Պուտինը հայտարարել է, որ Ադրբեջանի հետ հարաբերությունները զարգանում են հաջողությամբ, «հուսալի ու շատ պրագմատիկ կերպով». Factor

Ռուսաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները զարգանում են հաջող, հուսալի, շատ պրագմատիկ, զգացվում է Ադրբեջանի ղեկավարության տրամադրվածությունը՝ կառուցելու միջպետական ​​կապեր՝ հիմնված փոխադարձ շահերի վրա։ Այս մասին հայտարարել է  ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ հանդիպմանը, փոխանցում են ռուսական լրատվամիջոցները։ Այս մասին հայտնում է Factor.am-ը:

«Մեր (Ռուսաստանի և Ադրբեջանի) հարաբերությունները զարգանում են հաջող, հուսալի, շատ պրագմատիկ: Մենք զգում ենք Ադրբեջանի ղեկավարության տրամադրվածությունը միջպետական ​​կապեր կառուցելու հենց փոխադարձ շահերի հիման վրա և, ես կասեի միմյանց նկատմամբ որոշակի համակրանքով»,-ասել է Պուտինը։ Նա նշել է, որ Ադրբեջանում ռուսաց լեզվի նկատմամբ վերաբերմունքը վկայում է Ռուսաստանի հետ կապերի կարևության մասին։

«Ես գիտեմ, որ նախագահ Ալիևը մեծապես աջակցում է ռուսաց լեզվի ուսումնասիրությանը, դա տեսանելի է բոլոր վեկտորներում։ Ինչի՞ մասին է դա խոսում։ Դա նշանակում է, որ Ադրբեջանի ղեկավարությունը ելնում է նրանից, որ ռուսաց լեզուն անհրաժեշտ կլինի Ադրբեջանի քաղաքացիներին։ Ինչի՞ համար։ Երկկողմ կապերի զարգացման, ու դրանք զարգանում են»,-ասել է ՌԴ նախագահը։ Նա խոսել է նաև Ադրբեջանի հետ տնտեսական հարաբերությունների մասին՝ նշելով, որ երկու երկրները ավելի ու ավելի մեծ ուշադրություն են դարձնում հարաբերությունների զարգացմանն ու դիվերսիֆիկացմանը, և այդ աշխատանքը շարունակման դեպքում լավ արդյունքների կհանգեցնի։

«Առևտրաշրջանառության ընդհանուր ծավալը կազմում է 4,5-4,6 միլիարդ դոլար, իսկ զարգացման տեմպերը շատ լավ են։ Մենք ավելի ու ավելի ենք դիվերսիֆիկացնում մեր հարաբերությունները, և ես վստահ եմ, որ եթե երկու կողմից էլ այս վերաբերմունքը պահպանվի, մենք Ռուսաստանում էլ նույն կերպ ենք տրամադրված, վստահ եմ արդյունքներ կլինեն և լավը կլինեն»,-ասել է Պուտինը՝ ընդգծելով, որ երկու երկրների համատեղ աշխատանքի կարևոր ուղղություններից մեկը լոգիստիկան է։

«Այս առումով շատ բան պետք է արվի լոգիստիկայի զարգացման առումով. սա վերաբերում է ոչ միայն Հյուսիս-Հարավ ճանապարհին, այլ նաև այլ վեկտորներին. լոգիստիկ կենտրոնների կառուցումը, այդ թվում՝ Ռուսաստանի ու Ադրբեջանի սահմանին՝ դաղստանյան հատվածում, այնտեղ արդեն աշխատանքն ընթանում է»,-նշել է ՌԴ նախագահը՝հավելելով, որ Հյուսիս-Հարավը կարող է  դառնալ պահանջված միջազգային միջանցք։

Ըստ նրա՝ այդ երթուղին թույլ կտա բեռները հասցնել 10 օր ավելի արագ, քան Սուեզի ջրանցքով։ Պուտինը նաև ասել է, որ նախագծին աջակցում են Ադրբեջանի նախագահը, Իրանի ղեկավարությունը և օտարերկրյա ներդրողները։