«Այս որոշումը կարող է ճակատագրական լինել, պետք է յոթ չափեն, մեկ կտրեն». Էդուարդ Զորիկյան

22-08-2019
686 դիտում
«Այս որոշումը կարող է ճակատագրական լինել, պետք է յոթ չափեն, մեկ կտրեն». Էդուարդ Զորիկյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է երգիչ-երգահան Էդուարդ Զորիկյանը

- Պարո՛ն Զորիկյան, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝ պետք է հնարավորություն տալ, որ Ամուլսարի հանքավայրը շահագործվի։ Մի կողմից հասարակության մի շերտ կարծես դեմ է շահագործմանը, բայց մյուս կողմից՝ նման որոշում է կայացվում։ Դուք ի՞նչ կարծիքի եք այս հարցի մասին։

- Վարչապետը խորհրդակցություն էր հրավիրել, նաև ասել է, որ ևս մեկ անգամ կքննարկեն այս հարցը։ Կարծում եմ՝ նա հաշվի է առել այս հարցի վերաբերյալ ժողովրդի կարծիքը, որովհետև ի վերջո առաջնահերթ պետք է այն մարդիկ որոշեն, ովքեր այդ տարածքին մոտ են ապրում, այդ օդն են շնչում ու այդ ջուրն են խմում։

- Նկատելի է, որ Ամուլսարի շահագործման դեմ ակցիաների ֆոնին ակտիվանում են որոշակի քաղաքական ուժեր, նաև անձինք, ովքեր գուցե փորձեն դիվիդենդներ քաղել նման իրավիճակում։ Ընդհանրապես, դուք նման իրավիճակ նկատո՞ւմ եք, կարո՞ղ են նման ակցիաները որոշ ուժերի կողմից իշխանությունների դեմ օգտագործվել։

- Եթե իշխանությունն ընտրի բնության պաշտպանությունը, ոչ թե հանքի շահագործման տարբերակը, ապա դա պետք է արվի ոչ թե այն բանի համար, որ ինչ-որ ուժեր դա կարող են օգտագործել իր դեմ, այլ պետք է հաշվի առնվի ժողովրդի ցանկությունը։ Ես հիշում եմ, որ մանկությանս տարիներին սարերում ու ձորերում շրջելիս միշտ հանդիպում էինք ինչ-որ խորշերի։

Եվ հիշում եմ՝ տեղացիներն ասում էին՝ հին ոսկու հանքեր են, անգլիացիներին կամ ֆրանսիացիներին էին պատկանում։ Այսինքն՝ ժամանակին անգլիացիները, ֆրանսիացիներն ինչ-որ կերպ շահագործել են Հայաստանի ընդերքը։ Իսկ Հայաստանը դրանից հարստացե՞լ է, նույն աղքատիկ վիճակում է եղել։

Իսկ կողքի ուժերի մասին պետք է մոռանալ, ոչ էլ ուշադրություն դարձնել դրանց վրա։ Հասկանալու համար, թե նրանց շանսերն ինչքան են, փորձենք համեմատել Ամուլսարի պաշտպաններին ու ՀՀ գլխավոր մեղադրյալի պաշտպաններին։ Թե՛ քանակական, թե՛ որակական և թե՛ իրենց գործողությունների առումով նրանք անհամեմատելի են ժողովրդի հետ։

Մի նժարին ժողովուրդն է, ով պաշտպանում է իր բնությունը, հեղափոխությունը և պաշտպանում է կոնկրետ վարչապետին, մյուս նժարին ինչ-որ թվով մարդիկ են, ովքեր պաշտպանում են նախկին ռեժիմի գլխավոր ներկայացուցչին։ Դուք կարո՞ղ եք այդ երկու նժարներին դրված ուժերը համեմատել։ Դա անհամեմատելի է։

Դրա համար ես չեմ հավատում, որ այս շարժմանը կարող են միանալ, նոր թափ հաղորդել, ոչ մի բան էլ չեն կարող անել։ Գնացքը վաղուց գնացել է, հետադարձ ճանապարհ չկա։ Այստեղ պետք է մտածել Հայաստանի քաղաքացու ու երկրի շահի մասին, որևէ գործողությունից մենք շահելո՞ւ ենք, թե՞ տուժելու։

- Հետևաբար, ի՞նչ լուծում պետք է տալ ընդերքի շահագործման հարցին ընդհանրապես։

- Կարծում եմ՝ ընդերքն օգտագործելու ավելի անվտանգ ձևեր կան, դրանք պետք է կիրառվեն։ Որտեղ վտանգ կա, պետք է հրաժարվել, որովհետև փորձանքը մեկ անգամ է լինում։ Մեր գլխին անընդհատ այդ փորձանքը գալիս է։ Մենք ակտիվ սեյսմիկ գոտում ենք գտնվում, էլ չեմ խոսում այն մասին, որ այդ հանքավայրի տարածքում առողջարանային քաղաք կա։

- Վարչապետն ու փոխվարչապետը հայտարարեցին, որ բնապահպանական նորմերին համապատասխան են աշխատելու հանքավայրերը։ Դա իրատեսակա՞ն է։

- Օրինակ՝ ես իմացա, որ շահագործումը կատարվելու է պայթյուններով։ Այդ պայթյուններն իրենց հետևանքներն են բերում։ Ժողովուրդը բնազդով զգում է, որ լավ հոտ չի գալիս այս գործից։ Ժողովուրդը մասնագետ չէ, բայց անցած փորձով ու բնազդով զգում է։ Մնացած բացատրությունները պետք է մասնագետները տան։ Եթե հետագայում մի բան եղավ, մասնագետներն ի՛նչ են անելու, պատասխա՞ն են տալու։

- Ինչ եք կարծում, պետության համար ընդհանրապես հե՞շտ է հրաժարվել նման ծրագրերից։ Օրինակ՝ խոշոր ներդրման գործոնը կարծես այս դեպքում մեծ դեր է խաղում։

- Իհարկե, ես կարծում եմ՝ ներդրումն է պատճառը, որ նման քայլի են ուզում գնալ, որովհետև այդ ներդրումով այլ խնդիրներ կլուծեն։ Բայց կարող է լինել անդառնալին։ Այդ ժամանակ ո՛չ այդ ներդրումը մեր աչքին կգան, ո՛չ արագ փոփոխությունները։ Այս որոշումը կարող է ճակատագրական լինել, պետք է յոթ չափեն, մեկ կտրեն։

Նույնիսկ եթե փորձեն շահագործել, ես չեմ կարծում, որ ժողովուրդը խախանդվելու է։ Այսինքն՝ պետք է հաշվի առնել, որ եթե շահագործման թույլտվություն տրվեց, ստիպված պետք է անցնեն նախկինների ժանդարմային ռեժիմին, որպեսզի ժողովրդին պահեն, այսպես ասած, չափի մեջ։

Մարդիկ շարունակելու են պայքարել տարբեր մեթոդներով, ճանապարհներ փակել և այլն։ Հեղափոխությունն արվեց ինչի՞ համար, որ հետո ստիպված կրկնես այն նույն քայլերը, որոնք նախկիններն են արել։ Այսօր երբ այդ տարածաշրջանի բնակիչներին խոսեցնում ենք, ասում են՝ նախկինում չենք խոսել, որովհետև վախի մթնոլորտ էր։

- «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում տարբեր մեկնաբանություններ կան, որ նման քայլերով Նիկոլ Փաշինյանի և ընդհանրապես այս իշխանության վարկանիշը կարող է նվազել։ Դուք ինչ եք նկատում, նմանօրինակ խնդիրները կարո՞ղ են լուրջ հետևանքներ ունենալ իշխանության համար։

- Ես չեմ կարծում, որ վարկանիշն ինչ-որ պատճառով կտրուկ կընկնի։ Այստեղ այլ վտանգ կա։ Երբ այդ քայլն արվի, ժողովուրդը կսկսի պայքարել, ստիպված ոստիկանության կողմից մեծ ճնշում կգործադրվի, որպեսզի մարդկանց հանդարտեցնեն, և դա կդառնա աշխատաձև։ Հաջորդ նման խնդրի ժամանակ կասեն՝ հա, ի՞նչ է եղել, եթե ոտքի կանգնեն, ոստիկանությունը կճնշի, կցրի, կվախենան խոսել։

Լավ, ասենք՝ հանքավայրը շահագործվեց, բյուջեն ինչ-որ գումար մտավ, ինչի՞ համար է այդ գումարը, որպեսզի ոստիկանների թիվն ավելացնեն ու նրանց համար ճնշման գործիքներ գնե՞ն։ Այսինքն՝ դա միանգամից չի լինելու, քայլ առ քայլ կլինի, նախկիններն այդ ճանապարհով գնացել են։ Քաղաքը մաքրելու համար տեխնիկական միջոցներ չեն ունեցել, բայց ոստիկանության համար արել են ամեն անհրաժեշտը, որպեսզի ճնշեն ժողովրդին։

Նոր իշխանություններն այս ուղի՞ն պետք է բռնեն։ Այսինքն՝ այդ բյուջեի ավելացումը ժողովուրդը չի զգալու։ Սա բարդ խնդիր է, և պարոն Փաշինյանը պետք է նստի ու լավ մտածի։ Նա պետք է սկսի այն հարցից, թե՝ ինչի՞ համար էի ես անում հեղափոխություն, ինչո՞ւ էր և ինչո՞ւ է ժողովուրդն իմ կողքին։

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am