Մակրոնը հրավիրել է քաղաքական կուսակցությունների ղեկավարներին՝ քննարկելու Ուկրաինայի պատերազմն ու եվրոպական անվտանգությունը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը այսօր առավոտյան Ելիսեյան պալատում կհանդիպի քաղաքական կուսակցությունների ղեկավարների հետ՝ Ուկրաինայի պատերազմի և եվրոպական անվտանգության հարցերի շուրջ խորհրդակցելու համար։

Մակրոնը նախորդ օրերին արդեն խորհրդակցություններ է անցկացրել եվրոպացի գործընկերների հետ՝ փորձելով ձևավորել ընդհանուր մոտեցում անվտանգության հարցում, հատկապես Դոնալդ Թրամփի հայտարարություններից հետո, որոնցում նա մեղադրել էր Վլադիմիր Զելենսկուն պատերազմ սկսելու համար։

Ֆրանսիայի նախագահի վարչակազմից հայտնել են, որ այսօրվա հանդիպմանը կմասնակցեն մի շարք քաղաքական առաջնորդներ, այդ թվում՝ Մանուել Բոմպարը (La France Insoumise), Ֆաբիեն Ռուսելը (Ֆրանսիայի Կոմունիստական կուսակցություն), Մարին Թոնդելիեն (Էկոլոգիստներ), Օլիվյե Ֆորը (Սոցիալիստական կուսակցություն) և Գիյոմ Լակրուան (Ձախերի Ռադիկալ կուսակցություն)։ «Ազգային միավորում» կուսակցությունը կներկայացնի փոխնախագահ Լուի Ալիոն, քանի որ կուսակցության առաջնորդ Ժորդան Բարդելան այդ ժամանակ Վաշինգտոնում կլինի։

Էմանուել Մակրոնը նախօրեին հայտարարել է, որ Ռուսաստանը «էքզիստենցիալ վտանգ» է ներկայացնում Եվրոպայի համար։ Նա ընդգծել է, որ Ֆրանսիան «չի պատրաստվում ուղարկել մարտական զորքեր ուկրաինական ռազմաճակատ», սակայն չի բացառել ՄԱԿ-ի մանդատի ներքո խաղաղապահ առաքելության հնարավորությունը, որը կարող է տեղակայվել շփման գծի երկայնքով։

Այս մասին տեղեկացնում է Le Figaro-ն: