Երևան-Սևան ճանապարհին տեղի ունեցած պայթյունի հետևանքով բուժօգնության է դիմել 7 քաղաքացի. ԱՆ

Երևան-Սևան ճանապարհին տեղի ունեցած պայթյունի հետևանքով հոսպիտալացվել է ևս 2 տուժած։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ-ից։

«Ընդհանուր առմամբ, բուժօգնության է դիմել 7 քաղաքացի։ Նրանցից մեկն առաջին բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել։ Տուժածներից երկուսը գտնվում են վերակենդանացման բաժանմունքում: Նրանց առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, չորս տուժածինը` կայուն ծանր»,- տեղեկացնում են նախարարությունից։

Ավելի վաղ հայտնել էինք, որ հունիսի 6-ին, ժամը 23:14-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ գազալցակայանում, տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության և Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից տասներկու մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, Փրկարար ուժերի վարչության Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և Բժշկական ապահովման վարչության հերթապահ խմբերը։