«Նոր կառավարությունը ևս չի կարողանա բարելավել սոցիալ-տնտեսական ցուցանիշները». Աշոտ Եղիազարյան

13-09-2016
15226 դիտում
«Նոր կառավարությունը ևս չի կարողանա բարելավել սոցիալ-տնտեսական ցուցանիշները». Աշոտ Եղիազարյան

Հայաստանում վարչապետի ու կառավարության կազմի փոփոխությունը չի կարող տնտեսությունում էական փոփոխությունների հանգեցնել, քանի որ արտաքին միջավայրը նույնն է մնացել: «Մեդիալաբի» հետ զրույցում նման տեսակետ հայտնեց տնտեսագետ Աշոտ Եղիազարյանը՝ վերլուծելով ստեղծված իրավիճակը:

«Հայաստանի տնտեսության զարգացման հետ կապված բոլոր խնդիրները պայմանավորված են արտաքին միջավայրով, իսկ Հայաստանը մնում է Եվրասիական տնտեսական միություն կոչվող նույն տարածքում՝ առանց այընտրանքների: Այնպես, որ խոսք անգամ չի կարող լինել դրական ազդակների մասին»,- «Մեդիալաբին» ասում է Եղիազարյանը:

Նրա խոսքով՝ նույնիսկ լավագույն սցենարների դեպքում, երբ Հայաստանի համար արտաքին բարենպաստ պայմաններ էին, դարձյալ ներքին գործոններն այնքան մեծ նշանակություն չունեին, որքան արտաքին գործոնները, որովհետև Հայաստանի վիճակն այնպիսին է, որ մեծ ազդեցություն կարող են ունենալ միայն արտաքին գործոնները:

Հայաստանին անհրաժեշտ է աջակցություն, առանց աջակցության երկրի տնտեսությունը չի կարող պրիմիտիվ տնտեսության կառուցվածքի վիճակից դուրս գալ:

Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ սեպտեմբերի 8-ի հրաժարականից հետո սեպտեմբերի 13-ին վարչապետի պաշտոնում նշանակվեց Երևանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանը: Սերժ Սարգսյանն ու  իշխանության ներկայացուցիչներն այս փոփոխությունը հիմնավորում են տնտեսությունում բարեփոխումների անհրաժեշտությամբ:

ՀՀԿ-ականները հայտարարում են, որ Կարեն Կարապետյանին կհաջողվի էական դրական փոփոխություններ իրականացնել երկրում:

Այն, որ տնտեսությունում առկա խնդիրներն իրեն չի հաջողվել լուծել, իր հրաժեշտի խոսքում խոստովանեց նաև Հովիկ Աբրահամյանը՝ ձախողումը հիմնականում կապելով արտաքին գործոնների հետ:

«Հասարակությունը դեռևս մնաց բևեռացված: Իմ կարծիքով, դրա հիմնական պատճառներից մեկն աշխարհաքաղաքական, արտաքին տնտեսական և ռազմական մարտահրավերներով սնվող առկա տարաձայնություններն են: Դրանք են, որ դեռևս հնարավորություն չեն ընձեռում մեզ՝ ժողովելով բոլոր ուժերը, հրատապ լուծումներ տալ մեր առջև ծառացած կարևորագույն խնդիրներին՝ տնտեսական հավասար պայմաններ ապահովելուց մինչև կոռուպցիայի դեմ պայքարը»,- հայտարարեց Հովիկ Աբրահամյանը:

2014 թվականի ապրիլին, ստանձնելով վարչապետի պաշտոնը Հովիկ Աբրահամյանը խոստացավ, որ իր կառավարությունը տարեկան միջինը 5 տոկոսանոց տնտեսական աճ կապահովի, ինչը, սակայն, հնարավոր չեղավ անել, իսկ բացատրությունն այն էր, որ արտաքին ազդակները խոչընդոտում են դրան:

Հովիկ Աբրահամյանի կառավարման տարիներին շարունակաբար նվազել է Հայաստանում կատարվող օտարերկրյա ներդրումների ծավալը, իսկ այս տարվա առաջին կիսամյակում ներդրումների զուտ հոսքերն արդեն բացասական ցուցանիշ են արձանագրել, այսինքն՝ ներդրողներն ավելի շատ կապիտալ են արտահանում երկրից, քան ներդրում են անում:

Հովիկ Աբրահամյանի կառավարման տարիներին շարունակել է աճել Հայաստանի արտաքին պարտքը: Եթե 2014 թվականի սկզբին ՀՀ պետական պարտքը կազմում էր 4.4 միլիարդ դոլար, ապա արդեն այս տարվա առաջին կիսամյակի ավարտին այն հասավ 5.3 միլիարդ դոլարի: Այսինքն՝ 2.5 տարում պարտքն աճեց գրեթե մեկ միլիարդ դոլարով:

Նախորդ կառավորությանն այդպես էլ չհաջողվեց էապես նվազեցնել Հայաստանում աղքատության մակարդակը, իսկ արտագաղթը նախորդ 2.5 տարվա ընթացքում խորացավ:

Ըստ պաշտոնական թվերի՝ 2014-2015 թվականների ընթացքում Հայաստանից անվերադարձ հեռացել է մոտ 95 հազար մարդ: Աճել է գործազրկության մակարդակը, եթե 2014 թվականին երկրում պաշտոնապես գործազրուկ էր 242.1 հազար մարդ, ապա 2015 թվականին այդ թիվը կազմեց 243.7 հազար:

Աշոտ Եղիազարյանի խոսքով՝ նոր կառավարությունը ևս չի կարողանա բարելավել սոցիալ-տնտեսական ցուցանիշները: Ըստ նրա՝ նախորդ կառավարության օրոք օլիգարխիան Հովիկ Աբրահամյանի գլխավորության փորձեց տեղավորվել, դիրքեր գրավել նոր տնտեսական ու քաղաքական տարածքում, որը կոչվում է Եվրասիա:

«Բայց ըստ էության այդ դիրքավորումը ձախողվեց, այսինքն՝ հույսը, թե հնարավոր է հարմարավետ դիրքավորվել, մեռավ: Նկատելի էր, որ արդեն ամեն ինչ տապալվում էր՝ տնտեսական ցուցանիշների, ներդրումների, բոլոր առումներով: Տնտեսությունն էլ ավելի մեկուսանում էր»,- ասաց տնտեսագետը:

Այս ֆոնի վրա, նրա խոսքով, հայտարարվում է, որ լավ չի աշխատել նախորդ կառավարությունը, ԵՏՄ տարածքում դիվանագիտական աշխատանք պետք է տանել, որպեսզի առավելագույնս օգտվենք այդ տարածքի հնարավորություններից:

«Հնչում էր, թե իբր նախորդ կառավարությունը չէր կարողանում օգտվել ընձեռված հնարավորություններից, որը կարող է տալ ԵՏՄ-ն: Եվ ըստ էության, այս նոր կառավարությունը գալիս է հենց դիվանագիտական այդ մակարդակում, և պետք է փորձ արվի օգտվել այդ ընձեռած հնարավորություններից՝ ավելի պրոֆեսիոնալ քաղաքականություն  իրականցնելով, օգտագործելով ռուսաստանյան որոշ շրջանակների հետ կապերը: Բայց ես կարծում եմ, որ շատ կարճ ժամանակահատվածում այս հույսն էլ կմեռնի»,- կարծում է տնտեսագետը:

Նրա խոսքով՝ ոչ միայն հնարավոր չէ դիրքավորվել ԵՏՄ տարածքում, այլև հնարավոր չէ դիվանագիտություն բանեցնելով՝ իբր թե օգտվել դրա ընձեռած հնավորություններից, մի բան, ինչը չի կարողացել նախորդ կառավարությունը:
Աշոտ Եղիազարյանը հարցադրում է անում՝ ի՞նչ լուրջ փոփոխություն կարելի է անել, եթե տնտեսական քաղաքականության հարցում երկիրն անկախ չէ:

«Այսինքն՝ չես կարող իրականացնել ոչ մի արտաքին տնտեսական քաղաքականություն: Այդ պայմաններում ի՞նչ է նշանակում ներքին տնտեսական քաղաքականություն: Այսօրվա տնտեսությունն աշխարհի բոլոր տնտեսություններից փոխկապակցված է, նման բան գոյություն չունի՝ առանձին ազգային տնտեսություն: Մենք մեկուսացված կղզի չենք կարող լինել»,- ընդգծեց նա:

Մասնագետի խոսքով, այնինչ, այսօր ԵՏՄ անդամ դառնալով՝ Հայաստանը փաստացի մեկուսացված վիճակում է հայտնվել, դրա համար էլ չի կարող զարգացում լինել:

«Դու քո ներքին ռեսուրսներով չես կարող զարգացում ապահովել, այդ ժամանակները վաղուց անցել են, այսօր աշխարհում մի տնտեսություն է, գլոբալ մի տնտեսություն, որտեղ ամեն ազգային տնտեսություն դիրքավորվում ու մասնագիտանում է: Իսկ զարգացման այսօրվա բևեռն Արևմուտքում է»,- վստահ է տնտեսագետը:

Էմմա Մանուկյան

MediaLab.am