Ապարանի բնակիչ Հովհաննես Գալստյանի տան ննջասենյակում գտնվող «Նիգ-Ապարան» հեռուստաընկերությունը զարմանալիորեն ոչ մի կապ չունի ապարանցիների մասին հայտնի անեկդոտների ու զվարճալի պատմությունների հետ:
Տան բակում գտնվող բարձր արբանյակային ընդունիչներն ու հեռարձակող աշտարակն արդեն հուշում են այն մասին, որ այստեղ գտնվում է իրական հեռուստաընկերություն:
1997-ին Հովհաննես Գալստյանն իր ընտանիքով է հիմնել «Նիգ-Ապարան» հեռուստաընկերությունը, որն ի սկզբանե տեղակայված էր իրենց ննջասենյակում` ընդարձակ անկողնու և զգեստապահարանի հարևանությամբ:
«Որոշեցինք տան մեջ հիմնել, որ անընդհատ տանը լինենք ու գործի տեղը չգնանք-գանք: Այստեղ դուք ընդամենը մահճակալ կարող եք տեսնել: Սենյակը սենյակ է, ի՞նչ տարբերություն: Պարզապես այդ հարմարությունը այնքանով է լավ, որ ես հաղորդումներ եմ տալիս, ստեղծագործական աշխատանքներ եմ անում, աշխատանքից հետո բազմոցը մոտս է: Դա կխանգարի ի՞նչ-որ բանի, ես մտածում եմ` չի խանգարի»,- ծիծաղելով ասում է Գալստյանը, ով մասնագիտությամբ ինժեներ-հիդրոտեխնիկ է:
Արմատներով ապարանցի 58-ամյա Հովհաննեսն ամուսնացած է, ունի երեք երեխա և երկու փոքրիկ թոռնիկ:
Գայանե Գալստյանը՝ Հովհաննես Գալստյանի կինը, նշում է, որ իր ծննդյան օրն էր՝ փետրվարի 28-ին, երբ հիմնեցին հեռուստաընկերությունը:
«Սկզբում աշխատելիս դժվարություններ կային: Դե, հիմնականում ամուսինս, ես, տղաս և աղջիկս էինք աշխատեցնում, անգամ սկեսուրս, որ տանը չէինք լինում, ծրագիրը միացնում էր, նրան սովորեցրել էինք: Միացնում էր, մինչև հասնեինք տուն: Այդպես ոնց որ մեր մոնոպոլիան լիներ»,- ասում է Գ. Գալստյանը:
Հաղորդումները պատրաստում և վարում էր Գայանեն, օպերատորությունն ու մոնտաժը անում էին ամուսինն ու որդին, իսկ ուղիղ եթերը վարում էր նաև դուստրը:
Անկողնու դիմացի պատին տեղադրված սարքավորումներով այս ընտանեկան հեռուստաընկերության անդամները մոնտաժում և հեռարձակում էին հաղորդումները, իսկ ուղիղ եթերի ժամանակ ննջասենյակը վերափոխում էին տաղավարի:
Անկողնու վերևում` պատին կախված հայկական զարդանախշերով գորգերի մոտ էլ լարերով ամրացված են լուսարձակները: Մոնտաժման սարքավորումները նոր տեխնոլոգիաների համեմատությամբ բավական հին են, սակայն ժամանակին Հովհաննեսն ինքն է իր ձեռքով հավաքել դրանք:
«Նայած` ինչ հաղորդում էր, ըստ դրա համապատասխան ձևավորում էինք տաղավարը: Այդ ժամանակ, կարելի է ասել, արդեն նման չէր լինում ինչ-որ սենյակի: Եղել են դեպքեր, երբ նախարարներ են եկել Ապարան, հյուրընկալել ենք մեր տաղավարում: Այդ ժամանակ անկողինը հանում-տանում էինք մյուս սենյակ, եթերից հետո նորից բերում-դնում տեղը»,- պատմում է Հ. Գալստյանը:
«Նիգ-Ապարանի» հեռուստահաղորդումները դիտում էին թե Ապարանում և թե շրջակա 10 գյուղերում:
«Մենք սկսեցինք հիմնականում ծննդյան շնորհավորանքներից, գեղեցիկ երաժշտություն, գեղեցիկ բարեմաղթանքներ, որից հետո լրջացավ մեր գործունեությունը: Այսինքն` քաղաքային լուրեր էինք տալիս, միջոցառումներն էինք մեկնաբանում, մանկական, կրոնական, նոր տաղանդների բացահայտող հաղորդումներ, որի ժամանակ Ապարանի շնորհալի երիտասարդները երգում էին կամ ասմունքում: Մենք հատուկ օր ունեինք, որ հնդկական կինոյի օր էր: Բայց ամեն ինչը մենք էինք ընտրում` որը կարելի է դնել, որը` ոչ»,- ասում է Գայանեն:
Տիկին Գալստյանը պատմում է, որ անգամ դեպքեր էին լինում, երբ բնակիչները առավոտյան զանգահարում էին տուն` բողոքելով, թե ինչո՞ւ են երեկոյան ֆիլմ դրել, որտեղ համբույրի տեսարան կա, քանի որ տան բոլոր անդամները` մեծից փոքր, տեսել են:
«Ապարան քաղաքում 90 տոկոսը իրար, ճանաչելուց բացի, բարեկամ է: Մի քիչ դժվար կլինի մարդկանց կողքին քայլել, մարդկանց հետ խոսել, եթե, ասենք, ինչ-որ մեկի անձին` չասեմ վիրավորական, պարզապես իրան հակառակ կարծիք հայտնես: Մինչև անգամ լրագրող ենք բերել դրսից, որ աշխատի: Քանի որ չէր ճանաչում ոչ մեկի, մտածեցինք` ազնիվ ձևով լրատվությունը կանի, բայց մեկ-երկու լրատվությունից հետո զգացինք, որ չի ստացվում լրատվությունը տալ, վեճի առարկա է դառնում, ու դրսի լրագրողն էլ չդիմացավ»,- ասում է Հ. Գալստյանը:
Նա պատմում է, որ տարիներ առաջ ընտանիքով որոշել էին հեռուստատեսությունը տնից առանձնացնել, տան կողքին առանձին տաղավարներով երկհարկանի շինություն կառուցել, բայց հնարավորությունները չեն ներել:
Արդեն 6 տարի է` «Նիգ-Ապարան» հեռուստաընկերությունը չունի սեփական արտադրության հաղորդումներ:
«Դե, տեխնիկապես հետ ընկանք: Մինչև 2015 թ-ը ՀՀ բոլոր հեռուստաընկերություններն անցնելու են թվայինի, իսկ մենք մրցույթին չմասնակցեցինք, որովհետև բավական մեծ ծախսերի հետ կապված հարցեր կային: Այսօր, եթե թվայնացման ես գնում, ամեն ինչը պետք է նոր տեխնիկայով լինի, բայց մեզ մոտ 30 տոկոսը ինքնաշեն է»,- ասում է Հ. Գալստյանը:
Հովհաննեսը կարծում է, որ հնարավոր է` հետագայում համագործակցեն մարզային հեռուստաընկերության հետ, բաժիններ ստեղծեն ու նյութեր հավաքեն, ու եթե ստուդիան պահպանվի, իր թոռնիկ Հովհաննես Գալստյանը կշարունակի պապի գործը:
Լիլիթ Առաքելյան
© Medialab.am