Իշխանությունը կօգտագործի եվրոպական օրակարգը՝ որպես գործոն վերարտադրվելու համար. Անդրիաս Ղուկասյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ, Հայ կառուցողական կուսակցության նախագահ Անդրիաս Ղուկասյանը 

– Պարո՛ն Ղուկասյան, քաղաքական որոշ ուժեր լսումներ են կազմակերպել խորհրդարանում՝ Հայաստանի՝ Եվրամիությանն անդամակցելու հարցով, ու իշխանությանը կոչ են անում հնարավորինս արագ կազմակերպել հանրաքվե այս առնչությամբ։ Ինչպե՞ս եք գնահատում այդ ուժերի նախաձեռնությունը, և հանրաքվեի անցկացումը պարտադի՞ր է ԵՄ-ին անդամակցելու համար։ 

– Եվրամիությանն անդամակցելու համար հանրաքվեն պարտադիր պայման է, Սահմանադրությամբ սահմանված է, որ վերպետական միջազգային կազմակերպություններին անդամակցելու հարցը որոշվում է հանրաքվեով, ուստի մինչև ԵՄ-ին անդամության հայցով դիմելը Հայաստանը պետք է ունենա ժողովրդի դիրքորոշումն այդ հարցի վերաբերյալ։ Այսինքն՝ հանրաքվեն պետք է լինի առաջին քայլը։ 

Մեր կուսակցությունը մինչև սեպտեմբեր հանրաքվե նշանակելու հարցում ևս համաձայն է, առհասարակ, մենք համարում ենք, որ Հայաստանի տնտեսական զարգացման համար Եվրամիությանն անդամության հարցը մեծ նշանակություն ունի, առանց դրա Հայաստանն օտարերկրյա ներդրումներ տեսանելի ապագայում չի կարող բերել։ Այս առումով մենք գտնում ենք, որ այս լուծումները, որոնք կառավարությանը օժանդակող ուժերն առաջ քաշեցին, դրական է:

Առնվազն մենք կստանանք իշխող ուժի դիրքորոշումն այս հարցում, արդեն հանձնաժողովի մակարդակով քննարկման ժամանակ Արսեն Թորոսյանը հնչեցրեց, որ իշխող ուժը մտադիր չէ ո՛չ այս տարի, ո՛չ 2025 թվականին նման հարց հանրաքվեի դնել, հանրաքվեի դնելը լավագույն դեպքում կարող է դիտարկվել ընտրությունների հետ միասին։ 

Մեր կարծիքով՝ սա նշանակելու է, որ հերթական անգամ առաջինը՝ պահպանել աշխարհաքաղաքական անորոշությունը Հայաստանի համար, երկրորդը՝ օգտագործել եվրոպական օրակարգը, ինչպես 2013-ի ընտրություններում Սերժ Սարգսյանն օգտագործեց Եվրամիության հետ ասոցացման պայմանագիրը՝ որպես գործոն վերարտադրվելու համար։ Այս առումով դատապարտում ենք Արսեն Թորոսյանի հնչեցրած դիրքորոշումը։ 

– Կարծում եք, որ Կառավարության պատասխա՞նն էլ կլինի նույնը, ինչպես արդեն ասել է Արսեն Թորոսյանը։

– Արսեն Թորոսյանը վերնախավի դիրքորոշումն է արտահայտել, դեռ լսումները կամփոփվեն, բայց մենք այլ բան չենք էլ սպասում իշխող ուժից: «Քաղաքացիական պայմանագիրը» փորձում է հնարավորինս սպասարկել Թուրքիայի շահերը թե՛ հայ-ադրբեջանական, թե՛ հայ-թուրքական օրակարգերում։ 

Թուրքիայի համար Հայաստանի ԵՄ անդամությունը, բնականաբար, բացասական է, նա կողմնակից է տարածաշրջանում «3+3» ձևաչափին, որ միայն ինքը, Ռուսաստանն ու Իրանը ազդեցություն ունենան Վրաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի վրա։ Այսինքն՝ ուղիղ հակասությունների մեջ է գտնվում ԵՄ-ի ցանկության հետ, Թուրքիան փորձում է Եվրամիությանն ու ԱՄՆ-ին համոզել, որ ինքը լինի այն պետությունը, որի միջոցով Արևմուտքի շահերը ներկայացված լինեն Հարավային Կովկասում։ Մենք տեսնում ենք, որ ԵՄ-ի ու ԱՄՆ-ի կողմից Թուրքիայի նկատմամբ վստահություն չկա այն աստիճանի, որ նման քաղաքականությունը օժանդակություն ստանա։ 

Բոլորին հասկանալի է, որ Հայաստանի խորհրդարանը բաղկացած է ոչ հայամետ մեծամասնությունից ու ռուսամետ ընդդիմությունից, որոնք իհարկե ԵՄ օրակարգին պետք է դեմ լինեն։ Եթե ռուսամետ ուժերը դա կանեն բացահայտ, ապա ոչ հայամետ ուժերը կփորձեն դա, ինչպես Արսեն Թորոսյանը ներկայացրեց, հետաձգելով, ստորադասելով իրենց վերարտադրության շահերին։ Սա մեզ համար հասկանալի է, պայքար պետք է լինի, տեսնենք, թե ինչպես կզարգանան իրադարձությունները։

– Պարո՛ն Ղուկասյան, եթե իշխանությունը դեմ է դրան, ինչպես ասում եք, ապա ինչո՞ւ է արտգործնախարար Արարատ Միրզոյանը հայտարարում, որ Հայաստանը սերտացնում է համագործակցությունը Եվրամիության հետ։

– Դա այդ «խորամանկ» քաղաքականությունն է՝ իրենց տեսակետից, որ այդկերպ կարելի է ձգելով սպասել, թե Ուկրաինայում պատերազմն ինչո՛վ կավարտվի, ընտրություններն ԱՄՆ-ում ինչո՛վ կվերջանան, ու ըստ այդմ Հայաստանի քաղաքականությունը կերևա հետո։ 

Այդ պատրվակներով իրենք ժամանակ ձգելու վարքագիծ են դրսևորում իրականում, սա հասկանում են և՛ Եվրամիությունը, և՛ ԱՄՆ-ն ու դրան համաչափ արձագանքում են՝ և՛ Հայաստանից, և՛ Ադրբեջանից պահանջելով խաղաղության պայմանագրի հարցերում կողմնորոշում, Եվրամիության հետ հարաբերություններում կողմնորոշում։ Այսօրվա արտաքին քաղաքականության գլխավոր հարցը Հայաստանի աշխարհաքաղաքական անորոշությունից դուրս գալու հարցն է։ 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am