Հայկական Կարմիր խաչի ընկերության վրա արգելանք է կիրառված. Factor

Հայկական Կարմիր խաչի ընկերության շուրջ ինտրիգը շարունակվում է։ Ընկերության երկու խմբի բաժանված աշխատակիցները շարունակում են պայքարել ղեկավար կազմի պաշտոնների համար։

Ավելի վաղ Factor.am-ը հայտնել էր, որ նախկին գլխավոր քարտուղար Աննա Եղիազարյանի և նախագահ Մխիթար Մնացականյանի հարաբերությունները լարվել են, ինչից հետո Աննա Եղիազարյանն արտահերթ համագումար է հրավիրել և ընտրվել Հայկական Կարմիր խաչի ընկերության նախագահ։ Աննա Եղիազարյանն իր փոխարեն գլխավոր քարտուղար էր նշանակել Նունե Գրիգորյանին։

ՀՀ արդարադատության նախարարությունից Factor.am-ին հայտնեցին, որ փետրվարի 19-ին Արդարադատության նախարարության պետական ռեգիստրի գործակալություն մուտք է արվել ՀԿԽԸ գործադիր մարմնի ղեկավարի փոփոխության պետական գրանցում կատարելու վերաբերյալ կազմակերպության փետրվարի 19-ի նախագահության նիստի որոշմամբ գլխավոր քարտուղար նշանակված Նունե Գրիգորյանի դիմումը:

«Փետրվարի 26-ին իրականացված լսումների արդյունքում որոշվել է Նունե Գրիգորյանի՝ կազմակերպության գործադիր մարմնի ղեկավարի փոփոխության պետական գրանցումը մերժել, քանի որ չեն պահպանվել արտահերթ ժողով գումարելու վերաբերյալ «Հասարակական կազմակերպությունների մասին» օրենքով և կազմակերպության գործող կանոնադրությամբ նախատեսված դրույթների պահանջները:

Մասնավորապես, համագումարի իրավազոր չլինելու պայմաններում՝ այն չէր կարող ձևավորել նոր նախագահություն, հետևաբար՝ 2024թ. փետրվարի 19-ին՝ Կազմակերպության գործադիր մարմնի ղեկավարի՝ գլխավոր քարտուղարի փոփոխության դիմումին կից ներկայացված նախագահությունը իրավազոր չէր որոշումներ ընդունել: Այսպիսով՝ մերժվել է «Հայկական Կարմիր խաչի ընկերություն» հասարակական կազմակերպության գործադիր մարմնի ղեկավարի՝ գլխավոր քարտուղարի փոփոխության պետական գրանցումը: Մարտի 4-ին Աննա Եղիազարյանի և Նունե Գրիգորյանի ներկայացուցիչ Կարեն Մովսիսյանի բողոքի հիմքով հարուցվել է վարչական վարույթ:

Բողոք բերող անձը խնդրել է անհապաղ հաստատել ՀԿԽԸ նախագահության փետրվարի 8-ի որոշումը և Արթուր Արիստակեսնին՝ որպես կազմակերպության գլխավոր քարտուղար/գործադիր տնօրենի գրանցման առ ոչինչ լինելը, ինչպես նաև Նունե Գրիգորյանին նշանակել կազմակերպության գլխավոր քարտուղար՝ համաձայն փետրվարի 19-ի որոշման: Մարտի 18-ին իրականացված լսումների արդյունքում՝ որոշվել է մերժել բողոքը և գլխավոր քարտուղարի փոփոխության պետական գրանցման վերաբերյալ վարչական ակտը թողնել անփոփոխ: Մերժման համար հիմք են դարձել վարչական հիմունքների և վարչական վարույթի մասին օրենքի դրույթները չպահպանելը:

Որոշումը փոխանցվել է կողմերին ու ենթակա է բողոքարկման երկամսյա ժամկետում»,- հայտնեցին Արդարադատության նախարարությունից։ Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի համաձայն Հայկական Կարմիր խաչի ընկերության վրա արգելանք է կիրառաված։ «Պարտավորեցնել ՀՀ ԱՆ պետ.ռեգիստրի գործակալությանը՝ մինչև սույն քաղաքացիական գործով կայացվելիք եզրափակիչ դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը ձեռնպահ մնալ 15.02.2024 թ. արտահերթ հանրագումարի արդյունքում ընտրված նախագահության կողմից նշանակված ԿՀԽԸ ՀԿ գլխավոր քարտուղարի փոփոխության գրանցման կատարումից»,-նշված է ռեգիստրում։

Նույն աղբյուրի համաձայն՝ գլխավոր քարտուղարի պաշտոնը զբաղեցնում է Արթուր Արիստակեսյանը, որը նշանակվել է այս տարվա փետրվարին։ Այուհանդերձ, Գլխավոր դատախազությունը Քննչական կոմիտեին հանձնարարել է ուսումնասիրել Աննա Եղիազարյանի կողմից ներկայացված հաղորդումը՝ քրեական վարույթ նախաձեռնելու կամ չնախաձեռնելու համար։

Այս մասին Factor.am-ին փոխանցում են դատախազությունից։ Միաժամանակ դատախազությունը մերժել է գործող քարտուղարի՝ Արթուր Արիստակեսյանի հաղորդման հիման վրա քրեական վարույթ նախաձեռնելը։

Հիշեցնենք՝ երբ այս թեմայի շուրջ քննարկումներ ծավալվեցին, Factor.am-ը պարզեց, որ կառույցում մեկ այլ խնդրահարույց երևույթ կա։

Թե՛ Աննա Եղիազարյանը, թե՛ Մխիթար Մնացականյանը, որոնք , ի դեպ, ազգականներ են, իրենց բարեկամներին տարբեր պաշտոնների են նշանակել կառույցում։