Ալիևը և Էրդողանը խոսել են Զանգեզուրի միջանցքի և Մետաքսի ճանապարհի վերածննդի մասին

None

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Միջազգային Կովկասյան կոնգրեսի մասնակիցներին հղած ուղերձում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նշել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ Շուշիի հռչակագրի միջոցով «Մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքը բարձրացրել են դաշնակցային հարաբերությունների մակարդակի։

«Շուշայում, Ֆիզուլիում և Լաչինում ծածանվող ադրբեջանական դրոշը նաև Թուրքիայի հպարտությունն է»,- հայտարարել է Էրդողանը։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ևս ուղերձ է հղել Կովկասյան միջազգային կոնգրեսի մասնակիցներին:

Ուղերձում Ալիևը նշել է, որ թուրք-ադրբեջանական հարաբերությունները «պատմական Շուշիի հռչակագրի» շնորհիվ հասել են ամենաբարձր՝ դաշնակցային մակարդակի։

Նրա խոսքով՝ երկու երկրների համատեղ իրականացրած խոշոր նախագծերը, ինչպես նաև նրանց աշխարհագրական դիրքը, որը կամրջի դեր է կատարում Եվրոպայի և Ասիայի միջև, վերափոխել են Հարավային Կովկասի և ամբողջ Եվրասիական տարածաշրջանի տրանսպորտային, էներգետիկ և հաղորդակցային քարտեզը։

«Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատումը տարածաշրջանը դարձրել է միջազգային տրանսպորտային միջանցքների և տնտեսական համագործակցության տեսանկյունից ռազմավարական նշանակության կարևոր կենտրոն։

Զանգեզուրի միջանցքը, որն այժմ իրականացվում է Ադրբեջանի նախաձեռնությամբ, ոչ միայն կապահովի անխոչընդոտ հաղորդակցություն Ադրբեջանի հիմնական տարածքի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև, այլև կնպաստի Թուրքիայի հետ ուղիղ ցամաքային տրանսպորտային կապերի ընդլայնմանը, Միջին միջանցքի հնարավորությունների մեծացմանը, միջազգային առևտրի և լոգիստիկ կապերի զարգացմանը և, ավելի լայն իմաստով, պատմական Մետաքսի ճանապարհի վերածննդին»,- հայտարարել է Ալիևը։