«Հո չե՞նք գնա ռուսների հետ կռվենք, խաչը կա, հերիք ա». Ամարասից դարձյալ իջեցվել է Արցախի դրոշը

Լուսանկարը՝ Արթուր Մանուչարյան

Ամարասի վանական համալիրի վրայից դարձյալ իջեցվել է օրերս երկար քննարկումներից հետո տեղադրված Արցախի պետական դրոշը: Նկատենք, որ նախկինում վանքում Արցախի դրոշ տեղադրված չի եղել, սակայն 44-օրյա պատերազմից հետո, երբ շփման գիծը կանգ է առել Ամարասից 800-1000 մետր հեռավորության վրա, որոշել են տեղադրել։

Վանքին մոտ գտնվող Մաճկալաշենի (Մարտունու շրջան – հեղ.) համայնքապետ Լեռնիկ Ավանեսյանը «Մեդիալաբին» ասում է՝ դրոշը վերջնականապես իջեցվել է:

«Ուժե հանվել ա, ու էլ չի դրվելու, վսյո: Արդեն մի չորս-հինգ օր ա, որ հանվել ա», – ասում է Ավանեսյանը:
Այդ որոշումը, նրա խոսքով, վերջնական է, և նման որոշում կայացրել է ռուսական կողմը: «Ռուսները հանել են դրոշը ու ասել՝ էլ չդնեք»,- փոխանցում է Մաճկալաշենի ղեկավարը:

Ավանեսյանն ասում է՝ ռուսները չեն բացատրում՝ ինչո՛ւ է նման որոշում կայացվել, ուղղակի հրաման են կատարում: «Չեմ կարա ասեմ՝ ադրբեջանցինե՞րն են ստիպում, թե՞ ոչ, իրանք ուղղակի ասում են՝ հրաման են կատարում: Դե որ իրանք էլ հրաման են կատարում, էլ մենք ի՞նչ ասենք, հո հետները չե՞նք կռվելու»,- նշում է Ավանեսյանը:

Գյուղում, նրա խոսքով՝ նորմալ են վերաբերվում հանգամանքին, որ Ամարասի վրա Արցախի պետական դրոշը չի լինի: Համայնքապետն ասում է՝ նախկինում էլ դրոշ չի եղել. «Որ ասեմ՝ էդքան ազդված ենք, չէ՛, էդ դրոշը տարիների ընթացքում չի էլ եղել էդտեղ, բայց, դե, հիմա վանքի գլխին խաչը կա, սիմվոլը կա, հերիք ա, էլի: Հա, որ լիներ, լավ կլիներ, բայց դե հիմա որ չկա, ինչ արած, հո չե՞նք գնա ռուսների հետ կռվենք, մեր անվտանգությունն իրենք են ապահովում»:

Ինչ վերաբերում է Մաճկալաշենի կյանքին, համայնքապետն ասում է՝ կյանքը նորմալ հունով ընթանում է, մարդիկ իրենց գործին են:

«Բերքահավաքը՝ խաղող-մաղող, սաղ հավաքել ենք, երկու օր ա՝ անձրև ա: Մարդիկ ապրում են, խանգարողներ չկան, գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս կրակոցներ չկան, թեկուզ պոստերից սաղ տենում են»,- նշում է համայնքապետը:

Եթե էսպես շարունակվի, լա՞վ է հարցին Ավանեսյանը արձագանքում է. «Լավ չի լինի, լավը եղել ա պատերազմից առաջ, երբ անասուն ունեինք, հողատարածքներ ունեինք, որտեղ անասուններն արածում էին: Հողերի մեծ մասը իրանց մոտն ա: Բայց ի՞նչ արած, ապրում ենք: Որ սենց մնա, էլի ոչինչ»:

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am