Անիմաստ թշնամանք. Արամ Աբրահամյան

Հայաստանի եւ Խորհրդային Միության 20-րդ դարի պատմությունը ինձ միշտ հետաքրքրել է՝ նախեւառաջ այն պատճառով, որ մեզ՝ հայերիս համար դա նշանակալից ժամանակաշրջան էր, քանի որ մենք նախորդ դարում երեք անգամ փորձել էինք պետություն ստեղծել: Երեք փորձերն էլ՝ չէի ասի, որ շատ հաջող էին, բայց միեւնույն է՝ ազգը կազմակերպելու ավելի լավ ձեւեր, քան պետությունն է, գոյություն չունեն, եւ դժվար թե որեւէ մեկը հերքի, որ մենք նշանակալի հաջողությունների ենք հասել տնտեսության, մշակույթի, գիտության բնագավառներում հենց այդ պետությունների (հենց պետությունների եւ ոչ միայն Խորհրդային Հայաստանի) պայմաններում:

Իմ կարծիքով՝ վերաբերմունքը անցյալի նկատմամբ՝ թե 20 եւ թե 100 տարվա կտրվածքով, պետք է լինի որքան հնարավոր է բանական, էմոցիաներից զուրկ: Այդպես են վարվում, ասենք, իսպանացիները, որոնք հավասարապես հարգում են թե Ֆրանկոյի կողմնակիցների եւ թե դրանց դեմ պայքարողների հիշատակը: Կամ ֆրանսիացիները, որոնք ընդունում են, թե յակոբինական տեռորն իր էությամբ հակամարդկային էր, կասեի նաեւ՝ «բոլշեւիկյան», բայց միեւնույն է՝ հարգանքի տուրք են մատուցում ֆրանսիական հանրապետության հիմնադիրներին:

Ճիշտ նույն ձեւով պետք է գնահատել մարդկանց վարքը, ասենք, ստալինյան ռեպրեսիաների ժամանակ: Մատնագրեր («դանոսներ») ստորագրել են ոչ միայն վերջացած սրիկաներն ու ոչնչությունները, այլեւ արվեստի, գիտության նշանավոր գործիչները, որոնք իրենց բնագավառում հասել էին համաշխարհային բարձունքների: Պե՞տք է արդյոք հրապարակել այդ մարդկանց եւ նրանց զոհերի անունները, նրանց գրած մատնագրերը: Ես դրան կտրականապես դեմ եմ, ինչպես դեմ եմ «լյուստրացիաներին», «կագեբեի» արխիվները բացելուն՝ ինչի՞ համար անիմաստ թշնամացնենք այդ մարդկանց թոռներին ու ծոռներին:Կարդալ ավելին