ՀՀ տարածքով անցնող կոմունիկացիաների անվտանգությունն ապահովելու գործառույթը վերապահված է Հայաստանին. Փաշինյան

2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համաձայն, Հայաստանի Հանրապետության տարածքով անցնող հաղորդակցությունների անվտանգության ապահովումը վստահված է հենց Հայաստանին: Այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Կառավարությունում Ազգային ժողովի «Ամառային դպրոց» ծրագրի մասնակիցների հետ հանդիպման ժամանակ:

«Վերջերս Ռուսաստանի Դաշնության բարձրաստիճան պաշտոնյան հայտարարեց, թե նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ գրված է, որ Ադրբեջանի հիմնական հատվածի և Նախիջևանի միջև տրանսպորտային հաղորդակցությունների անվտանգությունը պետք է ապահովի ՌԴ Անվտանգային դաշնային ծառայության սահմանապահ զորքերի ուժերը: Ես ուզում եմ ասել, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ նման բան չկա գրված: Դա պարզ, հրապարակային տեքստ է, որը կարելի է բացել և կարդալ: Այնտեղ ընդհակառակը, գրված է, որ Հայաստանի Հանրապետությունն է ապահովում, երաշխավորում հաղորդակցության անվտանգությունը», – նշել է Նիկոլ Փաշինյանը: