Մարդու իրավունքների վայրագ խախտում. գերեվարված Մանվել Սարիբեկյանի մահը` մեղադրանքների թիրախ

10-10-2010
827 դիտում
Մարդու իրավունքների վայրագ խախտում. գերեվարված Մանվել Սարիբեկյանի մահը` մեղադրանքների թիրախ

Ադրբեջանական բանտում 20-ամյա գերեվարված Մանվել Սարիբեկյանի մահը Հայաստանի տարբեր շրջանակներում բուռն քննարկումների առիթ է հանդիսացել` մեղադրանքների թիրախ դարձնելով տարբեր կառույցների:

20-ամյա Սարիբեկյանը սեպտեմբերի 11-ին անասուններին որոնելիս մոլորվել է սահմանամերձ գոտում, որից հետո հայտնվել գերության մեջ` ադրբեջանական կողմից ստանալով «դիվերսանտ, ահաբեկիչ» որակավորումը :  Իսկ  Հոկտեմբերի 5-ին  Ադրբեջանի ՊՆ-ն եւ Ռազմական դատախազությունը հայտարարություն են տարածել, թե  «ռազմագերի Մանվել Սարիբեկյանը ինքնասպան է եղել »:

ՀՀ ՊՆ-ն եւ ԱԳՆ-ն հավաստի չհամարելով ինքնասպանության վարկածը, մեղադրել են Ադրբեջանին`նշելով, թե Սարիբեկյանի մահվան համար այդ երկիրն է կրում ողջ պատասխանատվությունը:

«Որևէ հիմք չունենալով հավատալու հայ երիտասարդի մահվան վարկածի իսկությանը՝ ՀՀ ՊՆ-ն իր մտահոգությունն է հայտնում այդ առնչությամբ, գտնելով, որ Մ. Սարիբեկյանի ողբերգական մահվան պատասխանատվությունը ամբողջությամբ ընկնում է նրան գերեվարող երկրի՝ Ադրբեջանի վրա»,-նշված է ՀՀ ՊՆ տարածած հաղորդագրության մեջ:

Սակայն հասարակական գործիչներն ու իրավապաշտպանները տեղի ունեցածում տեսնում են նաեւ Հայաստանի իշխանությունների մեղավորությունը, փաստարկելով թե ժամանակին միջոցներ չեն ձեռնարկվել:

Հայաստանի Հելսինկյան ասոցիացիայի նախագահ, իրավապաշտպան  Միքայել Դանիելյանը  «Մեդիալաբին» ասում է, որ Հայաստանի իշխանությունները պետք է որեւէ բան ձեռնարկեին  միջազգային «Կարմիր Խաչի» միջոցով  հայ գերուն վերադարձնելու համար:  Ինքը` Դանիելյանը, հավաստում է, թե կատարվածի առնչությամբ նամակ է հղել ադրբեջանցի իրավապաշտպան իր գործընկերոջը, սակայն առայսօր դեռեւս պատասխան չի ստացել:

«Բայց իրավիճակն այնպիսի է, որ մերոնք ասում են մի բան, ադրբեջանցիները մեկ ուրիշ բան եւ մարդ չի կարողանում հասկանալ, թե ինչն ինչոց է: Իհարկե, մերոնք պետք է ասեն, որ ադրբեջանցիները սպանել են նրան, ադրբեջանցիներն էլ իհարկե, պիտի պնդեն` որ նա ինքնասպան է եղել»,- ասում է իրավապաշտպանը:

Միքայել Դանիելյանի հավաստմամբ, գոյություն ունեն միջազգային օրենքներ, կոնվենցիաներ, որոնոնք ամրագրում են  գերիները անձեռնմխելիությունը, սակայն «Ադրբեջանը եւ Հայաստանը չեն  համապատասխանում միջազգային ստանդարտներին»:

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցն եւս պնդում է, որ պետք է պարզել արդյո՞ք Հայաստանի իշխանությունները ձեռնարկել են համապատասխան միջոցներ,  որպեսզի հայ գերու կյանքի ու առողջության վերաբերյալ հարցերը լինեին ուշադրության կենտրոնում եւ արդյո՞ք նրան վերադարձնելու ուղղությամբ քայլեր իսկապես արվել են։

«ՀՀ իշխանությունները պետք է Կարմիր խաչի միջազգային կոմիտեից պահանջեն պարզել, թե ինչ հանգամանքներում է հայ երիտասարդը ինքնասպանություն գործել»,-ասում է Արթուր Սաքունցը:

Մանվել Սարիբեկյանի գերեվարման եւ մահվան հարցն արդեն հասել է ԵԽԽՎ: Օմբուդսմեն Արմեն Հարությունյանը դեպքի կապակցությամբ նամակներ է հղել ԵԽԽՎ մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համարբերգին եւ Կարմիր Խաչի միջազգային կոմիտե` շեշետելով  միջազգային մարդասիրական իրավունքի աղաղակող խախտումների մասին:

«Մանվել Սարիբեկյանը քաղաքացիական անձ էր, որին ներկայացրել են որպես գերյալ «դիվերսանտ», քանի որ միջազգային մարդասիրական իրավունքի տեսանկյունից քաղաքացիական անձը չի կարող գերի լինել: Խախտում է նաեւ նրա հետ հարցազրույցի հրապարակումը»,- լրագրողներին ասել է Հարությունյանը:

Օմբուդսմենը նշել է նաեւ, որ Կարմիր Խաչի ներկայացուցիչներին չի հաջողվել 25 օր շարունակ հանդիպել Հայաստանի քաղաքացուն. «Այդ ամենից հետո Սարիբեկյանի ինքնասպանության մասին տեղեկությունը կասկած է հարուցում»:

Մանվել Սարիբեկյանի  հարցով միջազգային կառույցներին`  ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունին, ԵԽ նախագահ Եժի Բուզեկին, ԵԽԽՎ նախագահ Մեվլութ Չավուշօղլուին, ԵԱՀԿ ԽՎ նախագահ Պետրոս Էֆթիմիույին նամակներ են հղել նաեւ ՀՀ ԱԺ խմբակցությունների ղեկավարները` կոչ անելով Կոնվենցիային համապատասխան պատասխանատվության ենթարկել մահվանը մեղսակից բոլոր պաշտոնատար անձանց: «Միեւնույն ժամանակ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Միջազգային Կարմիր Խաչի Կոմիտեն հանդիսանում է Ժնեւյան կոնվենցիայի եւ կից արձանագրությունների դրույթների պահպանության երաշխավորը, ԱԺ պատգամավորական խմբակցությունները դատապարտում են Կարմիր Խաչի Միջազգային կոմիտեի Երեւանի եւ Բաքվի գրասենյակների անգործությունն ու պասիվությունը»,-նշված է հաղորդագրության մեջ:

Խորհրդարանականները նաեւ պահանջել են Մանվել Սարիբեկյանի մահվան գործի քննությանը ներգրավել ՀՀ Իրավապահ մարմինների ներկայացուցիչներին եւ պատասխանատվության ենթարկել մեղավորներին: Մինչ այդ ԵԽԽՎ-ում Մանվել Սարիբեկյանի վերաբերյալ շրջանառության մեջ է դրվել գրավոր հռչակագիր: Հռչակագրի տակ ստորագրել են ԵԽԽՎ 26 պատգամավորներ, նրանց թվում եւ` հայկական պատվիրակության անդամները:

«ԵԽԽՎ-ն ցնցված է Մանվել Սարիբեկյանի մահվան կապակցությամբ եւ այս ողբերգության համար խստագույնս դատապարտում է Ադրբեջանի իշխանություններին»,-նշված է հռչակագրում` շեշտելով, որ տեղի ունեցածը խոշտանգումների եւ անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի, պատժի կանխարգելման մասին ՄԱԿ-ի եւ Ժնեւյան կոնվենցիաների, որոնց անդամ է Ադրբեջանը, վայրագ խախտում է:

Քրիստինե Խանումյան

© Medialab.am