«Յուրաքանչյուր թեկնածու կարող է ընտրակաշառք բաժանել ու մեր անունը տալ». ըստ Գալուստ Սահակյանի, կաշառք բաժանողները ՀՀԿ-ի «մարդիկ» չեն»

«Յուրաքանչյուր թեկնածու կարող է ընտրակաշառք բաժանել ու մեր անունը տալ». ըստ Գալուստ Սահակյանի, կաշառք բաժանողները  ՀՀԿ-ի «մարդիկ» չեն»
«Յուրաքանչյուր թեկնածու կարող է ընտրակաշառք բաժանել ու մեր անունը տալ». ըստ Գալուստ Սահակյանի, կաշառք բաժանողները ՀՀԿ-ի «մարդիկ» չեն»

Չնայած լրատվամիջոցներով եւ սոցիալական ցանցերում վերջին օրերին հնչող բազում ահազանգերին եւ տեսանյութերին այն մասին, որ ՀՀԿ-ն ընտրակաշառք է բաժանում ընտրողներին` նախագահական ընտրություններին իշխող կուսակցության թեկնածուի օգտին ձայներ ստանալու ակնկալիքով, ՀՀԿ-ում հերքում են այդ տեղեկությունները:
Ըստ ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանի, նմանօրինակ հրապարակումները «սադրանք» են: Սակայն «Մեդիալաբի» հետ զրույցում, Սահակյանն այդպես էլ չհստակեցրեց, թե ում է ձեռնտու այս օրերին սադրել ՀՀԿ-ին:

«Ես կարծում եմ, որ դա տենց էլ պիտի լիներ, որովհետև վերջին օրերն են, պիտի պրովոկացիաներ անեին: Չէ, չենք բաժանում ընտրակաշառք, տենց խնդիր չկա»,- «Մեդիալաբին» ասաց Գալուստ Սահակյանը:

Այն դիտարկմանը, որ անգամ նշվում է կաշառքի չափը՝ 5000-10 000 դրամ, ՀՀԿ փոխնախագահն ասաց, որ ինքն այլ ինֆորմացիա ունի. կաշառք բաժանողներ կան, բայց նրանք ՀՀԿ-ի «մարդիկ» չեն:

«Բաժանողներ կարող են լինել, բայց չեմ կարծում, որ մեր կողմից են: Մեր կողմից բացառված է դա: Յուրաքանչյուր թեկնածու կարող է ընտրակաշառք բաժանել ու մեր անունը տալ: Մենք նման խնդիր չունենք: Եվ ինչո՞ւ պիտի ընտրակաշառք բաժանելու խնդիր ունենանք»,- ընդգծեց Գալուստ Սահակյանը:

Եվ չնայած ոչ վաղ անցյալում քաղաքական ուժերի ներկայացուցիչներից ու վերլուծաբաններից ոմանք պնդում էին, որ այս ընտրություններում ՀՀԿ-ն ընտրակաշառք չի բաժանի մրցակցության բացակայության պատճառով, սակայն, հիշեցնենք, այսօր ՀՀԿ թեկնածուի օգտին ընտրակաշառք բաժանելու մասին հայտարարությամբ է հանդես եկել նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանը:

«Ինչպես և բոլոր անցած ընտրություններում, իշխող կուսակցությունը նորից բաժանում է ընտրակաշառք և կիրառում է հարկադրանք քաղաքացիների նկատմամբ` իր օգտին քվեարկելու համար: Մեզ հասած տեղեկությունների համաձայն, Սերժ Սարգսյանի օգտին քվեարկելու համար առաջարկում են 5000-7000 դրամ գումար: Իշխող կուսակցությունը փորձում է մոտ 5 մլրդ դրամով գնել Հայաստանի քաղաքական ապագան: Դրա դիմաց նա ակնկալում է 5 տարվա մեջ եւս 5 մլրդ դոլարով ավելացնել իշխող վերնախավի ապօրինի հարստությունը»,- ասվում է Անդիրաս Ղուկասյանի հայտարարությունում:

ԳԱԼԱ հեռուստաընկերությունը նույնպես հրապարակումների շարք է -10 000 դրամ ընտրակաշառք է բաանվում ՀՀԿ թեկնածուի օգտին: Հեռուստաընկերությանը հաջողվել է հեռախոսազրույց ունենալ նաև մի քանի գումար բաժանողների հետ: Նրանք իրենց անվանում են «հրահանգիչ» և հստակ պատմում, որ յուրաքանչյուրն ունի իր սեփական թաղամասը՝ հստակ ցուցակով, ցուցակագրված անձանցով: Բաժանում են գումար՝ յուրաքանչյուրին 5 000 դրամ:

Նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանի ընտրական շտաբի անդամները նույնպես մարզերում իրազեկվել են, որ ընտարակաշառք է բաժանվում ՀՀԿ թեկնածուի օգտին: Այս մասին Տավուշի մարզում այսօր շտաբի անդամների պատմել են նաև բնակիչները:

Հրանտ Բագրատյանի մամուլի քարտուղար Կարինե Հարությունյանը «Մեդիալաբի» հետ զրույցում նշեց, որ իրեն ահազանգել են Իջևանից ու ասել, որ մարդկանց ցուցակագրում են ու ՀՀԿ-ի օգտին 5000 դրամ ընտրակաշառք են բաժանում:

Հրանտ Բագրատյանի շտաբի անդամ Համբարձում Համբձումյանն էլ ասում է, որ այսօր Տավուշի մարզում բնակչության հետ հանդիպման ժամանակ տեղեկացել են, որ ընտրակաշառքներ են բաժանում:

«Համատարած Նոյեմբերյանի տարածաշրջանում հատկապես կա այդ երևույթը, որովհետև այդ տարածքի բնակչությունն աչքի է ընկնում ընդդիմադիր հայացքներով: Սա այն լծակն է, որի միջոցով իշխանությունը փորձում է ապակողմնորոշել մարդկանց և իր ընտրությունը պարտադրել»,- «Մեդիալաբին» ասաց Համբարձում Համբարձումյանը:

Նա նշեց, որ նման դեպքերում իրենք մարդկանց խորհուրդ են դիմել ոստիկանություն, բայց հասարակությունը խուսափում է դա անել, քանի որ որպես կանոն չեն վստահում ոստիկանությանը:

© Medialab.am

http://www.youtube.com/watch?v=RYKG2KQcSb8