«Ուզում եմ ընտանիք ունենալ». երազանք, որ երբեք չի լքում մանկատան սաներին

23-12-2010
242 դիտում
«Ուզում եմ ընտանիք ունենալ». երազանք, որ երբեք չի լքում մանկատան սաներին

Հորը ձեռքը բռնած` Նոր տարվա գնումներ կատարելիս: Եղանակը սառն էր, գետնին` ձյան բարակ շերտ: Երկու տարի առաջ էր, երբ վերջին անգամ Զոյան ու Զարուհին Ամանորի տոները նշեցին ջերմ ընտանեկան հարկի տակ` ծնողների հետ:

2009-ին առողջական լուրջ խնդիրների պատճառով քույրերի ծնողները մահացան. հայրը գլխի ուռուցք ուներ, մայրը` հիվանդ սիրտ:

Մեկուկես ամիս բարեկամների տներում, այստեղ-այնտեղ ապրելուց հետո Զոյան և Զարուհին հայտնվեցին Վանաձորի մանկատանը` տասնյակ տարբեր տխուր ճակատագրերի արժանացած երեխաների կողքին:

«Գիտեի՝ վաղ թե ուշ այստեղ են բերելու, երևի ճիշտը դա է, թե չէ 1-2 ամիս կպահեին, հա´մ իրենք կձանձրանային, հա´մ մենք: Իսկ այստեղ գոնե գիտենք, որ ոչ մեզ անհանգստացնող կլինի, ոչ էլ մենք ուրիշներին կանհանգստացնենք»,- մանկատան պայմաններին հարմարվելու պատճառների մասին է պատմում Զոյան:

Սակայն 14-ամյա Զարուհին մինչև օրս չի հարմարվել մանկատանը: Հույս ունի, որ Երևանում ապրող բարեկամը կգա ու իրենց տուն կտանի.

«Ոչ մի բան էլ չեմ մոռացել. մեր տունը, տան հոտը, խաղալիքներս, ծնողներիս, չեմ հավատում, որ չկան: Երազում եմ ընտանիք ունենալ, իմ ընտանիքը՝ ծնողներիս հետ»,- հազիվ լացը զսպելով ասում է Զարուհին:

Իրենց ծնողների հետ մի հարկի տակ ապրելու երազանքով այսօր Վանաձորի մանկատանը 106 երեխա է ապրում:

Քաղաքի ծայրամասում գտնվող մանուկների այս մեծ տանը հիմնականում ապրում են սոցիալապես ծանր վիճակում ապրող, աշխատանք չունեցող միայնակ մայրերի երեխաներ:

Մանկատան տնօրեն Արշալույս Հարությունյանն ասում է, որ երեխաներին մանկատուն բերելու պատճառները տարբեր են, սակայն հիմնականում շեշտում է սոցիալականը:

«Մարդիկ սոցիալական դժվար պայմաններում են ապրում: Ամուսինները թողնում են, ուրիշների հետ ամուսնանում, կինն էլ միայնակ մայր է, ոչինչ չունի՝ բնակարան, աշխատանք, օգնող, իրեն վատ է զգում, որ երեխան լացում է, ինքը չի կարողանում նրան կերակրել, ստիպված բերում է մանկատուն: Կան երեխաներ, որոնց ծնողները մահացել են կամ կալանավայրում են»,- ասում է Հարությունյանը:

Նա նշում, է, որ իրենք հոգում են, որ մանկատան երեխաները կրթություն ստանան, ապահովված լինեն նորմալ պայմաններով.

«Մեր նպատակն է նրանց լավ մարդ դաստիարակել, պիտանի քաղաքացիներ»,- ասում է տնօրենը:

Տնօրենը տարիների հեռավորությունից անգամ չի մոռանում, հիացմունքով է խոսում երեք փոքրիկ տղաների մասին, ովքեր մոր ձեռքը բռնած եկան մանկատուն:

«Բաքվից էին եկել, հայր չունեին, մայրն էլ ի վիճակի չէր պահելու նրանց, շատ վատ վիճակում էին, խայտառակ վիճակում: Հիմա արդեն ընտանիք ունեն, հրաշալի մարդիկ են դարձել, միշտ այցելում են մանկատան երեխաներին»,-պատմում է նա:

Եթե Զոյան ու Զարուհին 11 ամիս է` ինչ մանկատանն են, ապա 15-ամյա Արփինե Գրիգորյանի կյանքի մեծ մասն այստեղ է անցել: Նա իր երկու քույրերի հետ այստեղ է ապրում գրեթե 11 տարի:

Արփինեի հայրը 11 տարի առաջ Ռուսաստան է մեկնել, դրանից հետո երեխաները հոր երեսը չեն տեսել: Հոր մասին հարցին պատասխանում է.

«Հայրի՞կը: Չկա: Գնաց Ռուսաստան աշխատելու ու չեկավ»:

Արփինեի մայրն առողջական խնդիրներ ունի: Անգործունակ է ճանաչվել, ապրում է տնակում թոշակով: Կենցաղային պայմանները բավարար չեն, որ երեխաներին երկար ժամանակով տուն տանի:

Սակայն Արփինեն շատ է ուրախանում, որ մայրը մեկ-մեկ Ստեփանավանից Վանաձոր իրենց այցի է գալիս:

«Վերջին անգամ քրոջս ծննդին է եկել, շատ ենք ուրախանում, որ գալիս է: Մենք մեր մայրիկին շատ ենք սիրում»,- ժպտում է նա:

Արփինեն ու քույրերը հույսով սպասում են, որ հենց մոր դրությունը մի քիչ լավանա, կգա ու իրենց կտանի:

«Մամաս դեռ հնարավորություն չունի, վատառողջ է, աշխատանք չունի, դեռ չի կարող»,- ասում են նրանք:

Արփինեն էլ մյուսների նման կյանքը հեշտ չի պատկերացնում, ամեն ինչ մեծի նման. «Ոչ մի բան միանգամից չի լինում, ոչ մի բան օդից չի լինում, պիտի աշխատես: Լավ բանը դժվար է տրվում, վատը՝ հեշտ»:

Արփինեի Նոր տարվա երազանքն իր ընտանիքի հետ միասին լինելն է.

«Բոլորս միասին լինենք, հետո էլ ես կամուսնանամ, մի տղա, մի աղջիկ կունենամ, հոգատար մայրիկ կլինեմ, չեմ թողնի չարություն անեն»,- իր երազանքների մասին է պատմում նա:

Տնօրենն ասում է, որ մանկատան ստեղծման տարվանից՝ 1997-ից մինչ օրս երեխաների թիվն ավելացել է:

«Ստեղծվել ենք 36 երեխայի բազայի վրա, հետագայում թիվը դարձավ 120, ներկայումս մանկատունը նախատեսված է 100 երեխայի համար»:

18 տարին լրացած ութ ուսանողներ առայժմ սպասում են, թե այստեղից դուրս գալուց հետո ո´ւր են գնալու:

Վերջին չորս ամիսների ընթացքում մանկատան երեխաների թիվը 14-ով ավելացել է՝ 92-ից դառնալով 106: Այս երեխաների հարազատների ընդամենը 10-15 տոկոսն է գալիս նրանց այցելության:

«Հենց մանկատնից դուրս գամ, կաշխատեմ, մեր տունը կվերանորոգեմ, ամեն ինչ կանեմ, որ քույրս երջանիկ լինի, մեկ էլ` մամայիս գերեզմանին քար կդնեմ»,- երազում է Զոյան:

Անուշ Բուլղադարյան

Վանաձոր

© Medialab.am