Չկա մարդասիրություն, կան շահեր

Վահրամ Թոքմաջյան

Ինչպես և սպասվում էր, ԱՄՆ միջնորդությամբ ձեռք բերված հումանիտար հրադադարի հայտարարությունն ի չիք դարձավ։ Մարտերը շարունակվում են։ 

Մինչ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն առաջնորդվում են «կրկին փորձի՛ր» սկզբունքով, հակառակ կողմում մարդկային կյանքեր են։ Արյունոտ դաշտեր։ Բնականաբար, դա նրանց չի հուզում։ Նրանք ունեն իրենց շահերը։ Այդ շահառուների խմբում է նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Մարդ, ով նորից հայտ է ներկայացրել ևս չորս տարով ղեկավարելու ԱՄՆ-ն։ 

«Հայաստանը․․․ Գիտեք, աշխատում ենք այդ ուղղությամբ։ Մենք դա արեցինք Կոսովոյի և Սերբիայի դեպքում։ Կհավատա՞ք, որ ինձ երեք անգամ առաջադրել են խաղաղության Նոբելյան մրցանակի։ Կարո՞ղ եք հավատալ»։ 

Սա հատված է Թրամփի ելույթից, որը նա ունեցավ երեկ՝ Նյու Հեմփշիր նահանգում։ Ինչպես նկատեցիք, ելույթի առաջին երեք նախադասության մեջ որևէ հոդաբաշխ կապ չկա։ Առաջին միտքը բնավ կապ չունի երրորդ նախադասության հետ և այդպես շարունակ։ 

Ինչո՞ւ։ 

Ամեն ինչ շատ ավելի պարզ է, քան մենք կարող ենք գուշակել։ Նա ասելիք չունի։ 

Նրա համար Արցախի խնդիրը, Հայաստանը, ընդհանրապես մեր ողբերն ընդամենը «սիրուն դրոշներ են», որոնք տեղավորվում են նրա նախընտրական քարոզարշավի շրջանակներում։ 

«…Հիմա էլ Հայաստանն է։ Նայե՛ք Հայաստանին, նրանք արտակարգ մարդիկ են, կատաղի կռիվ են տալիս, չէ՞։ Կատաղի կռիվ։ Եվ գիտե՞ք ինչ։ Մի բան կանենք։ Շնորհակալ եմ, ես էլ ձեզ եմ սիրում։ Գիտեք, հայերը դժվար կյանք են տեսել, բայց Օհայոյում երեկ տեսա․․․ Քանի որ տարբեր տեղերում կանգ առանք, բայց Օհայոյում հայերի մի հիանալի խումբ կար՝ դրոշով, ոգով։ Նրանց խնդիրները, մահը, կռիվը և մնացածը․․․ Ամենը կհարթենք»։ 

Մի բան կանենք, ինչ լավ է հնչում, չէ՞։ Կարծես պարտքով փող ես խնդրում, իսկ նա էլ հուսադրում է՝ թե կլինի՝ կտանք, չմտածես։ 

Ձեռի հետ էլ հաճոյախոսություններ է շռայլում։ Եթե նույն ոգով տեսած լիներ ադրբեջանական դրոշներ, ապա ասելու էր նույն տեքստը, Հայաստանի փոխարեն՝ Ադրբեջան։ Բայց Թրամփն անկեղծ է։ Նա բիզնեսմեն է։ 

Եվ հենց այդ հոգեբանությամբ է ղեկավարում ոչ միայն իր երկիրը, այլ նաև մյուս հանրույթների հետ շփումը։ Մուննաթ գալու իրավունք բնավ չունենք։ Նա նաև շատ լավ հաշվարկել է, թե որն է հայերիս համար այս պահին հուզական պոռթկումը։ 

Ես արդեն կորցրել եմ հաշիվը, թե քանի-քանի ԱՄՆ նախագահի թեկնածու է խոստացել ճանաչել Ցեղասպանությունը, սակայն ընտրվելուց հետո մաքսիմում արտաբերել է Մեծ Եղեռն հասկացությունը, այն էլ՝ լեզուն կոտրելով։ 

Բայց ես նորից չեմ նեղանում։ Ի՞նչ իմաստ ունի դասական մուննաթ գալ միջազգային հանրության վրա։ Մենք դրա ո՛չ իրավունքն ունենք, ո՛չ էլ հիմքերը։ Նույնն այս պարագան է։ 

Թրամփը հասկացել է, որ մեզ համար առաջնային է Արցախի հարցի լուծումը, ուստի փորձում է «գողանալ» ամերիկահայերի ձայները՝ հղում անելով մեր սիրուն աչքերին։ 

Ընդհանրապես, ցանկացած երկրի առաջնորդի ցանկացած հայտարարություն, որ արվում է, մենք պետք է դիտարկենք տվյալ երկրի ու տվյալ անձի շահերի համատեքստում։ Մնացածը՝ ինքնախաբկանք է։ Դեռահաս երազախաբության ձև, որը բնորոշ է խակ հանրույթներին։ 

Այստեղ՝ Հայաստանում ապրողներս, առավելագույնը կարող ենք քննադատել, անտեսել, կամ ջղային սրտի մխիթարանք՝ մի հատ էլ թունդ հայհոյել։ 

Մնում է ԱՄՆ-ում քվեարկելու իրավունք ունեցողները չուտեն Թրամփի կամ մեկ այլ թեկնածուի քաղաքական կտերը և չառաջնորդվեն՝ «կըլնի՝ կտանք, մի բան կանենք, ախպեր» հայավարի սկզբունքով։ Վերջին միտքը գրելիս քիչ էր մնում է Թրամփին հռչակեի հայ։ 

Շատ դասական հայկական հայտարարություն է՝ «մի բան կանենք»։

Վահրամ Թոքմաջյան 

MediaLab.am