ՄԻԵԴ-ի նոր վճիռներ ընդդեմ ՀՀ-ի․ փոխհատուցում կստանան Լևոն Բարսեղյանը և «Հայկական ժամանակ» օրաթերթը․ Factor.am

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը միանգամից երկու վճիռ է կայացրել ընդդեմ Հայաստանի Հանրապետության։ Ներկայացված երկու բողոքներն էլ վերաբերել են 2008 թվականի մարտի 1-ի արյունալի իրադարձություններին, գրում է Factor.am-ը։

Առաջին վճիռը կայացվել է «Բարսեղյանն ընդդեմ Հայաստանի» գործով․ դիմումատուն «Ասպարեզ» մամուլի ակումբ ՀԿ-ի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանն է։ Բողոքը ստրասբուրգյան դատարան է ներկայացրել այդ տարիներին փաստաբանական գործունեություն ծավալած Էդմոն Մարուքյանը։ Factor.am-ի հետ զրույցում Լևոն Բարսեղյանը, վերհիշելով 2008 թվականի մարտի 2-ի իրադարձությունները, պատմում է, որ Երևանում արտակարգ դրություն հայտարարելու և արյունալի իրադարձությունների հաջորդ օրն ինքն այցելել է Գյումրիի Թատերական հրապարակ, որտեղ ակցիա էր տեղի ունենում։

Ոստիկանությունը, սակայն թույլ չի տվել մոտենալ հավաքին և ձերբակալել իրեն։ «Ոստիկանության վարչության պետի տեղակալը հարձակվեց վրաս, սկսեց գոռգոռալ և ինձ հրեց դեպի փողոցի բանուկ հատվածը։ Հոխորտում էր, թե՝ էդքան մարդու գլուխ կերաք քիչ էր, էստե՞ղ ես եկել։ Ես էլ իրենից բացատրություն էի պահանջում, հետո սկսեց բղավել, թե արտակարգ դրություն է, ես էլ հակադարձում էի՝ միայն Երևանում, այն էլ՝ ապօրինի։ Ի վերջո, ինձ տարան Ոստիկանություն, հետո դատարանն ինձ տուգանեց 50 հազար դրամի չափով։ Ներպետական ատյանները սպառելուց հետո ստիպված դիմեցինք Մարդու իրավունքների եվրոպական դատարան»,- մանրամասնեց Բարսեղյանը։

13 տարի անց՝ ՄԻԵԴ-ն իր կայացրած այսօրվա վճռում արձանագրել է, որ խախտվել է Բարսեղյանի հավաքների ազատության իրավունքը, որը երաշխավորված է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 11-րդ հոդվածով։ Դիմումատուն մատնանշել էր նաև, որ ոստիկանների գործողությունները հիմնավորված չեն եղել, քանի որ Գյումրիում չի եղել բռնություն կամ անկառավարելի իրավիճակ: Այս ամենը հաշվի առնելով՝ ՄԻԵԴ-ը Հայաստանին պարտավորեցրել է Բարսեղյանին վճարել 1500 եվրո։ Երկրորդ վճիռը կայացվել է ««Դարեսկիզբ» ՍՊԸ-ն ընդդեմ Հայաստանի» գործով։

Դիմումատուն «Հայկական ժամանակ» օրաթերթն է, որն այդ ժամանակ ղեկավարում էր այսօր վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը։

Դատարանում նրա ներկայացուցիչը եղել է փաստաբան Տիգրան Աթանեսյանը, որն այս օրերին Փաշինյանի ընդդիմախոսներից է։ Դիմումատուն դատարանում վիճարկում էր 2008 թվականի մարտի 2-ին սահմանված արտակարգ դրության օրերին թերթի հրապարակման վրա արգելանք դնելու որոշումը։ Ըստ ՄԻԵԴ-ի որոշման՝ այդ օրերին իշխանությունը խախտել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածը՝ խոսքի ազատությունը, արդար դատաքննության իրավունքը՝ 6-րդ հոդվածի 1-ին մասը,, քանի որ իրենց գործը քննած դատարանը «օրենքով սահմանված տրիբունալ չէր»: Դատարանի որոշմամբ ՀՀ կառավարությունը «Դարեսկիզբ» ՍՊԸ-ին 9000 եվրո կփոխհատուցի։