Իշխանափոխություն կլինի, եթե Փաշինյանը կամավոր հրաժարական տա, կամ էլ ՀՀ ուժային կառույցները դադարեն նրան պաշտպանելուց. Մելիքյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, Արցախի ԱԳ նախկին նախարար Արման Մելիքյանը

– Պարո՛ն Մելիքյան, ՀՀ իշխանությունները սահմանազատման ու սահմանագծման աշխատանքները մեծ հաջողություն են որակում, թեև Տավուշի բնակիչներից շատերը դժգոհ են այդ գործընթացից։ Մեկնարկած գործընթացը դուք ինչպե՞ս եք գնահատում, մեծ հաջողություն համարո՞ւմ եք։

– Հայաստանի իշխանությունները 2020 թվականի նոյեմբերին ադրբեջանական կողմի վերջնագիրն ընդունել են և ճանաչել են Ադրբեջանի ռազմական հաղթանակը և իրենց սեփական պատասխանատվությունը պարտության համար։ Նաև պատերազմի արդեն առաջին օրերին «պայմանավորվեցին», որ ինչ էլ պատահի՝ իրենք իրենց պարտված չեն ճանաչի։ Այն, ինչ տեղի է ունենում այսօր, այդ «պայմանավորվածության» առարկայական իրականացման դրսևորումներից մեկն է։ Սա պարզունակ ինչ-որ մի հնարք չէ, իշխող ուժի դիրքերը պահպանելուն ուղղված ռազմավարության տարրերից մեկն է։ 

Փաշինյանի իշխանությունը պարտությունը հաղթանակ ներկայացնելու համար արմատական վերանայման ենթարկեց հայկական պետականության մինչ այդ գործող մոդելը՝ Հայաստանի Հանրապետություն – Արցախի Հանրապետություն երկբաղադրիչ կառուցվածքային միասնականությունը փոխարինվեց «Խորհրդային Հայաստանի սահմաններով Հայաստանի Հանրապետությունը ՀՀ քաղաքացիների հայրենիքն է», և դրանից դուրս հայոց պետականություն պաշտոնական Երևանը չի ճանաչում։ 

Հենց այս նոր մոդելի շրջանակներում էլ այժմ Փաշինյանն ընդգծում է, որ սահմանազատման հետ կապված տավուշցիների դժգոհությունները հակասում են իր ներմուծած հայկական պետականության մոդելին, և, հետևաբար, իրենց տեղային մանր-մունր կամակորություններով հակադրվում են համապետական շահերին։ 

Փաշինյանի ներմուծած հայկական պետականության մոդելի գործարկումը կարևոր է իշխող թիմի համար, քանի որ տեսականորեն, միգուցե, իսկապես կանխի կամ էլ գոնե թույլ տա հետաձգել պատերազմական գործողությունների վերսկսումը ու միաժամանակ էլ ապահովի Փաշինյանի թիմի համար իշխանական լծակները պահպանելու համար անհրաժեշտ արտաքին բազմակողմանի աջակցությունը։ 

Փաշինյանի ընդդիմախոսների մեծագույն մասի քաղաքական մոտեցումների թուլությունն այն է, որ իրենք էլ են կարծես թե նախորդ մոդելից հրաժարվել, բայց համարժեք նոր մոդել չեն մշակել, չունեն։ Դրա համար էլ ոչ թե նոր մոդելն են վիճարկում, այլ դրա կենսագործման հետ կապված իշխանությունների գործելակերպի տարատեսակ թերությունները։

– Սահմանազատումն ու սահմանագծումը կարո՞ղ են բերել նրան, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև իսկապես խաղաղության պայմանագիր կնքվի։

– Այս հարցն այժմ միանշանակ պատասխան չունի, և անգամ այն կախված էլ չէ Հայաստանի կամ Ադրբեջանի ղեկավարների ցանկություններից։ Տավուշում սահմանազատումը պատերազմի չվերսկսման իրական երաշխիք չի պարունակում։ 

Ի դեպ՝ նման երաշխիք չի գոյանա անգամ այն դեպքում, եթե Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը լիովին ավարտվի, ու խաղաղության պայմանագիր կնքվի։ Պատերազմ սկսելու առիթ միշտ էլ կգտնվի, եթե կողմերից մեկը ունակ չէ պաշտպանվել, չունի ազդեցիկ ռազմական դաշնակիցներ, իսկ տարածաշրջանում գերտերությունների միջև ռազմաքաղաքական հավասարակշռությունը խախտված է կամ կարող է խախտվել։

– Պարո՛ն Մելիքյան, համակարծի՞ք եք հնչող տեսակետներին, որ նրանք, ովքեր պայքարում են այս գործընթացի դեմ, իրականում հրահրում են պատերազմ ու դեմ են, որ Հայաստանը պետական սահման ունենա։ 

– Խնդիրն այն է, որ գործընթացին ընդդիմացողների մոտեցումները միատեսակ չեն։ Նրանց մի մասը դեմ է իշխանությունների կիրառած սահմանազատման մեթոդաբանությանն ու իրավական հիմնավորումներին, բայց հայկական պետականության փաշինյանական մոդելը չի վիճարկում, մյուս մասը կողմ է պատերազմով հայկական շահերը պաշտպանելու և կորսված Արցախը հետ բերելու տարբերակին։ Բոլոր դեպքերում իշխանությունները կնախընտրեն բոլորին մի կաթսայի մեջ լցնել՝ նրանց հռչակելով պետական շահերը վտանգող, պատերազմի կոչնակ հնչեցնող հակապետական տարր։

– Բողոքի այս ակցիան, որը գլխավորում է Բագրատ Արքեպիսկոպոսը, ըստ ձեզ՝ ո՞ր դեպքում կարող է հասնել այն նպատակին, որը սահմանել են։

– Այսօր այդ նպատակն իշխանափոխությունն է, և դրա միջոցով սահմանազատման գործընթացով Ադրբեջանին նոր տարածքների հանձնումը կանխելը։ Իմ կարծիքով՝ առաջիկայում իշխանափոխությունը հնարավոր կլինի, եթե Փաշինյանն ինքը կամավոր հրաժարական ներկայացնի, կամ էլ եթե ՀՀ ուժային կառույցները դադարեն նրան պաշտպանելուց։ 

Առաջին տարբերակը, թերևս, անհավանական է, իսկ երկրորդը գուցե գործի, պայմանով, որ առարկայական աջակցություն կստանա որևէ արտաքին ազդեցիկ ուժային կենտրոնից։

– Եթե հաջողվի այս շարժմամբ հասնել իշխանափոխության, ըստ ձեզ, հնարավոր կլինի՞ արդեն իսկ ձեռք բերված պայմանավորվածությունները չեղարկել, ինչ-որ բաներ փոխել։

– Չեղարկել հնարավոր է, բայց մինչ այդ անհրաժեշտ է հաշվարկել դրա հետ կապված բոլոր ներքին և արտաքին ռիսկերը, մշակել դրանք չեզոքացնելու, կանխելու միջոցները և ունենալ արտաքին աշխարհի հետ հարաբերվելու արդյունավետ իրավա-քաղաքական մոդել, որը թույլ կտա խաղաղ և ռազմական միջոցների համադրմամբ ապահովել մեր շահերի պաշտպանությունը։ Սա բարդ խնդիր է, որի լուծումը գտնելու համար առանձնահատուկ մասնագիտական աշխատանք է պետք կատարել։

– Եթե շարունակվի այն գործընթացը, որը սկսել է գործող իշխանությունը Ադրբեջանի հետ, ապա ի՞նչ է սպասելու Հայաստանի Հանրապետությանը։

– Առերևույթ, այս գործընթացն առայժմ քաջալերվում է բոլոր արտաքին ազդեցիկ դերակատարների կողմից։ Այդուհանդերձ, մեր տարածաշրջանում և դրան հարող աշխարհագրական գոտիներում ակտիվ կոնֆլիկտածին գործընթացներ են ծավալվում, որոնք ունակ են մեզ համար նոր մարտահրավերներ ձևավորել։ Հայաստան-Ադրբեջան երկկողմ հարաբերություններն այս ավելի լայն համատեքստից դուրս դիտարկելը սխալ կլինի։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am