Այսօր-վաղը կհրապարակվի արտահերթ ընտրությունների անցկացման ժամկետների վերաբերյալ տեղեկությունը․ Ռոմանոս Պետրոսյան

Այսօր-վաղը արդեն կհրապարակվի արտահերթ ընտրությունների անցկացման ժամկետների վերաբերյալ տեղեկությունը։ Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողներին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը։

«Իշխանությունն առաջիկայում պատրաստվում է գնալ արտահերթ ընտրությունների։ Եվ այդ մասին մեկ անգամ չէ, որ մենք ասել ենք։ Եվ այսօր-վաղը, կարծում եմ, արդեն որոշումը կհրապարակվի»,- հավելեց նա։

Ըստ նրա՝ ներքաղաքական ճգնաժամը Հայաստանում չի լուծվում, ընդդիմության պայքարն էլ արդյունք չտվեց։

«Մենք բաց ենք մեր հասարակության ու ժողովրդի հետ՝ արտահերթ ընտրություններով գնալու ճգնաժամի լուծմանը։ Մենք քաղաքական պրոցեսների՝ բացառապես սահմանադրական ճանապարհով հանգուցալուծումը տեսնում ենք բացառապես արտահերթ ընտրությունների ճանապարհով։ Դա կարող է լինել մոտ ապագայում կամ միջնաժամկետ հատվածում, այս պահին այդ կոնսուլտացիաներն են ընթանում»,- նշեց Պետրոսյանը։