Բժշկության թանգարանի համար 15 տարի է չի գտնվում, ոչ փող, ոչ տարածք. Հարություն Մինասյանը դիմում է աշխարհի հայ բժիշկներին

09-09-2014
1230 դիտում
Բժշկության թանգարանի համար 15 տարի է չի գտնվում, ոչ փող, ոչ տարածք. Հարություն Մինասյանը դիմում է աշխարհի հայ բժիշկներին

Հոգեբույժ, բժշկապատմաբան Հարություն Մինասյանը, բաց նամակ է հղել աշխարհի հայ բժիշկներին` ներկայացնելով տարիներ շարունակ իր կողմից Երեւանում Հայ բժշկության թանգարան ստեղծելու շուրջ ստեղծված խնդիրները եւ խորհուրդ հարցնելով:

դեղեր Իր բաց նամակում, բժիշկը ներկայացնում է, որ արդեն 15 տարի է պայքարում է, որպիսի Երեւանում ստեղծվի Հայ բժշկության թանգարան, սակայն առ այսօր հնարավոր չի եղել լուծել թանգարանի տարածքի հարցը, քանի որ  հանրապետության պատկան մարմինները որեւէ կերպ չեն արձագանքել:

«Գրել եմ տասնյակ դիմումներ, թակել եմ տասնյակ դռներ, գնացել եմ տասնյակ հանդիպումների, սակայն բոլորից ստացել եմ խուսափողական պատասխաններ,-իր նամակում նշել է Հարություն Մինասյանը, ով վերջին 30 տարիների ընթացքում իմ անձնական միջոցներով, իր եւ իր  ընտանիքի զրկանքների գնով, ինչպես նաեւ  նաև նվիրատուների շնորհիվ հավաքել է շուրջ 30 000 ցուցանմուշ ունեցող «Հայ բժշկության թանգարան»- հավաքածուն, որը պատիվ կբերի ցանկացած երկրի:

1999 թ. թանգարանը գրանցվել է Մշակույթի նախարարության մասնավոր թանգարանների ցուցակում և Ռիգայի Պաուլ Ստրադինի անվ. բժշկության պատմության թանգարան-ինստիտուտում: Ինչպես ներկայացված է թանգարանի կայքում, նպատակն է հավաքել, պահպանել, ցուցադրել և սերունդներին փոխանցել հայ ժողովրդի դարավոր բժշկական մշակութային ժառանգությունը հանդիսացող նյութական և հոգևոր արժեքները, ինչպես նաև հայ բժշկության բազմադարյա հարուստ  ավանդույթները  պրոպագանդել Հայաստանի բնակչության, Սփյուռքի հայության և օտարերկրացիների շրջանում: Հայ բժշկության թանգարանում, որը ներկայումս տեղակայված է  Երևանի թ. 11 պոլիկլինիկայի (այժմ` “Նոր Արաբկիր” ԱԿ) ղեկավարության աջակցությամբ բուժհիմնարկի մի սենյակում, պայմանականորեն  ցուցադրված են հավաքածուի շուրջ 30 000 ցուցանմուշներից ընդամենը 5000։ 

հայ բժշկության թանգարան Թանգարանի արժեքավոր ցուցանմուշներից են օրինակ, Մեծամորից բերված 5000-ամյա  սափորը, Գորիսից բերված կավե սրվակները, Արտաշատի Ջրահովիտ գյուղի պեղումներից հայտնաբերված մարդու 5000-ամյա կմախքը` գանգոսկրի ախտաբանությամբ, 100-200 տարի առաջ աշխարհի տարբեր քաղաքներում տպագրված բժշկական գրքեր, օրինակ, Պետրոս Քալանթարյանի 1793 թ. Նոր Նախիջևանում տպագրված ”Բժշկարան համառոտ” գիրքը, Մխիթար Հերացու՝ XII դ. գրված և 1832 թ. Վենետիկում տպագրված “Ջերմանց մխիթարություն” գիրքը, այլ հայ, ռուս և օտարազգի անվանի բժիշկների գրքեր, հաճախ ինքնագրերով, ընծայագրերով, մակագրություններով ու անձնական կնիքներով կնքված հրատարակություններ, 19-20-րդ դդ. նշանավոր բժիշկների ձեռագիր գրքեր և ուսանողական տետրեր, աշխարհի տարբեր քաղաքներում հրատարակված 100-150 տարվա հնության հայկական բժշկական պարբերականներ, հայ երևելի բժիշկների  լուսանկարներ ու փաստաթղթեր, Երևանի բժշկական ինստիտուտի առաջին և հետագա տարիների շրջանավարտների խմբանկարներ, սփյուռքահայ բժիշկներին վերաբերող նյութեր, հարյուրավոր հայ բժիշկների կենսագրական նյութեր, տարբեր ժամանակաշրջանի բժշկական գործիքներ և այլն: 

Թանգարանի գործող կայքում հնարավոր է տեսնել այն բացառիկ նմուշները, որոնք խնամքով ներկայացնում է Հարություն Մինասյանը:

«Աշխարհի համարյա բոլոր, այդ թվում նախկին ԽՍՀՄ երկրները, նույնիսկ Վրաստանն ու Ադրբեջանը վաղուց ունեն իրենց բժշկական մշակույթը ներկայացնող պատկառելի թանգարաններ, մինչդեռ հազարամյա բժշկական մշակույթ ունեցող հայ ժողովուրդը, իր անբարեհաճ ու անձեռնահաս չինովնիկների պատճառով ցայսօր չունի նման մշակութային օջախ,-ասում է բժիշկը:

Հանրապետությունում ամեն ինչի համար տարածք և միջոցներ ճարվում են, անցողիկ ու շքեղ միջոցառումների վրա ծախսվում են միլիոնավոր դոլարներ (օրինակ 2013 թ. ՀՀ Անկախության հռչակմա 22-րդ տարեդարձին նվիրված տոնական համերգի համար միայն երգչուհի «Նունե Եսայան» բարեգործական Հ/Կ-ին պետբյուջեից վճարվել է շուրջ 135 000 դոլար, չհաշված մյուս երգիչների վճարն ու այլ ծախսերը), սակայն այնպիսի մնայուն և կարևոր մշակութային ձեռնարկի համար, ինչպիսին բժշկության թանգարանն է, չի գտնվում ոչ փող, ոչ տարածք»:

բժշկական թանգարան փաթեթ Դիմելով աշխարհասփյուռ հայ բժիշկներին, Հարություն Մինասյանը իր մտահոգություններ է հնչեցնում եւ խորհուրդ հարցնում:

«Սիրելի գործընկերներ, խնդրում եմ խորհուրդ տաք, թե ինչպես կարելի է իրականություն դարձնել Երևանում թեկուզև մի փոքրիկ բժշկության թանգարան հիմնադրելու գաղափարը: Կարծում եմ ձեզանից յուրաքանչյուրը, իր ազգային հպարտության ու մասնագիտական նախանձախնդրության բերումով պիտի որ շահագրգռված լինի այս հարցում:

Խնդիրը ավելի է կարևորվում նրանով, որ 2018 թ. լրանալու է հայ մեծ բժշկապետ, բնագետ, փիլիսոփա, «Ջերմանց մխիթարություն» հանճարեղ երկի հեղինակ Մխիթար Հերացու 900 ամյակը (850 ամյակը պետականորեն մեծ շուքով նշվել է Երևանում 1968թ.),-գրում է նա` հավելելով, որ սպասում է բժիշկների «իմաստուն խորհորդներին ու գործնական առաջարկներին»:

Միեւնույն ժամանակ, Հարություն Մինասյանը թանգարանի կայքէջում նշում է, թե ինչ է պետք թանգարանը հիմնելու համար. 

«Բնականաբար, նման թանգարան հիմնելու համար անհրաժեշտ են Մշակույթի և Առողջապահության նախարարությունների գիտա-մեթոդական և գործնական օգնությունը, համապատասխան տարածքի տրամադրումը, ֆինանսական ներդրումներ կատարելը` պետական, դրամաշնորհային, հիմնադրամային կամ բարեգործական աղբյուրներից և այլ: 

Համոզված եմ, որ ինչպիսի զոհողություններ էլ արվեն, դրանք արդարացված կլինեն այնպիսի վեհ գործի իրականացման համար, ինչպիսին է հայկական բժշկական դարավոր մշակույթը ներկայացնող հրաշալի թանգարան ունենալը»:  

Լուսանկարներում` թանգարանի նմուշներից:

© Medialab.am