BioNTech-ը աշխատանքներ է սկսել «Օմիկրոն» շտամի դեմ պատվաստանյութի ուղղությամբ

Կորոնավիրուսի նոր տարբերակն առանձնահատուկ վտանգ է ներկայացնում, նշել է ԱՀԿ-ը

BioNTech ընկերությունը երկուշաբթի օրը հատնել է, որ աշխատանքներ է սկսել նոր պատվաստանյութի մշակման ուղղությամբ՝ հաշվի առնելով Հարավային Աֆրիկայում հայտնաբերված «Օմիկրոն» շտամի հետ կապված զարգացումները: Ընկերության հայտարարության մեջ ասվում է, որ նոր պատվաստանյութի մշակումն ընկերության ստանդարտ ընթացակարգի մաս է: Այս մասին տեղեկացնում է «Ամերիկայի Ձայնը»։

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը երկուշաբթի օրը նախազգուշացրել է, որ Հարավային Աֆրիկայում հայտնաբերված կորոնավիրուսի տարբերակը կապված է հիվանդության տարածման նոր աճի չափազանց բարձր գլոբալ ռիսկի հետ, քանի որ ավելի շատ երկրներ հայտնում են վարակի նոր դեպքերի մասին, ինչը հանգեցնում է սահմանների արգելափակմանը:

BioNTech-ն ուրբաթ օրն ասել է, որ սպասում է լրացուցիչ լաբորատոր տվյալների երկու շաբաթվա ընթացքում՝ որոշելու համար, թե արդյոք կա հատուկ պատվաստանյութ մշակելու անհրաժեշտություն, թե ոչ:

Moderna-ն իր հերթին նշել է, որ աշխատանքներ է տանում իր COVID-19 պատվաստանյութի վերարտադրության ուղղությամբ՝ ապագա խթանիչ պատվաստումների համար: