Այսօրվանից գազի սակագինը բարձրանում է

Այսօրվանից Հայաստանում գազի սակագինը սպառողների համար կբարձրանա: Այդ մասին որոշումը կայացվել էր ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2022 թվականի մարտի 1-ին կայացած նիստում:

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշել էր «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի կողմից սպառողներին վաճառվող բնական գազի համար սահմանել հետևյալ սակագները.

1) ՀՀ կառավարության 2016 թվականի նոյեմբերի 3-ի №1122-Ն որոշման համաձայն սոցիալապես անապահով ընտանիքների սպառողներին վաճառվող բնական գազի սակագինը՝ տարեկան մինչև 600 խորանարդ մետր բնական գազի համար՝ 100.000 դրամ/հազար խմ (ներառյալ ԱԱՀ-ն),

2) Բնակչությանը (բացառությամբ սոցիալապես անապահով սպառողների՝ տարեկան մինչև 600 խմ բնական գազի համար) վաճառվող բնական գազի համար՝ 143.700 դրամ/հազար խմ (ներառյալ ԱԱՀ-ն):

3) գյուղատնտեսության ոլորտում գործունեություն իրականացնող ջերմոցային տնտեսություններին վաճառվող բնական գազի սակագինը` նոյեմբերի 1-ից մինչև մարտի 31-ը ներառյալ ժամանակահատվածի համար՝ 233.9 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ` սպառված յուրաքանչյուր հազար խմ բնական գազի համար (ներառյալ ԱԱՀ-ն),

4) գյուղատնտեսության ոլորտում գործունեություն իրականացնող վերամշակող՝ պահածոների, խմիչքների և կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող, անձանց վաճառվող բնական գազի սակագինը` 233.9 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ` սպառված յուրաքանչյուր հազար խմ բնական գազի համար (ներառյալ ԱԱՀ-ն),

5) վերը նշված 1-4-րդ կետերով չնախատեսված մյուս սպառողներին (այդ թվում՝ ջերմային էլեկտրակայաններին)  վաճառվող բնական գազի սակագինը՝ յուրաքանչյուր ամսում մինչև 10 հազար խորանարդ մետր բնական գազի համար՝ 143.700 դրամ/հազար խմ (ներառյալ ԱԱՀ-ն) և 10 հազար խորանարդ մետրը գերազանցող բնական գազի համար՝ 265.81 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ` սպառված յուրաքանչյուր հազար խմ բնական գազի համար (ներառյալ ԱԱՀ-ն)։

Ըստ այդ որոշման, սովորական սպառողները մեկ խորանարդի համար կվճարեն 143,7 դրամ՝ 4,7 դրամով ավելի։ Շատ ծավալի, այսինքն՝ ամսական 10 հազար խորանարդ մետրից շատ գազ սպառողների՝ բիզնեսի համար կապույտ վառելիքը թանկացավ շուրջ 3,9, ջերմոցային տնտեսությունների համար՝ գրեթե 4,5 տոկոսով։