Քիչ առաջ Կառավարության ընդունելությունների տանը ավարտվել է ընդդիմություն-իշխանություն երկխոսության համար ստեղծված պատվիրակությունների 5-րդ հանդիպումը:
Չնայած կանխատեսումներին, որ ընդդիմադիր ակտիվիստների ձերբակալության պատճառով, հնարավոր է` ընդդիմությունն այսօր դադարեցնի երկխոսությունը, նման բան տեղի չունեցավ:
Ինչպես հանդիպմամ ավարտին «Մեդիալաբի» հետ զրույցում փոխանցեց ընդդիմության պատվիրակության անդամ Վահագն Խաչատրյանը, այս հանդիպման ընթացքում որոշում է կայացվել շարունակել հանդիպումները:
«Հաջորդ հանդիպումը կկայանա առաջիկա ուրբաթ օրը»,- նշեց Խաչատրյանը:
Հանդիպումից հետո լրագրողների հետ կարճ հանդիպմանը երկու կողմերի պատվիրակությունների ղեկավարները չեն նշել, արդյո՞ք հանդիպմանը քննարկվել է Հայաստանում արտահերթ ընտրությունների անցկացման հարցը:
Հիշեցնենք, որ նախորդ` 4-րդ հանդիպման ժամանակ ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը իշխանություններին էր ներկայացրել Հայաստանում արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների անցկացման 85 էջանոց հիմնավորումների փաթեթը:
Նախորդ հանդիպումից հետո իշխանական պատվիրակությունը նշել էր, որ մեկ շաբաթ ժամանակ է խնդրել այդ հիմնավորումներին պատասխանելու եւ իրենց տեսակետները ներկայացնելու համար:
Հիշեցնենք, որ օգոստոսի 9-ին Կարապի լճի մոտ միջադեպ է տեղի ունեցել ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի երիտասարդ ակտիվիստների եւ ոստիկանների միջեւ, ինչի արդյունքում ընդդիմության 7 երիտասարդ ակտիվիստներ տարվել են ոստիկանություն, իսկ նրանցից 3-ին` Արտակ Կարապետյանին, Տիգրան Առաքելյանին եւ Սարգիս Գեւորգյանին 2 ամսով կալանավորել են:
Մյուս չորսը` Վահագն Գեւորգյանը, Սահակ Մուրադյանը, Արեգ Գեւորգյանը եւ Դավիթ Քիրամիջյանը ստորագրությամբ ազատ են արձակվել:
Երեկ Կոնգրեսի մամլո խոսնակ Արման Մուսինյանը երեկ լրագրողներին ասել էր, թե ընդդիմությունը պահանջում է ազատ արձակվել ձերբակալված երիտասարդներին, եւ ինչը անելու համար մինչեւ երկխոսության 5-րդ հանդիպումը ժամանակ կար: Հակառակ պարագայում, Մուսինյանը նշել էր, որ իրենք պետք է որոշում կայացնեն:
© Medialab.am