Արտաքին հետախուզության պետը մեկնաբանել է Ադրբեջանի կողմից հարձակման հավանականությունը

Հայաստանի արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Քրիստիննե Գրիգորյանն այս պահին Ադրբեջանի կողմից Հայաստանի վրա հարձակվելու հավանականությունը բարձր չի գնահատում՝ շեշտելով, որ դրա համար անհրաժեշտ բոլոր փաստերի և ազդակների համախումբը բացակայում է։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Քրիստիննե Գրիգորյանն այդ մասին ասել է խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում։ 

Անդրադառնալով հարցին, թե այս պահին կա Ադրբեջանի կողմից Հայաստանի վրա հարձակվելու վտանգ՝ Քրիստիննե Գրիգորյանը պատասխանել է. 

«Այս պահին հարձակման հավանականությունը բարձր գնահատելու համար անհրաժեշտ բոլոր փաստերի և ազդակների համախումբը բացակայում է, սակայն իրավիճակն արագ է փոխվում, և մենք հետևում ենք իրավիճակին»։ 

Թեև Հայաստանն ու Ադրբեջանը հայտարարել են խաղաղության համաձայնագրի շուրջ համաձայնության հասնելու և բանակցությունների ավարտի մասին՝ Ադրբեջանը վերջին օրերին պարբերաբար կեղծ լուրեր է տարածում, թե հայկական զինված ուժերը սահմանների տարբեր հատվածներում իբր կրակում են ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։ Տարբեր վերլուծաբանների և փորձագետների կարծիքով՝ Ադրբեջանն այդպիսով հող է նախապատրաստում Հայաստանի դեմ նոր ռազմական ագրեսիայի համար։