Սիսիանի քաղաքապետը երկու ամսով կալանավորվեց

Քիչ առաջ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը որոշում կայացրեց բավարարել Հատուկ քննչական ծառայության դիմումը. Սիսիանի քաղաքապետ Արթուր Սարգսյանը երկու ամսով կալանավորվեց: 

Այս մասին դատարանի շենքից դուրս գալուց հետո հայտարարեց նրա պաշտպանը։ «Առանց որոշման հետ ծանոթանալու էլ հասկանում եմ, որ այն ապօրինի է կայացվել, քանի որ մենք ծանրակշիռ փաստական հանգամանքներ էին ներկայացրել»,- ասաց նա և հավելեց, որ որոշումը միանշանակ բողոքարկելու են վերաքննիչ դատարանում:

Ի աջակցություն Սարգսյանի՝ Շենգավիթի նստավայրի դիմաց են հավաքվել մի խումբ քաղաքացիներ, ինչպես նաև «Հայաստան» դաշինքի անդամները: 

Նշենք, որ ավելի վաղ ԿԸՀ-ն բավարարել էր Արթուր Սարգսյանին անձեռնմխելիությունից զրկելու և կալանավորելու թույլտվություն ստանալու դատախազության միջնորդությունները:

Հիշեցնենք, որ Արթուր Սարգսյանը մեղադրվում է ՀՀ Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի երկրորդ մասի (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) և 314-րդ հոդվածի առաջին մաս (պաշտոնատար անձի կողմից շահադիտական նպատակով կամ անձնական այլ դրդումներով կամ խմբային շահերից ելնելով՝ պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ կամ գրառումներ մտցնելը, կեղծում, քերվածք կամ այլ թվական գրառումներ կամ փոփոխություններ կատարելը, ինչպես նաև կեղծ փաստաթղթեր կազմելը կամ հանձնելը) հատկանիշներով:

Նշենք, որ Սարգսյանը քաղաքապետի պաշտոնը զբաղեցնում է մոտ 5 տարի:  2016թ. նոյեմբերի 13-ից մինչև 2017թ. նոյեմբերի 13-ն աշխատել է Սիսիան քաղաքային համայնքի ղեկավար: Սյունիքի մարզի համայնքների խոշորացումից հետո 2017թ. նոյեմբերի 5-ին ընտրվել է Սիսիան բազմաբնակավայր համայնքի ղեկավար։