Կրթությո՞ւն, թե՞ պաշտպանություն. Առանց տարկետման իրավունքի 18 տարեկաններին բանակ զորակոչելու նախագիծը` մտահոգությունների առիթ

01-05-2016
11834 դիտում
Կրթությո՞ւն, թե՞ պաշտպանություն. Առանց տարկետման իրավունքի 18 տարեկաններին բանակ զորակոչելու նախագիծը` մտահոգությունների առիթ

Արական սեռի ներկայացուցիչներին տարկետում չտալու և 18 տարին լրանալու դեպքում պարտադիր բանակ զորակոչելու որոշումը կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելու փոխարեն կավելացնի դրանք:

«Ի հայտ կգան կոռուպցիոն այլ մեխանիզմներ, մի խոսքով, համակարգը բուժելու փոխարեն, նոր մարտահրավերների առաջ կկանգնենք: Ոչ թե պետք է գնալ կրթությամբ ու գիտությամբ զբաղվելու հնարավորությունների սահմանափակման ճանապարհով, այլեւ թեկուզ ժամանակավորապես, բարձրագույն կրթական համակարգի, գիտության բնագավառի բարեփոխման ճանապարհով, այսինքն, անխտիր բոլորին չզորակոչել, գիտությամբ զբաղվող երիտասարդին հնարավորություն տալ շարունակել իր ուսումը »,- «Մեդիալաբին» ասում է Արթուր Սաքունցը:

Հիշեցնենք, որ Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ օրերս պատգամավոր Ռուբիկ Հակոբյանը հիշեցրեց, որ մեկ տարի առաջ պատգամավոր Թևան Պողոսյանի հետ նախագիծ է ներկայացրել կառավարություն, որի համաձայն, 18 տարեկանը լրացած արական սեռի ներկայացուցիչները պետք է ծառայեն բանակում, նրանց ուսման նպատակով չպետք է տրվի տարկետում:

Իսկ երբ Հակոբյանը հետաքրքրվեց, թե ի՞նչ է այս մասին մտածում կառավարությունը, կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանն պատասխանեց, թե նախագիծը չի մերժվել:

«Ձեր գաղափարը լրամշակված տեսքով շատ շուտով կառավարությունը ներկայացնելու է խորհրդարան: Բացառությամբ որոշ դեպքերի մենք այդ լուծումը տալու ենք»,- հայտարարեց Դավիթ Հարությունյանը:

Տեղեկացնենք, որ այս առաջարկությունն ի հայտ եկավ այն քննարկումների ֆոնին, որ սահմանին այսօր կռվում են մեծամասամբ սոցիալապես անապահով ընտանիքների երեխաները, իսկ պաշտոնյաների զավակները ասպիրանտուրա ու մագիստրարտուրա սովորելու անվան տակ խուսափում են ծառայությունից:

«Պետք է վերլուծել եւ հասկանալ՝ ովքեր են այսօր կարողանում բարձրագույն կրթություն ստանալ, ովքեր են կարողանում գիտական թեզեր պաշտպանել և տարկետում ստանալ, ովքեր են կարողանում ասպիրանտուրա ընդունվել և այլն»,- ի պատասխան լրագրողների այն հարցերին, թե ինչո՞ւ են սահմանին հիմնականում սոցիալապես անապահով ընտանիքների զավակները կանգնած պատասխանել էր ՊՆ նախարար Սեյրան Օհանյանը:

Օրենսդրական նախաձեռնության հեղինակները վստահեցնում են, որ այդ խնդիրը կարելի է լուծել: Նրանք առաջարկում են բոլոր տղաներին 18 տարին լրանալուն պես, անխտիր բանակ զորակոչել, որպեսզի գիտությամբ զբաղվելու անվան տակ խուսափողներ չլինեն:

Իսկ արական սեռի այն քաղաքացիները, ովքեր իսկապես ցանկանում են ստանալ բարձագույն կրթություն, ըստ նախագծի հեղինակների, կարող են լծվել այդ գործին պարտադիր զինվորական ծառայությունն անցնելուց հետո:

Սակայն, իրավապաշտպան Արթուր Սաքունցը լուրջ մտահոգություններ է հնչեցնում նախաձեռնության հետ կապված: Նա հիշեցնում է, որ սա արդեն երկրորդ դեպքն է անկախ Հայաստանի պատմության մեջ, երբ  18 տարեկանը լրացած երիտասարդներին պարտադիր բանակ զորակոչելու և տարկետում չտալու հարցը ՀՀ օրենսդիր մարմինը բարձրացնում  է: Ընդ որում 1997 թվականի հունիսի 11-ին ՀՀ պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի` քննարկման բերած զինապարտության մասին օրենքը բուռն քննարկման առիթ է հանդիսանում:

«Այս խնդրի բարձրացման համար հերթական անգամ հիմնավորում չեն ներկայացնում: Նույնիսկ, եթե համեմատենք 1997 թվականի իրավիճակի հետ, տարօրինակ է, որ նման հարց բարձրացվում է, որովհետև 19 տարին բավարար ժամանակ էր բովանդակային վերլուծության ու հիմնավորման համար, որպեսզի հերթական անգամ հարցը ոչ միայն բարձրացվի պահի հրամայականից ելնելով, այլև հանրությանը ներկայացնենք հստակ հիմնավորումներ, թե ինչով է պայմանավորված դա»,- «Մեդիալաբին» ասում է Սաքունցը:

Ըստ նրա, առաջին հայացքից թվում է, թե դա պայմանավորված է զուտ զորակոչի ռեսուրսների ոչ բավարար քանակով: Բայց մյուս կողմից պայմանագրային ծառայության միջոցով այդ հարցը լուծվում է:

Հետևաբար, ըստ Սաքունցի, հարց է ծագում, թե ինչո՞ւ է անհրաժեշտ նման որոշում կայացնել:

«Այստեղ այնպիսի տպավորություն է, որ հերթական անգամ իշխանության կողմից պաշտպանության ապահովման առաջարկություն է ներկայացվում՝ առանց խորքային պատճառներին անդրադառնալու: Որո՞նք են այն պատճառները, որոնք ձեզ ստիպում են նման առաջարկությամբ հանդես գալ: Կամ խոստովանեք, որ դուք զինված ուժերի թվաքանակի հետ կապված խնդիր ունեք, կամ խոստովանեք, որ այդ պայմանագրային ծառայության միջոցով լրացման ինստիտուտի հետ խնդիրներ ունեք: Այն մանիպուլյացիան, որ գնում է՝ կրթությո՞ւնն է կարևոր, թե՞ պաշտպանությունը, արհեստական է, որովհետև երկուսն էլ կարևոր են»,- ասում է  նա:

Սակայն, Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն այլ կարծիքի է: Նա շեշտում է, որ  կարևորը երկրի պաշտպանությունն է:

«Ինձ թվում է, որ մեր հայրենիքը, անկախությունը և հողերը յուրաքանչյուր ուսումից ավելի թանկ է»,- «Մեդիալաբին» ասում է Վահրամ Բաղդասարյանը:

Ըստ ՀՀԿ խմբակցության ղեկավարի, այդ հարցի վերաբերյալ վերջնական որոշում կայացնելու համար պետք է տեսնել, թե ինչ քաղաքական ու ռազմական զարգացումներ կլինեն ապագայում:

Նա նշում է, որ մեկ այլ առաջարկություն էլ կա, որ բոլոր դպրոցներում և ընդհանրապես մարզերում կանանց ու աղջիկներին հնարավորություն ընձեռվի, որպեսզի բժշկական օգնության, զենքերը քանդել-հավաքելու, ռազմական հմտություններին տիրապետելու դասընթացներ անցկացվեն: Բաղդասարյանի խոսքով՝ այս առաջարկությունը եղել է հենց կանանցից:

Արթուր Սաքունցի խոսքով՝ եթե իշխանությունների մոտ կա մտավախություն, որ գիտությամբ զբաղվելը հանդիսանում է որպես զինվորական ծառայությունից խուսափելու միջոց, որի մասին նոր են սկսում բարձրաձայնել, ապա պետք է նկատել, դա նոր խնդիր չէ:

«Այսինքն, եթե դուք չեք կարողանում զինվորական ծառայությունից խուսափելու այդ կոռուպցիոն հերթական մեխանիզմը դադարեցնեք, որպեսզի միայն նրանք զբաղվեն գիտությամբ, ովքեր իրոք դրանով հետաքրքված են, բոլորին եք զրկում գիտությամբ զբաղվելու հնարավորությունը, ստացվում է, որ ձեր սեփական թերությունները փորձում եք հերթական անգամ կոծկել: Դա առավել քան հանցավոր միտում է»,- ասում է իրավապաշտպանը:

Ըստ նրա, Հայաստանին պետք են կիրթ ու խելացի մարդիկ. «Իսկ եթե, կներեք, ձեր անգրագետներով լրացրել եք այդ բնագավառը՝ զրելով սոցիալապես անապահովներին այդ բնագավառներում ինքնադրսևորվելու հնարավորությունից, խնդիրը չի լուծվում այդ բնագավառը պարտադիր զորակոչի միջոցով պարտակելով»:

Ըստ նրա, պետք է ապահովել, որպեսզի մարդիկ, անկախ իրենց սոցիալական դիրքից, կարողանան ինքնադրսևորվել: Սեփական համակարգային թերությունները, կոռուպցիոն բովանդակությունը փորձել սքողել՝ ունենալով զուգահեռ այդ կոռուպցիոն մեխանզիմները կիրառելու լիազորությունը, դա աճպարարություն է ու անթույլատրելի:

Արթուր Սաքունցը միաժամանակ հարցադրում է անում՝ այդ նորմը տարածվելո՞ւ է հոգևորականների վրա, որոնց զորակոչից տարկետում ստանալու և զինվորական ծառայությունից խուսափելու հնարավորություն է տվել կառավարությունը:

«Թե՞ այնուամենայնիվ լինելու են ընտրյալներ, որոնց նկատմամբ բացառություններ են լինելու: Խոսքը վերաբերում է նաև պաշտոնյաների երեխաներին: Այսինքն՝ նման նորմի ընդունումն առաջին հայացքից հանգեցնում է սոցիալական անարդարության ծաղկմանը»,- ասում է իրավապաշտպանը:

Էմմա Մանուկյան

© MediaLab.am