Բագրատ Սրբազանը կարողացավ խոսել ժողովրդի հետ, դրա համար էլ վարչապետը չկարողացավ օրակարգն իր կողմ բերել. Արմեն Բադալյան 

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը

– Պարո՛ն Բադալյան, այսօր՝ մայիսի 26-ին, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը հայտարարել է, իրենց խոսքով ասած՝ վճռորոշ հանրահավաք։ Կխնդրեմ ձեր դիտարկումներն այս ընթացքում թե՛ շարժման և թե՛ իշխանության գործողությունների, հայտարարությունների վերաբերյալ։

– Նշենք, որ ի տարբերություն 2020 թվականից հետո եղած երկու շարժումների՝ «Հայրենիքի փրկության» և «Դիմադրության», այս շարժումը ունի երկարաժամկետ ծրագրային գործողություն, որը չի բացահայտվում: Եթե նախորդ երկուսի դեպքում կարող էիր գլխի ընկնել, թե ինչ կարող է տեղի ունենալ, ապա հիմա այնպես է ծրագիրը գծված, որ ոչ ոք չի հասկանում, թե հետո ինչ է տեղի ունենալու։ Սրանով էլ պայմանավորված՝ իշխանությունն ունի մտահոգություն, որովհետև չի հասկանում, թե ո՛րն է լինելու հաջորդ քայլը, որը հնարավոր լինի չեզոքացնել։ 

Երկրորդ՝ եթե նախորդ շարժումների ժամանակ կային բազմաթիվ կուսակցության ղեկավարներ, որոնց միջոցով կամ այդ շարքերում ներդրված մարդկանց միջոցով հնարավոր կլիներ իշխանության համար ինֆորմացիա ստանալ, ապա այստեղ դա բացակայում է։ Այստեղ միայն Բագրատ Սրբազանն է գործընթաց իրականացնողը, ու անգամ կողքին կանգնած մարդիկ, ինչպես ես եմ հասկանում, չգիտեն հաջորդ օրվա անելիքը։ 

Երրորդ՝ ի տարբերություն նախորդների, այստեղ չկան ամենօրյա նույնական գործողությունները, որոնք մաշեցնում են շարժումը, այստեղ եղան հանրահավաք ու մեկ-երկու օր ձևական անհնազանդության գործողություններ, որոնց ժամանակ կարևոր չէր արդյունքը, այլ ավելի կարևոր էր փիար էֆեկտը՝ ցույց տալ, որ այդ գործողությունը անում ենք, ինչը ցույց է տալիս, որ այն ծրագիրը, որը գծված է ու իրականացվում է, հաշվարկված է, այնպես չէ, որ չստացված ակցիա էր փողոց փակելը և այլն։ 

Եվ որպեսզի մինչև մայիսի 26-ն ընկած ժամանակահատվածը դատարկ չմնար, Բագրատ Սրբազանը սկսեց այդ հանդիպումների շարքը տարբեր ոլորտի ներկայացուցիչների հետ, բայց ամենևին նպատակ չունենալով թիմակիցներ հավաքել, նրանցից ինֆորմացիա ստանալ: Ո՛չ, իմ գնահատմամբ՝ դա ժամանակ ձգելու միջոց էր, ինչպես արդեն ասացի։ 

Քաղտեխնոլոգիապես բավականին լավ է կազմակերպված այն ֆլեշմոբը, որը սկսեցին այս օրերին, որին մասնակցում են տարբեր մշակութային գործիչներ, որ իրենք մասնակցելու են հանրահավաքին։ Այս շարժման կարևոր առանձնահատկությունն այն է, որ, ի տարբերություն նախորդների, այստեղ ստացվեց կոմունիկացիան մարդկանց հետ, հասարակությունը լսեց ու ընկալեց այս անգամ։ 

Բագրատ Սրբազանը կարողացավ խոսել ժողովրդի հետ, ինչպես 2018-ին դա արեց Նիկոլ Փաշինյանը, դրա համար էլ վարչապետը չկարողացավ օրակարգն իր կողմ բերել, որովհետև հայտնվեց մեկը, որը ևս կարողացավ հասկանալի ու ընկալելի ձևով խոսել ժողովրդի հետ։ Այսինքն՝ Սրբազանը կարողացավ Նիկոլ Փաշինյանից վերցնել այդ մենաշնորհը, մի բան էլ ավելի՝ նա ավելի գրագետ է խոսում։ 

Շարժման այս խորհրդավորությունը, որ դու չես իմանում, թե ինչ է լինելու հետո, այն դարձնում է ավելի գրավիչ, այսինքն՝ այս փաստը մեծացնում է հասարակության հետաքրքրությունը, օրինակ՝ մայիսի 26-ի հանրահավաքի նկատմամբ հետաքրքրությունն ավելի է մեծացել։ 

Շարժման հետ կապված մեկ շատ կարևոր բան ևս եղավ, որն անպայման պետք է նշեմ․ շարժման ղեկավարը թույլ չտվեց, որ կողքից այլ շահեր ներկայացնող խմբավորումների ներկայացուցիչներ մտնեն շարժման մեջ ու այն իրենցով անեն։ Դա երևաց հատկապես նախկին օմբուդսմեն Արման Թաթոյանի պարագայում, որը փորձեց մտնել շարժման մեջ, իրենով անել շարժումը ու անմիջապես մի կողմ մղվեց։ 

Ու մինչև հիմա շարժումը ղեկավարում է մի հոգի։ Մի բան սակայն կարող եմ հստակ ասել, որ սա ինքնաբուխ շարժում չէ, սա հստակ ծրագրված գործընթաց է, որը նախագծվել է նախօրոք, հաշվարկված։ ՔՊ-ականները շատ են խոսում, թե այս շարժումը նախագծել ու իրագործում է Ռուսաստանը, բայց պետք է շատ զգույշ լինել այդ հայտարարություններում, որովհետև կարող է պարզվել, որ այս շարժման հետևում ամենևին էլ Ռուսաստանը չէ, ու լրիվ այլ երկիր է, որը նպատակ ունի ամբողջ ղեկավար թիմը փոխել, իհարկե դժվար է հստակ ասել, թե ո՛վ է։

– Չնայած Սրբազանի հավաստիացումներին, թե այս շարժումը ծրագրված չէ, որ քաղտեխնոլոգներ կամ այլ մասնագետներ չեն աշխատում, դուք պնդում եք, որ այս շարժումը նախապես ծրագրված ու քայլերը լավ մշակվա՞ծ են։

– Բնական է, որ Սրբազանը պետք է այդպես ասեր, ես նայում եմ մասնագիտական աչքով, ու տեսնում եմ, որ կան մասնագիտացված հատուկ մարդիկ, որոնք հստակ գիտեն, թե ինչ նկարներ պետք է դրվեն, ինչ գործողություններ պետք է արվեն։ Շատ հստակ տեսնում եմ մասնագիտական ձեռք, որն ուղեկցում է այս շարժմանը։ Շարժման երգն է բավականին հաջողված ու տեղին, հանդիպումները, նման բաներ ինքնաբուխ չեն լինում, մեկ անգամ պատահական հնարավոր է, բայց մի քանի անգամ՝ ո՛չ։ 

– Պարո՛ն Բադալյան, իսկ իշխանության գործողություններն ու հայտարարություններն այս ընթացքում ի՞նչ նպատակ էին հետապնդում։

– Իշխանությունը չի հասկանում, թե ո՛վ է կանգնած այս շարժման հետևում․ փորձեցին կապել ռուսների հետ՝ չկապվեց, փորձեցին կապել երկրորդ նախագահի հետ՝ չկապվեց, փորձեցին պատերազմի քարոզիչ, հակապետական ներկայացնել շարժման մասնակիցներին՝ չստացվեց, այսինքն՝ քանի որ չեն հասկանում, մեխանիկորեն սկսեցին ինչ-որ հայտարարություններ անել։ Գործողություններն ավելի կոշտացրին, ոստիկանական ռեպրեսիաներով փորձեցին ջարդել դիմադրությունը, բայց հասկացան, որ դա էլ չի եղել, ինչն է՛լ ավելի է անհանգստացնում իրենց։ 

– Մայիսի 26-ի հանրահավաքը, ըստ ձեզ, նույնքան մարդաշատ կլինի՞, ինչպիսին մայիսի 9-ինն էր։

– Չեմ կարող ասել, բայց մի բան ասեմ, որ հանրահավաքի բազմամարդությունն արդեն կարևոր չէ, որովհետև դա չէ որոշիչն այս գործընթացում, այն ծրագրված գնում է, որտեղ հանրահավաքը հերթական միջոցառումն է այսպես կոչված, որին պետք է հաջորդի գործողություն, թե որն է դա, գիտեն նրանք, ովքեր ծրագրել են։ Հաջորդ փուլը կարող է շատերի համար զարմանալի լինել, բայց այնպես չէ, որ հանրահավաքով պետք է այդ փուլը լինի, մարդաշատությամբ ճնշեն իշխանությանը, չէ՛, այդ հանրահավաքն այդ նպատակը չունի։ 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am