Օմբուդսմեն. Ընտրություններն ավելի ազատ էին, բայց շատերը չեն հավատում դրանց արդարությանը

Օմբուդսմեն. Ընտրություններն ավելի ազատ էին, բայց շատերը չեն հավատում դրանց արդարությանը
Օմբուդսմեն. Ընտրություններն ավելի ազատ էին, բայց շատերը չեն հավատում դրանց արդարությանը
Հեղինակ MediaLab

Ընտրությունների արդարությանը շատերը չեն հավատում, որովհետև ՝
Տասնամյակներ շարունակ նույնիսկ ամենաբիրտ և ակնհայտ ընտրախախտումների պարագայում գրեթե բոլոր պետական ինստիտուտները (Ոստիկանություն, Դատախազություն, ԿԸՀ, Սահմանադրական դատարան) պատշաճ չեն արձագանքել դրանց, ինչը պահպանել և խորացրել է հանրության վստահության ցածր մակարդակը ընտրական գործընթացների նկատմամբ:

Ընտրությունների ընթացքում ստացվել են ընտրակաշառքի բաժանման 100 ահազանգ, սակայն Ոստիկանությունը քննության արդյունքում չի բացահայտել ընտրակաշառքի գեթ մեկ դեպք, մինչդեռ կրկնակի քվեարկության 20 ահազանգերի պարագայում 4-ը բացահայտվել են:

Ընտրությունների ընթացքում գրանցվել են վարչական ռեսուրսի չարաշահման մի շարք դեպքեր, որոնց կապակցությամբ որևէ անձի նկատմամբ մեղադրանք չի առաջադրվել:

Ստացված 293 ահազանգերի դեպքերից 273-ով իրավապահ մարմինների կողմից կայացվել են որոշումներ քրեական գործերի հարուցումը մերժելու մասին, այնինչ չեն իրականացվել քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված անհրաժեշտ բոլոր քննչական գործողությունները:

Առանձին դեպքերում իրավապահ մարմինները ընտրակաշառքների և այլ ընտրահանցանքների վերաբերյալ ահազանգերը քննելիս բացատրությունները հիմնականում վերցրել են համայնքապետից կամ իշխանական կուսակցության ներկայացուցչից: Հետևաբար, ըստ ներկայացված տեղեկատվության, ոչ բոլոր դեպքերում է կատարվել բազմակողմանի քննություն, այսինքն` անհրաժեշտ և բավարար հիմնավորումներով գործերը ավարտելու համար չեն ներգրավվել գործի ելքով չշահագրգռված բոլոր պատշաճ անձինք:

Անձնագրերի դրոշմակնքման օրենսդրական պահանջը, որպես կրկնակի քվեարկության բացառման երկաստիճան համակարգի մաս չի ծառայել իր նպատակին, քանի որ օգտագործված թանաքը հեշտորեն հնարավոր էր հեռացնել անձնագրերից:

Ընդդիմադիր ուժերի և որոշ միջազգային կազմակերպությունների կողմից բացասականորեն ընդգծվել է և կասկածների տեղիք է տվել այն հանգամանքը, որ գործող Նախագահին կողմ քվեարկած ձայներն էականորեն մեծ թիվ են կազմել այն տեղամասերում, որտեղ միջինից բարձր է եղել ընտրողների մասնակցությունը:

 

Ընտրություններն ավելի ազատ էին, որովհետև՝

Թեկնածուների գրանցման ընթացքում օրենքի որևէ խախտում չի արձանագրվել:

Թեկնածուների քարոզչության, խաղաղ հավաքների և հրապարակային միջոցառումների ընթացքում չեն գրանցվել էական խոչընդոտման դեպքեր:

Պատշաճ կարգով պահպանվել են ՀՀ Նախագահի թեկնածուների քարոզչության լուսաբանման և խոսքի ազատության ապահովման օրենսդրական պահանջները և հավասար հնարավորություններ են ընձեռվել բոլոր թեկնածուների համար:

Շուրջ 3500-ով նվազել են ընտրողների ցուցակներում առկա անճշտությունները, իսկ ՀՀ Ոստիկանությունն էականորեն բարելավել է ընտրողների ցուցակներում անճշտությունների վերացմանն ուղղված վարչարարությունը:

Կենտրոնական ընտրական հանձնաժողով ուղղված դիմում-բողոքների ուսումնասիրման ընթացքում խնդիրների լուծման ժամանակ էականորեն նվազել է իրավական ձևապաշտությունը (ֆորմալիզմը):

ՀՀ Ազգային ժողովում ներկայացված բոլոր քաղաքական ուժերի ու ՀՀ Նախագահի թեկնածուների կողմից առաջադրված է եղել թվով 20690 վստահված անձ և հանձնաժողովի անդամներ: Մասնավորապես, «Ժառանգություն» կուսակցությունը 1988 տեղամասային ընտրական հանձնաժողովներից 1884-ում (95 տոկոս) ունեցել է առաջադրած անդամներ: Ընդդիմության ներկայացուցիչները ներկայացրել են միայն 12 վերահաշվարկի դիմում և միայն 70 քվեարկության արդյունքներ անվավեր ճանաչելու դիմում (118 տեղամասերում):

Ընտրական գործընթացի թերությունների մասին 1988 ընտրական տեղամասերից միայն 44 ընտրական հանձնաժողովների գրանցամատյաններում են կատարվել համապատասխան գրառումներ:

Ընտրությունների հետընտրական զարգացումների ընթացքում ապահովվել է անձանց ազատ տեղաշարժվելու և հավաքներին մասնակցելու իրավունքը:

ՀՀ Ոստիկանության և ՀՀ Դատախազության կողմից ընտրախախտումների մասին շուրջ 300 հաղորդումները ավելի մանրամասն են ուսումնասիրվել և առավել հստակ տվյալներ են տրամադրվել քննության արդյունքների վերաբերյալ:

Ընտրախախտումների ահազանգերի բնույթը ըստ համայնքների հիմնականում տարբեր է եղել, հետևաբար ընտրախախտումները չեն կրել համակարգված համապետական բնույթ և չեն իրագործվել միասնականորեն մշակված և մեկ կենտրոնից ուղղորդվող մեխանիզմներով: