«Ինձ փրկեց կյանքի հանդեպ ունեցած սերը». Մարիամ Գևորգյան, կին, ով հաղթեց

08-03-2014
46793 դիտում
«Ինձ փրկեց կյանքի հանդեպ ունեցած սերը». Մարիամ Գևորգյան, կին, ով հաղթեց

Խոշոր հանդարտ աչքերով Մարիամը դանդաղորեն ժպտում է՝ վեր հանելով խոշտանգումներից չարչրկված մաշկի հետևում թաքնված բնավորությունը: 

«Ինձ փրկեց կյանքի հանդեպ ունեցած սերը,- «Մեդիալաբին» ասում է Մարիամ Գևորգյանը,-իսկ այժմ ձգտում եմ առաջ նայել` մտածելով, որ ամեն ինչ էլ մարդու համար է»:

Մոտ 5 տարի առաջ ամուսնանալով ու Սանկտ Պետերբուրգ գնալով` 20-ամյա Մարիամ Գևորգյանը չէր պատկերացնում, որ երազելու է հոր տան մասին: Նա հետ վերադարձավ այլազանված մարմնով ու խորը վախերով, որոնք մինչև այժմ էլ ամբողջությամբ չեն անցել:

«Նույն վախերը  դեռ էլի կան ու ինձ ապահով չեմ զգում,- «Մեդիալաբին»  ասում է  նա,- իրենք Արտաշատում են, ես մի գյուղ էն կողմ, ճանապարհին-բանին հնարավոր է տեսնեմ իրենց, ու քանի որ սպառնալիքներ են հնչում իրենց ազգականների կողմից` անկախ ամեն ինչից դու անհանգստանում ես»: 

Ամուսնության տասն ամիսների ընթացքում Մարիամը պարբերաբար դաժանորեն ծեծվել ու խոշտանգվել է ամուսնու՝ Դավիթ Զիրոյանի և սկեսրոջ՝ Հայկանուշ Միքայելյանի կողմից, որի արդյունքում մարմնի տարբեր հատվածներին պատառաքաղով ծակոցների ու արդուկի վառած հետքեր կան:

Մի կերպ փախնելով ու Հայաստան գալով՝ Մարիամը դիմում է գրում ոստիկանություն, հարուցվում է քրեական գործ:

Գործի քննության ընթացքում նա 3 դատաբժշկական փորձաքննություն է անցել տարբեր բժիշկների կողմից, որոնք բոլորն էլ հաստատել են, որ Մարիամի մարմնական վնասվածքները միայն խոշտանգումների հետեւանքով կարող են լինել:

Անցել է մոտ 3.5 տարի ու հետևում մնացած անտանելիության զգացողություններն աստիճանաբար փոխարինվում են թեթևությամբ:

 «Կանանց աջակցման կենտրոն» ՀԿ գրասենյակում Մարիամը, ով այժմ աշխատում է ՀԿ-ին պատկանող կացարանում,  պատմում է իր պատմությունը` դառնության, հալածանքների, եւ պայքարի մասին:

«Խոսել և շարունակում եմ խոսել, որպեսզի իրենք պատասխան տան իրենց արածների համար»,- «Մեդիալաբին» ասում է նա,- Այն, որ նրանք ամբողջ Հայաստանով մեկ խայտառակ եղան` հոգեբանական բավարարվածություն է պատճառում:  Դա ամբողջությամբ այն չէ,  բայց գոնե որոշակի փոխհատուցում է»:

Մարիամը գյուղից է. Արարատի մարզի Տափերական գյուղից: Իսկ բոլորին հայտնի է, որ կանայք, հատկապես հեռավոր մարզերում, խուսափում են ամուսնալույծի կարգավիճակից:

«Որովհետև հանրությունում լուրջ կարծրատիպային վերաբերմունք կա ամուսնալուծված կանանց նկատմամբ այն ենթատեքստով, որ եթե ամուսնալուծված ես` ուրեմն անբարոյական ես,- «Մեդիալաբին» ասում է ՀԿ ծրագրերի ղեկավար Հասմիկ Գևորգյանը,- մենք շատ կանայք ունենք, որոնք գտնվում են համարյա նույն կարգավիճակում, սակայն լռում են` ելնելով ամոթի զգացողությունից և  ամուսնալուծված լինելու փաստից, մինչդեռ Մարիամը որոշեց չլռել»:

Գևորգյանի խոսքով` Մարիամը շատ լավ գիտակցում է, որ իր խոսելն օգնում է շատ կանանց ու ինչքան շատ կանայք այդպես վարվեն` այնքան` լավ:

«Բոլոր էդ բարդույթները` ամուսնացած-բաժանված, ամոթ և այլն,  դրեցի մի կողմ, որ իմ նման մի մեկը նորից չընկնի նրանց թակարդը,- ասում է նա,- քանի որ ես առաջին կնոջից հարցրել եմ, ու նա չի ասել, թե ինչ ընտանիք են»:

Մարիամը ուժեղ կին է. կարծում է Հասմիկ Գևորգյանը:

«Երբ նրա հետ առաջին անգամ հանդիպեցի` չէի պատկերացնում, թե ինչպես հետը խոսել, թեպետ այդ ոլորտում նորեկ չէի: Բայց  նա շատ համարձակորեն սկսեց խոսել այդ մասին,- ասում է  նա,- հետո մենք անցնում էինք բժիշկների կաբինետներով, ու ես` տեսնելով նրա մարմնի հետքերը, երկմտանք ունեի, բայց նա դուրս եկավ այդ ամեն ինչից, Մարիամը հաղթանակած կին է»:

Մարիամն ասում է, որ իր մասին միշտ էլ կարծիքներ լսել է, որ համարձակ է, սակայն երբեք չի հասկացել պատճառը:

«Բայց հիմա հասկանում եմ, թե ինչ նկատի ունեին ու կարծում եմ, որ իսկապես ամեն մեկը չէ, որ նման քայլերի կարող էր դիմել,- ասում է նա,- նույն ոստիկանություն գնալու որոշումն էլ է եղել իմը: Տարբեր խորհուրդներ եղել են, սակայն վերջնական որոշումը կայացրել եմ ես»:

Մարիամի ընկալմամբ` մարդու համար առաջնայինն ինքն է, հետո նոր` հասարակությունը:

«Եթե քո հետ մի վատ բան լինի, հանրությունը չի, որ քեզ հանելու է էդ վիճակներից,- պատճառաբանում է նա,- իսկ քո փոխարեն այդ ճանապարհը ոչ ոք չի անցնի, ու դու ինքդ պիտի հաղթահարես քեզ բաժին ընկած բեռը»:

Նրա խոսքով` իրեն մեծապես օգնել է հարազատների ներկայությունն ու աջակցությունը, քանի որ մտերիմ մարդկանց քաջալերանքը մեծապես կարող են բարձրացնել ինքնավստահությունը:

Ամբողջ ընթացքում նա ստեպ-ստեպ թարթում է աչքերը:

«Ցավում են,- անկիրք նշում է Մարիամը,- երկար քայլելուց ոտքերս էլ են ցավում, գլխիս հարվածներից երկարատև գլխացավեր եմ ունենում»:

Հասմիկ Գևորգյանն ասում է, որ Մարիամի հետ գործուղումների լինելիս նկատել են, որ վերջինս խուսափում է նույն սենյակում այլ անձի հետ մնալուց, քանի որ մարմնի վրա բազմաթիվ հետքեր ունի, իսկ ամռանը երկարաթև շորեր է հագնում, որպեսզի չերևան խոշտանգումների հետքերը:

Մարիամը ցանկացել է աշխատել բռնության ենթարկված կանանց հետ, որպեսզի օգնի նրանց պայքարել իրենց իրավունքների համար:

«Նա իր հայցի առաջին դատական նիստին սկեսուրին տեսնելուց ուշաթափվեց, իսկ հիմա ոչ միայն ինքն է զբաղվում իր թղթերով, այլև խրախուսում և օգնում է մնացած կանանց` ասելով, որ մի վախեցեք և գրեք այն, ինչ մտածում ու տեսնում եք»,- ասում է Գևորգյանը:

Մարիամն ասում է, որ աշխատանքն իր մեջ արթնացնում է նաև ցանկություն կյանքի հանդեպ, ինչպես նաև շփվելով ՀԿ աշխատակիցների հետ` փոխվել է  վերաբերմունքը մարդկանց նկատմամբ:

«Դրանից առաջ հավատ չունեի մարդկանց նկատմամբ ու մտածում էի, որ իրենք էլ կխաբեն: Ես ոստիկանությունում էլ եմ ասել, որ հավատ չունեմ նրանց նկատմամբ»,- ասում է նա:

Նա նշում է, որ իր համար հաճելի է բռնության ենթարկված կանանց  օգնել ու ցավալի է, որ նրանք այդքան շատ են: Մարիամի մեծագույն ցանկությունն է, որ աշխարհի երեսից բռնարարները վերանան, ու ընտանիքում ամուսիններն իրար հետ հաշվի նստեն ու ընդհանուր եզրեր գտնեն:

Մոտ ժամանակներս Մարիամը պիտի գեղագիտական փորձաքննություն անցնի` հասկանալու համար, թե ինչ վիրահատություններ են անհրաժեշտ:

ՀԿ-ն քաղաքացիական հայց է ներկայացրել և Զիրոյաններից պահանջում է բարոյական փոխհատուցում, ինչպես նաև պլաստիկ վիրահատությունների համար անհրաժեշտ գումարը:

«Գործը դեռևս առաջին ատյանում է,- ասում է Գևորգյանը,- մերժվելու դեպքում անցնելու ենք բոլոր օղակներով` մինչև ՄԻԵԴ»:

Նա, սակայն, ցավով նշում է, որ թեպետ Մարիամն ակնհայտորեն առաջ է գնում` ապագայի մասին պլաններ կազմելով, սակայն խնդիր է  այն, որ բռնության ենթարկված կանայք իրենց ապագան տեսնում են Հայաստանից դուրս:

«Որովհետև Հայաստանում քո անվտանգությունը կասկածի տակ է,- ասում է Մարիամը,- տուժողն օրենքով պաշտպանված չէ.  բռնարարը կարողանում է փողով ազդել գործի ընթացքի վրա, ու, դու վստահ չես, որ քո գործը արդար ելք կունենա»:

Աննա Մուրադյան

© Medialab.am