճանապարհով, և չի բացառվում՝ դիկտատուրա լինի, որովհետև ամենավտանգավոր մարդը վախկոտ մարդն է, երբ ինքը վախենում է իր կաշվի համար։ 

Այդ ժամանակ մարդն ամեն ինչի ընդունակ է, և մենք գնում ենք դրան, որովհետև որիշ ճանապարհ՝ համոզել, որ այս սիմուլյակրը իրականություն է, չկա։ Մենք չենք կարող Ֆեյսբուքում ապրել։

– Ի դեպ, վարչապետն այս փուլում դարձյալ ֆեյսբուքյան գրառումներ է անում, շարունակվում է գործելաոճը։

– Անկեղծ ասած, ես աշխատում եմ ընդհանրապես չկարդալ, թե ինչ է գրում վարչապետը, և ընդհանրապես չհետևել նրա գրառումներին։ Մարդ, որը երկիրը բերել է այս պարտության, չի կարող շարունակել մնալ վարչապետ։ 

Նա կարող է ոմանց համոզել, պաշտոններ բաժանել, բերանները փակել, բայց ես կոչ եմ անում մարդկանց, որոնք իր կողքին են, որ բացատրեն իրեն՝ դա չի կարող երկար տևել։ Դա կբերի պետականության ամբողջական կորստի։

Մարդկանց այսօր պետք է հույս տալ, բացի հույսից ոչինչ պետք չէ։ Եթե այդ լույսը մի քիչ տեսնեն, մարդիկ կքշտեն թևքերը, մի բան կանեն, որ առաջ գնանք։ 

Բայց այս դեպրեսիվ վիճակում մեզ հետ ինչ ուզես կանեն, ինչքան ուզես և ոնց ուզես։ Սա չի կարող երկար շարունակվել, եթե շարունակվի, սրա համար պատասխան պետք է տա ոչ միայն ինքը, այլև բոլոր նրանք, ովքեր կարող էին սա կասեցնել, բայց չեն արել՝ հանուն իրենց կաշվի, աթոռի կամ պարգևավճարի։ 

Մարդկանց պետք է հույս տալ, ոչ թե սիմուլյացիաներով կերակրել։

– Վերջին շրջանում շատ են խոսակցությունները, որ արտագաղթի ծավալները կարող են աճել։ Այսինքն՝ այս անհույս, անորոշ վիճակը կարո՞ղ է հանգեցնել արտագաղթի ծավալների մեծացման։

– Իհարկե կհանգեցնի։ Էլի մեզ կխաբեն, կբերեն թվեր, կասեն՝ այսքան մարդ գնաց, այսքանը եկավ։ Կասեն՝ սուտ է, արտագաղթ չկա։ Դուք հասկանո՞ւմ եք, տեղերով փոխվել են՝ նախկինում Փաշինյան ընդդիմադիր դեպուտատը գոռում էր, թե՝ երկիրը դատարկվել է, արտագաղթ կա, իսկ Սերժ Սարգսյանի իշխանության օրոք նրան հակադրում էին թվերով։ 

Հիմա տեղերով փոխվել են, նույն բանն անում է Փաշինյանը։ Սա մղձավանջի նման մի բան է, եթե ոչ անեծք մեր ազգի գլխին։ Մենք չենք կարողանում այս порочный круг-ից դուրս գալ։ Ու էլի սկսեցին ասել՝ թշնամիներ կան, բոլորը մեզ մատնել են, «ծախել» են, բոլորը մեղավոր են, բացի մեզանից։

Խոսում են նաև դավաճանների մասին, որ պատերազմի օրերին դավաճանություն է եղել, բայց կարծես պատիժներ չենք տեսնում։

– Չեք էլ տեսնի։ Վերջին 30 տարվա մեջ ոչ ոք չի պատժվել։ Քրեական գործեր են հարուցվել, էլի թվեր։ Երեք տարի, չակերտավոր ասած՝ կոպեկ առ կոպեկ վերադարձրեցին։ Ենթադրենք՝ չի եղել դավաճանություն, եղել է ապաշնորհ կառավարում, մոբիլիզացիայի սարսափելի վատ մակարդակ, ամեն ինչը վատ է եղել։ 

Ո՞նց կարելի է կանգնել ու ասել՝ ե՞ս եմ թիվ մեկ մեղավորը։ Այսի՞նքն՝ կարո՞ղ է գերագույն գլխավոր հրամանատարը ես էի կամ ով էր, նախկիննե՞րն էին։

Վարչապետն ասում է՝ «ես եմ իրավիճակի պատասխանատուն, բայց ոչ՝ թիվ մեկ մեղավորը»։

– Յուրաքանչյուր կադրի, յուրաքանչյուր ձախողման, անհաջողության համար պատասխանատու է բացառապես գերագույն գլխավոր հրամանատարը։ Դուք չեք կարող անընդհատ այդ դիսկուրսը տանել դեպի անցյալ, ասել՝ նախկինները, նախկինները։

– Ի դեպ, անցյալից Սերժ Սարգսյանը նույնպես հերքում է իր մեղքը։ Նա էլ իր հարցազրույցում ասում էր, որ պարտության մեղավորը գործող վարչապետն է։ Այսինքն՝ մեկը մյուսին են մեղադրում։

– Ես զգացի, որ Սերժ Սարգսյանի ասածի կեսն ուղղված էր ոչ թե Նիկոլ Փաշինյանին, այլ Ռոբերտ Քոչարյանին։ Եվ, ես կարծում եմ, այդ բևեռացումը հիմա ավելի կխորանա։ Եթե Սերժ Սարգսյանը մի բան է ասում, պետք է անդրադառնա նաև 2015 թվականի Սահմանադրության փոփոխությանը, որն այսօր հանգեցրեց այս իրավիճակին։ 

Նիկոլիզմի ակունքն այդտեղ է, երբ 2015 թվականին այս երկրում նախագահական համակարգին փոխարինեց խորհրդարանական կառավարման համակարգը։ 

Ահա թե որտեղից սկսվեց մեր պարտությունը։ Եթե դու իշխանությունը փոխանցում ես Կարեն Կարապետյանին, թող ինքն էլ ավարտեր, ինչո՞ւ էր պետք դրա համար երկիրը պառլամենտական դարձնել։

Որևէ մեկը չի ուզում իր մեղքի բաժինը ստանձնել՝ սկսած Նիկոլ Փաշինյանից մինչև Լևոն Տեր-Պետրոսյան։ Որևէ մեկը մեղավոր չէ, բոլորն ասում են՝ նախկինն է մեղավոր, դրա համար էլ մենք այսօր նույն իրավիճակն ունենք։ 

Դու խոսում ես, քննադատում ես, ճիշտ բաներ ես ասում, բայց չես ասում, որ ակունքը դուք եք դրել, որովհետև անձնական շահը գերիշխում է մեզ։ 

Մենք պետականության զգացում չունենք, ասմունքային հայրենասիրությունը դակվել է մեր մեջ, պիտի Գետաշեն կորցնենք, որ Գետաշեն երգենք։ Հիմա էլ Դադիվանք կերգեն, հարսանյաց սրահ ու հյուրանոցային համալիր կբացեն ՝ «Դադիվանք», «Ամարաս» անունով։ 

Էս կապիկությանը պետք է վերջ տալ։ Հասկացանք, որ հայերը չեն սիրում երջանիկ լինել, բայց անպայման պիտի կորցնե՞նք։ Հիմա էլ ասում են՝ մեզ դավաճանեցին, բոլորը դավաճան են, ոմանք ասում են՝ ռուսները դավաճանեցին, Եվրոպան էր մեզ փրկում։ 

Բայց Եվրոպան թքած ուներ, Նավալնիով էր զբաղված։ Եվ դա գալիս է մեզնից, ես մեղադրում եմ միայն մեզ։ Եթե մենք չսովորենք մեզ հարգել, մեզ ոչ ոք չի հարգի։

Եվ ես նորից եմ կրկնում՝ իմ թշնամին այսօր ներսում է, ինչպես ասում էր Մոնթեն։ Ինը պատրոնը պետք է լինի դավաճան հայինը, էն մեկը՝ թուրքինը։ Մենք դա պետք է անենք, մեղքը պետք է փնտրենք մեր մեջ կամ քարտեզից կվերանանք կգնանք։

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am