Պուտինն ու Բայդենը բանակցություններ չեն ծրագրում Կլիմայի հարցով գագաթնաժողովի ընթացքում. Պեսկով

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենի, ինչպես նաև այլ պետությունների ղեկավարների միջև Կլիմայի հարցով գագաթնաժողովի ընթացքում երկկողմ շփումներ չեն ծրագրվում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

«Ոչ: Այդպիսի շփումներ նախատեսված չեն»,- համապատասխան հարցին ի պատասխան, նշել է Պեսկովը:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ապրիլի 22-ին ելույթ կունենա Կլիմայի հարցերով գագաթնաժողովին: Ավելի վաղ Սպիտակ տանը հայտնել էին, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը միջոցառման է հրավիրել 40 համաշխարհային առաջնորդի, այդ թվում՝ ռուս գործընկերոջը: Բացի Պուտինից, գագաթնաժողովին հրավիրվել են նաև Չինաստանի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Ավստրալիայի, Ֆրանսիայի, Թուրքիայի, Հնդկաստանի, Իտալիայի, Իսպանիայի, Մեքսիկայի, Սաուդյան Արաբիայի, ԱՄԷ-ի և այլ երկրների ղեկավարներ:

Գագաթնաժողովը Վաշինգտոնը մտադիր է կազմակերպել ապրիլի 22-23-ը՝ վիրտուալ ձևաչափով: