Ապաշրջափակվելիք ճանապարհների իրավական կարգավիճակն առավելագույնս կպարզվի գործընթացի իրավական կարգավորումների հրապարակման վերլուծության արդյունքում․ քաղաքագետ

Քաղաքագետ Արմեն Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Եռակողմ հանդիպման արդյունքների մասին՝ ցայժմ եղած հրապարակային ուղերձների և փաստաթղթային ձևակերպման հիման վրա

1. Սահմանազատում և սահմանագծում։ Գործընթացն իրականացվելու է Ռուսաստանի հովանու ներքո։ Հայաստանը և Ադրբեջանը ձևավորելու են երկկողմ հանձնաժողով, որի գործունեության ընթացքում ռուսական կողմն ունենալու է առայժմ գոնե խորհրդատվական գործառույթներ։ Այսինքն, ի տարբերություն տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման մեխանիզմի, հնարավոր ձևավորվելիք հանձնաժողովի աշխատանքներում Ռուսաստանն ուղիղ դերակատարում չի ունենալու։ Միևնույն ժամանակ, որևէ միջնորդ կողմի առարկայական դերակատարման բացակայությունը գուցե ավելի բարդացնի, անգամ ապարդյուն դարձնի հանձնաժողովի գործունեութունը, ինչն այս պահին մի շարք օբյեկտիվ պատճառների հիմքով միանշանակորեն բխում է Բաքվի շահերից։

2. Տարածաշրջանային տնտեսական և տրանսպորտային կապուղիների ապաշրջափակում։ Եռակողմ բանավոր հայտարարության ընթացքում հնարավոր ապաշրջափակվելիք կապուղիների վերաբերյալ հնչեցին 3 տարբեր բնորոշումներ՝ տրանսպորտային միջանցք, զարկերակ, հաղորդակցություն։Սա «քարոզչական քող» է այն մասին, իբրև թե գործընթացի վերաբերյալ ցայժմ հնչած բոլոր ձևակերպումները, չնայած տարբեր բնորոշումներին, գրեթե նույնաբովանդակ են։Հետևաբար, ապաշրջափակվելիք ճանապարհների իրավական կարգավիճակն առավելագույնս կպարզվի գործընթացի իրավական կարգավորումների հրապարակման վերլուծության արդյունքում։

3. Զինվել համբերությամբ և զգոնությամբ, դեռ երկար ժամանակ մեզ ամուր նյարդեր են պետք»։