Պարզ էր, որ ընդդիմության այս քայլին իշխանությունը լուրջ չէր վերաբերվի, սա անլուրջ քաղաքական քայլ էր. Անդրիաս Ղուկասյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ, Հայ կառուցողական կուսակցության նախագահ Անդրիաս Ղուկասյանը 

-Պարո՛ն Ղուկասյան,  սպասելի՞ էր, որ իշխող ուժը կմերժի ընդդիմության՝ ավելի շուտ արտահերթ նիստ հրավիրելու առաջարկը՝ կառավարության հրաժարականը պահանջող ուղերձի օրակարգով։

– Ուղերձով դիմել Կառավարությանը հրաժարական տալու համար, ենթադրվում է, որ հրաժարականի դեպքում, խորհրդարանում, ըստ ընթացակարգի, անցկացվելու է վարչապետի ընտրություն, համապատասխանաբար, երկու փուլով և այլն։ Ընտրված այս ձևաչափը քաղաքական առումով շատ թույլ գործողություն է, որովհետև ենթադրում է, որ խորհրդարանական մեծամասնությունը պարզապես պետք է ականջալուր լինի այդ ուղերձին ու որոշի իր մեջ, թե ով է վարչապետի նոր թեկնածուն։ Այս ճանապարհը, որն ընտրեց խորհրդարանական ընդդիմությունը, նշանակում է, որ Կառավարության փոփոխության հարցը լիովին գտնվում է իշխող ուժի տիրույթում։ Պարզ էր, որ ընդդիմության այս քայլին իշխանությունը լուրջ չէր վերաբերվի, սա անլուրջ քաղաքական քայլ էր։ 

– Իսկ ինչո՞ւ շարժումն ընտրեց հենց այդ տարբերակը։

– Ամենաակնհայտ պատասխանը, ենթադրում եմ իհարկե, եթե իրենք ունենային վարչապետի թեկնածու՝ այդ թեկնածուին հանրությանը ներկայացնելու համար կարող էին անվստահություն հայտնել Կառավարությանը, ցույց տալով, որ իրենք ունեն առաջնորդ, որի շուրջ պատրաստ են համախմբվել։ Սա կարող էր լինել քաղաքական գործընթացի մի էլեմենտ, որը կենթադրեր, որ հանրության լայն զանգվածները կաջակցեին շարժմանը, եթե վարչապետի այդ թեկնածուն ու իր ծրագրերը մարդկանց համար հասկանալի և ընդունելի լինեին։ 

Այն, որ չկա նման թեկնածու, որովհետև Բագրատ Սրբազանը իրավական պատճառներով չի կարող առաջադրվել որպես վարչապետի թեկնածու, կարծում եմ պատճառ դարձավ, որ խորհրդարանական ընդդիմությունը գնաց այս ճանապարհով։ 

– Պարո՛ն Ղուկասյան, հետագա ի՞նչ զարգացումներ եք կանխատեսում։

– Դժվար է հիմա ասել, բայց երկուշաբթի-երեքշաբթի շարժումը կկանգնի այն փաստի առաջ, որ ԱԺ շենքի մոտ բողոքի ակցիան անիմաստ էր։ Խաղաղ ցույցը խորհրդարանի մոտ այս շաբաթ դառնալու է արդեն ոչ առարկայական պահանջ, եթե ինչ-որ նոր բան չառաջանա այս ընթացքում։ Համենայնդեպս, հիմա շարժումը ճնշման կետ է ընտրել խորհրդարանը, դիրքավորվել է այնտեղ, հավանաբար այս ամբողջ շաբաթ մենք շարժումն այնտեղ ենք տեսնելու։

– Իսկ ձեր գնահատմամբ՝ այս շարժումն ի վերջո կկարողանա՞ հասնել իշխանության հրաժարականին։

– Եթե հարցը ձևակերպեք այսպես՝ ի՞նչ է հարկավոր, որպեսզի Հայաստանում թրքամետ ՔՊ կուսակցությունը հեռացվի իշխանությունից, կպատասխանեմ, իսկ շարժմանը այդ մասով գնահատական տալը իմ կողմից ճիշտ չի լինի։ Ես կարծում եմ, որ լուրջ խնդիր է, որ շարժումը փորձում է երկու սուր անկյուններ շրջանցել․ մեկը՝ օլիգարխիայի խնդիրն է Հայաստանում, մյուսը՝ Ռուսաստանի ազդեցության հարցն է։ 

Քանի դեռ շարժումը փորձում է հաճելի լինել և՛ Ռուսաստանի ղեկավարությանը, և՛ օլիգարխիայի առնվազն մի մասին ու հանդես է գալիս հաշտության և Ռուսաստանի հետ հարաբերությունների վերականգնման կարգախոսներով, դա լայն զանգվածների մոտ հետաքրքրություն չի ներկայացնում։ 

Որպեսզի շարժումը հասնի արդյունքի, պահանջը պետք է լինի արտահերթ ընտրություն հիմա, ոչ թե փորձել որոնել ինչ-որ ժամանակավոր կառավարություն, որպեսզի ժողովուրդը ընտրի՝ թե որ ճանապարհով պետք է Հայաստանը գնա։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am