ԱԺ խորհուրդը մերժել է ավելի շուտ արտահերթ նիստ անցկացնելու ընդդիմության միջնորդությունը

Ազգային ժողովի խորհուրդը մերժել է արտահերթ նիստը հնարավորինս շուտ անցկացնելու վերաբերյալ ընդդիմադիր խմբակցությունների միջնորդությունը: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ խորհրդի նիստից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը:

«Խորհուրդը չընդունեց այդ առաջարկը: Եվ կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը՝ խորհրդի իր կազմով դեմ քվեարկեց այս նախագծին»,–ասաց Կոնջորյանը:

Խմբակցության ղեկավարն ընդգծեց՝ ընդդիմության առաջարկած արտահերթ նիստի օրակարգի ուղերձի տեքստի մեջ 2 հատված կա: Կան քաղաքական բնույթի հարցեր, որոնք վերաբերում են անվտանգային հարցերին, սահմանազատմանը, սահմանագծմանը:

«Ես առաջարկեցի, որ մեր գործընկերները գան և վաղը մեկնարկող նիստերի ընթացքում քննարկենք իրենց ունեցած բոլոր հարցերը, իրենց բոլոր մտահոգությունները կառավարության հետ հարցուպատասխանին ուղղեն ՀՀ ընտրված վարչապետին և կառավարությանը: Իսկ ուղերձում տեղ գտած մյուս հարցի մասով, ինչպես հայտնել ենք մինչև այս պահը, նման օրակարգ չունենք, հետևաբար չենք պատրաստվում քննարկել»,–ասաց նա:

Ըստ ԱԺ կանոնակարգ օրենքի՝ եթե անհրաժեշտ թվով պատգամավորներ դիմում են արտահերթ նիստի համար, 5 աշխատանքային օրվան հաջորդող օրը իրավունքի ուժով գումարվում է արտահերթ նիստը:

«Այդ արտահերթ նիստը կարող է տեղի ունենալ, կարող է տեղի չունենալ: Մենք նման օրակարգ չունենք ՝դրանից բխող բոլոր հետևանքներով»,–հավելեց Կոնջորյանը՝ հավելելով, որ այդ օրակարգն իրենց համար քննարկելի չէ: