Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամից (FPWC) տեղեկացնում են՝ համագործակցելով Կենդանիների փրկության միջազգային կազմակերպության (IAR) հետ, հաջողվել է փրկել Մարգարիտա անունով արջին, որը տարիներ շարունակ պահվել է Բազմաղբյուր ձորի հանգստյան գոտիներից մեկում՝ անմխիթար պայմաններում:
Հիմնադրամից հայտնում են, որ Մարգարիտան, որը նախկինում հանդես է եկել կրկեսում, վերջին չորս տարիներն անցկացրել է փոքր վանդակում՝ ենթարկվելով ֆիզիկական և հոգեբանական տառապանքների։Փրկարար գործողության շնորհիվ արջը տեղափոխվել է Ուրցաձորում գտնվող Վայրի կենդանիների փրկարար կենտրոն (WRC), որտեղ ստանում է մասնագիտական խնամք և վերականգնողական թերապիա: