Զախարովան արձագանքել է ՌԴ-ի կողմից Արցախն Ադրբեջանին հանձնելու մասին Արմեն Գրիգորյանի հայտարարությանը. Factor

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօր ճեպազրույցում արձագանքել է ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հայտարարությանն այն մասին, որ ՌԴ-ն Արցախը վերցրել ու հանձնել է Ադրբեջանին։ Այս մասին հայտնում է Factor.am-ը:

Նա նշել է, թե որպես իշխանության ներկայացուցիչներ՝ «նման գործիչները նվաստացնում են սեփական ժողովրդին, Հայաստանի քաղաքացիները պաշտպանել են իրենց տարածքը, իրենց կյանքն են տվել և դա համարել պատմական կարևորության»։

«Հայաստանի՝ որպես պետության գաղափարախոսությունը երկար տարիներ կառուցվել է հենց այս թեզերի վրա։ Նրանք գիտեին, թե ինչու են մարտի գնում, ինչու են զոհաբերում իրենց բարեկեցությունը, իրենց կանանց ու երեխաներին դատապարտում այրիության ու որբության։ Եվ ինչպե՞ս կարելի է նրանց հիշատակը դավաճանել, զրոյացնել այն, ինչ նախկինում և, կարծում եմ, հիմա էլ Հայաստանում սխրագործություն են անվանում»,- ասել է Զախարովան։

Հիշեցնենք՝ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է, որ «Ռուսաստանը եկել, հայերից վերցրել է Լեռնային Ղարաբաղը, վերադարձրել է Ադրբեջանին և հետ գնացել, սա է եղել իրականությունը», նաև շեշտել՝ «այդ ժամանակ մենք ամբողջովին կախված էինք Ռուսաստանից»: