Երևանի 2020 թվականի բյուջեի փաստացի եկամուտները կազմել են շուրջ 73,3 մլրդ դրամ

Երևան քաղաքի ավագանին ընդունեց 2020 թվականի բյուջեի կատարման հաշվետվությունը հաստատելու մասին որոշումը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Երևանի քաղաքապետի տեղակալ Սերգեյ Ներսիսյանը նշեց, որ 2020 թվականի բյուջեի ընդամենը փաստացի եկամուտները կազմել են 73 մլրդ 364 մլն 346 հազար 200 դրամ, ծրագրված  84 մլրդ 941 մլն 605 հազար 900 դրամի նկատմամբ: Ընդհանուր առմամբ կատարողականը կազմել է 86.4 տոկոս:

«Ընդ որում` Երևան քաղաքի 2020 թվականի բյուջեի վարչական մասով ծրագրված 82 մլրդ 703 մլն 901 հազար 200 դրամ ընդամենը եկամուտների դիմաց փաստացի մուտքագրվել է 73 մլրդ 297 մլն 611 հազար 500 դրամ՝ ապահովելով 88.6% կատարողական: Երևանի 2020 թվականի ճշտված բյուջեով սեփական եկամուտները ծրագրվել են շուրջ 27 մլրդ դրամ, որի դիմաց փաստացի կատարողականը կազմել է 24 մլրդ 528 մլրն 951 հազար 800 դրամ։ Սեփական եկամուտների փաստացի հավաքագրման ցուցանիշը պակաս է 2019 թվականի համապատասխան ցուցանիշից 473 մլն 963 հազար 700 դրամով։ Երևանի 2020 թ. բյուջեի միջոցների հաշվին իրականացվել է 64 մլրդ 300 մլն 825 հազար 600 դրամի ծախսեր` կազմելով ճշտված ծրագրի 63.5%-ը։ Նախատեսված և փաստացի ծախսված գումարների տարբերությունները հիմնականում պայմանավորված են գնումների գործընթացում առաջացած խնայողություններով, պատվիրակված լիազորությունների մասամբ չկատարմամբ, ինչպես նաև COVID-19 համավարակի հետ արտակարգ և ռազմական դրության հետ պայմանավորված որոշ ծրագրերի չկատարմամբ»,- ասաց Ներսիսյանը:

Նրա խոսքով՝  Երևանի 2020 թվականի բյուջեի փաստացի եկամուտների 23.1%-ը ձևավորվել է հարկային եկամուտների և տուրքերի հաշվին:

Հարկային եկամուտների հավաքագրումը 2020 թ. թերակատարվել է, մասնավորապես փոխադրամիջոցների համար գույքահարկը հավաքագրվել է ծրագրվածից 312 մլն 884 հազար դրամով պակաս:

Երևանի 2020թ. բյուջեով այլ եկամուտների գծով նախատեսված էր 41 մլրդ 448 մլն 964 հազար դրամի մուտքեր, որի դիմաց փաստացի հավաքագրվել է 33 մլրդ 806 մլն 073 հազար 500 դրամ:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության ավագանու անդամ Միքայել Մանրիկյանի համար մտահոգիչ է 2020 թվականի բյուջեի կատարողականը: «Վերջին տարիներին մեր բյուջեի կատարողականը պակասում է: 2016-2017 թվականների կատարողականի հետ համեմատելով տեսնում ենք, որ պակասորդը բավականին մեծ է»,- նշեց Մանրիկյանը և իր դժգոհությունը հայտնեց նաև կանաչապատման, ինչպես նաև առողջապահական ոլորտների վերաբերյալ:

 Ֆինանսավարկային տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը նախագծին տվել է դրական եզրակացություն:

Որոշումն ընդունվեց 37 կողմ, 5 դեմ և 2 ձեռնպահ ձայներով: